|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այլակարծությունը եւ իշխանության քննադատությունը դատապարտվում է, ոտնահարվում է խոսքի, մտքի եւ ազատ կամքի իրավունքը։ Նման դրսեւորումներով հասարակությունը չի նպաստում ազատ հասարակության ձեւավորմանը եւ դեմ է գնում լրագրողական աշխատանքին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Լայնածավալ արշավ՝ հեռուստաընկերության դեմ
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, հետեւելով համացանցում 5-րդ ալիքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, անհանգստություն է հայտնում։ Որոշ օգտատերեր պահանջում են, որ հեռուստաընկերությունը դադարեցնի գործունեությունը: Ըստ մշտադիտարկման արդյունքների` հասարաքաղաքական ներկայացուցիչները պնդում են, որ հեռուստաընկերության դեմ արշավը վերահսկվում է իշխանությունների կողմից։
«Մեդիա պաշտպան» նախաձեռությունն անընդունելի է համարում ատելության խոսքի նման դրսեւորումը։ Փաստացի, այլակարծությունը եւ իշխանության քննադատությունը դատապարտվում է, ոտնահարվում է խոսքի, մտքի եւ ազատ կամքի իրավունքը։ Նման դրսեւորումներով հասարակությունը չի նպաստում ազատ հասարակության ձեւավորմանը եւ դեմ է գնում լրագրողական աշխատանքին։
Լրատվականներն ազատ են իրենց կամարտահայտման հարցում, եւ լրագրողի աշխատանքը կարող է իր մեջ քննադատություններ պարունակել իշխանության հասցեին, բայց դա հիմք չէ, որպեսզի լայնածավալ արշավ սկսվի հեռուստաընկերության դեմ։
Ի դեպ, այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել ատելութայն խոսքի առնչությամբ: Նա անդրադարձել է նաեւ լրագրողներին թիրախավորելուն` նշելով. «Հաճախ լրագրողներին նույնացնում են այն անձի հետ, որից նա կարող է հարցազրույց վերցնել, եւ թիրախավորել լրագրողին։ Լրագրողի աշխատանքի հետ կապված կան որոշակի կարծրատիպեր, թե լրագրողը խոչնդոտում է որեւէ մարմնի աշխատանքը: Դա կարծրատիպ է ընդամենը, պետք է լրագրողի հետ ճիշտ աշխատելու սկզբունք որդեգրել, ելնել այն կանխավարկածից, որ լրագրողն օգնում է աշխատանքին»։
Փաստացի, մարդու իրավունքների պաշտպանն էլ է իր մտահոգությունը հայտնում ստեղծված իրավիճակով եւ խոսքի ազատության դեմ իրականացվող արշավով»: