Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով:
Ոստիկանությունը երկրում իրավակարգի պահպանության եւ պաշտպանության կարեւորագույն ինստիտուտ է, եւ ոստիկանության համակարգի, ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքի որակից է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական ինքնազգացողությունը:
Ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր շփվում է տասնյակ, հարյուրավոր մարդկանց հետ եւ իմ պատկերացումը եւ առաջադրանքը, որ դնում եմ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության առաջ հետեւյալն է. յուրաքանչյուր քաղաքացի ոստիկան տեսնելիս պետք է համակվի պաշտպանվածության զգացողությամբ, ոստիկանն իր գոյությամբ եւ ներկայությամբ պետք է բարձրացնի քաղաքացիների վստահության մակարդակը եւ վստահություն ներշնչի քաղաքացիներին:
Այսպիսի հարաբերությունն է, որ էականորեն կմեծացնի հասարակական կարգի պաշտպանության՝ մեր երկրում առկա մակարդակը, կմեծացնի հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխմանը եւ նախականխմանը ուղղված մեր ջանքերի արդյունավետությունը:
Հանրությունը, քաղաքացին պետք է անվերապահորեն վստահի ոստիկանին, իսկ այսպիսի իրավիճակի հասնել հնարավոր է ոստիկանության համակարգված բարեփոխումների միջոցով, երբ յուրաքանչյուր ոստիկան սեփական գիտելիքի, հմտության, իմացության աստիճանը բարձրացնելու ամենօրյա խնդիր է դրել իր առաջ, երբ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ոստիկանությանը եւ նրա յուրաքանչյուր աշխատակցի անհրաժեշտ տեխնիկական եւ իրային միջոցներով, պատշաճ աշխատավարձով եւ սոցիալական երաշխիքների գործուն համակարգով ապահովելու համար:
Շատ կարեւոր են նաեւ օրենսդրական կարգավորումները, որտեղ ոստիկանության լիազորություններն ու պարտականությունները հստակ ձեւակերպված են, որտեղ հստակ սահմանված են այն կարմիր գծերը, որից այնկողմ ոստիկանությունը չի կարող անցնել եւ իրավակարգի պաշտպանությունը, հանցավորության դեմ պայքարը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ մարդու եւ քաղաքացու իրավունքների:
Ոստիկանությունը պետք է զերծ լինի կոռուպցիայից եւ առաջին հերթին ոստիկանությունը պիտի պայքարի իր ներսից կոռուպցիան արմատախիլ անելու համար:
Սա է այն օրակարգը, որ մենք միասին պիտի իրականացնենք առաջիկա տարիների ընթացքում: Ոստիկանությունը կանգնած է համապարփակ բարեփոխումների շեմին, որոնց արդյունքում մենք ունենալու ենք էլ ավելի արդյունավետ գործող եւ արդի պահանջներին համապատասխանող ոստիկանություն:
Սիրելի՛ ոստիկաններ,
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաեւ դրվատանքի խոսքեր ասել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ձեր կատարած աշխատանքի համար: Այստեղ եւս դուք պայքարի առաջնագծում եք:
Վերստին ցանկանում եմ ի սրտե շնորհավորել բոլորիդ եւ ձեր ընտանիքների անդամներին, որոնք անմիջապես իրենց կյանքում են զգում ոստիկանի աշխատանքի բոլոր բարդությունները:
Արժանապատիվ եւ անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ: