կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-14 16:36
Մշակույթ

Բաս քանոն նոր երաժշտական գործիքի շնորհանդեսը` փետրվարի 17-ին

Բաս քանոն նոր երաժշտական գործիքի շնորհանդեսը` փետրվարի 17-ին

Փետրվարի 17-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա հայկական ազգային երաժշտական գործիք բաս քանոնի շնորհանդեսը: Գործիքի շնորհանդեսին կմասնակցեն մանկավարժական համալսարանի քանոնահարների խումբը, Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլը և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը: Կներկայացվի նաև բաս քանոնի մասին պատմող 7 րոպեանոց ֆիլմ:

 

Քանի որ աշխարհում առաջին անգամ է ներկայացվում բաս քանոնը, ուստի կպարգևատրվի գործիքը պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանը: Գաղափարի հեղինակն է կոմպոզիտոր Արա Գևորգյանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Արա Գևորգյանը նշեց, որ գործիքը ստեղծելու մտահղացումը ծնվել է այն ժամանակ, երբ 50 քանոնով ձայնագրել է մի ստեղծագործություն, բայց զգացել, որ ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան պակասում է, քանոնը բաս չունի:

 

«Երբ բասի պարտիան համակարգչի օգնությամբ մեկ օկտավա իջեցրեցի ներքև, ամեն ինչ իր տեղն ընկավ, եւ ես մտածեցի` ինչո՞ւ չստեղծենք կոնտրաբասի լարերով բաս քանոն: Դրանից հետո դիմեցի երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանին: Արդյունքում ստեղծվեց քանոնից էականորեն տարբերվող գործիք: Գործիքի հեղինակային իրավունքներն արդեն գրանցել ենք»,- ասաց Գևորգյանը:

 

Նրա տեղեկացմամբ` գործիքի ինքնարժեքը 2000 ԱՄՆ դոլար է:

 

Ի դեպ, Գևորգյանը մշակույթի նախարարի հետ քննարկել է բաս քանոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընգրկելու հարցը: