կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-25 13:49
Հասարակություն

Ներդրումներ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ չունենք Հարկային նոր օրենսգիրք. նախարար

Ներդրումներ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ չունենք Հարկային նոր օրենսգիրք. նախարար

Ներդրումներ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ սահմանված չեն խաղի նոր կանոններ, այսինքն`ներկայացված չէ Հարկային նոր օրենսգիրք:  Այս մասին ասաց տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում:  

Ի պատասխան այս պնդմանը` պատգամավորներից Արտյոմ Ծառուկյանը հարց տվեց, թե ինչու արդեն 8 ամիս է`չի ներկայացվում Հարկային նոր օրենսգիրքը։

Նախարարը պատասխանեց, որ Հարկային օրենսգրքում լինելու են այնպիսի շրջադարձային փոփոխություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու ներդրումային միջավայրի վրա, և որ փոփոխություննեն առաջացրել են հանրային լուրջ քննարկումներ: «Դրանց անդրադառնալիս էլ կառավարությունը փորձում է կարգավորումներ սահմանել յուրաքանչյուր փոքր խմբի տնտեսվարողների համար։ Կառավարությունը փորձում է  բոլոր տեսակետները լսել և, ի վերջո, բերել փաստաթուղթ, որի շուրջ քննարկումները բավականաչափ ծավալված են, և տեսակետները հասկացված են: ԱԺ-ում ևս տեսակետների ճշգրտումներ են լինելու, ուղղակի աշխատում ենք գալ փաթեթով, որը հնարավորինս հղկված կլինի: Իսկ եթե կան տեսակետներ, որոնք խնդիրներ են, կգանք պարզաբանումներով և ընդհանուր որոշում կկայացնենք: Սա է պատճառը, որ Հարկային նոր օրենսգիրքն ուշանում է»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ ինքը չի համարում, թե դա ձգձգում է։ «Դա ընդամենը նշանակում է, որ մենք ժամանակն օգտագործում ենք, որպեսզի բոլոր տեսակետները ևս մեկ անգամ լսենք»,- շեշտեց նախարարը: