Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի նախագահական վերջին ընտրություններից անցավ ուղիղ մեկ տարի: Չնայած բովանդակային հագեցվածությանը` տարին անցավ, մեծ հաշվով, աննկատ: Հասարակության համար ոչինչ չփոխվեց: Ո'չ լավ ապագայի նկատմամբ հույսն ավելացավ, ո'չ նրա կենցաղն ու առօրյան փոխվեց, ո'չ էլ փոխվեց վերաբերմունքը պետության և իշխանության նկատմամբ: Բայց ամենակարևորը` ապահովության այն զգացողությունը, որը փորձում էր ընտրությունների ժամանակ հանրությանը փոխանցել վերընտրվելու ձգտող նախագահը և դարձրել էր իր կարգախոսը, այդպես էլ նոր հոգեվիճակի չբերեց:
Անցած տարին վկայեց, որ նախագահը հակված չէ թարմացնել կառավարման համակարգը: Կադրային ռոտացիոն կարուսելից զատ, որևէ շրջադարձային փոփոխություն տեղի չունեցավ: Նախագահը չի փոխում թիմը` նույնիսկ պաշտոնավարման վերջին շրջան մտնելու պարագայում: Սա, առհասարակ, ոչինչ չփոխելու պարզ ուղերձ էր հանրությանը, որը նշանակում էր վստահ քայլերով մխրճվել ճահճային կայունության հորձանուտ: Ներիշխանական և քաղաքական ստատուս քվոն պահպանելը` խաղի կանոնները և խաղացողների նույն հարաբերակցությունը պահպանելու միջոցով, անցած այս տարվա ամենատիպական բնորոշիչն է: Ճահճային այս կայունության առաջին արգասիքը կառավարության անթաքույց օտարումն է հասարակությունից և նրա իրական պահանջմունքներից: Կառավարությունը, առավել քան երբևէ, թե' քաղաքական ուժերի և թե' հասարակության համար դարձել է անվերահսկելի, անում է այն, ինչ ուզում է, ասում է այնքան, որքան ուզում է և այդ ամենն անում է այնպիսի հանգստությամբ, կարծես հենց դա է պահանջում ժողովրդավարական այն արժեհամակարգը, որին ինտեգրումն անցած տարում հռչակվել էր իբրև առաջնահերթություն: Նույն այդ հանգստությամբ կառավարությունը փորձում է հիմա համոզել, որ միանգամայն բնական է անհասկանալի պատճառով գազի սպառման դիմաց 300 մլն դոլար պարտքի կուտակումը և այդ պարտքի մարման դիմաց փաստացի ինքնիշխանության մի մասը 30 տարով «Գազպրոմ» ընկերությանը հանձնելը:
Նույն կերպ բնական է համարվում պետության վրա մնացած ամենակարևոր գործառույթներից մեկը` սոցիալական ապահովությունը, քաղաքացու, հասարակության պատասխանատվությանը թողնելը, որն արվեց` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը աշխատող երիտասարդության վզին փաթաթելով: Իշխանությունը հասարակության ապահովության` նախագահի կարգախոսը կենսագործում է` իր քաղաքացուն ասելով, որ չի կարող նրան հետագայում թոշակ տալ, որ այդ բեռը չի ուզում վերցնել իր վրա, և որ յուրաքանչյուրը պետք է իր գլուխը քորի իր իսկ եզունգով` կուտակային համակարգին խղճուկ աշխատավարձից պարտադիր վճարումներ կատարելով: Դրան զուգահեռ, եթե նախորդ տարիներին գործադիրը գոնե քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտում հատվածական բարեփոխումների փորձեր էր ձեռնարկում, ապա նախագահական ընտրություններից հետո դադարել է նույնիսկ այս գործընթացը:
Դեռ նախորդ տարի սկսված գնաճը շարունակվեց ողջ տարվա ընթացքում և դանդաղելու միտումներ չի դրսևորում: Որքան նախագահը պնդում է, որ աշխատավարձերը շարունակում են աճել գնաճից առաջանցիկ տեմպերով, այնքան բնակչությունն առաջանցիկ տեմպերով ավելի ու ավելի վատ է ապրում: Բայց այդ ազդակները ո'չ կառավարությանն են հասնում, որը շարունակում է ապրել` գունավոր գրաֆիկներով ցուցանիշներ գրանցելով, ո'չ էլ նախագահին, որը հավատում է ոչ թե իր աչքով տեսածին, այլ կառավարության գունավոր գրաֆիկներին:
Դրան զուգահեռ, պատերազմի վտանգը նվազելու փոխարեն դառնում է ավելի իրատեսական: ԼՂ հարցում որևէ շոշափելի տեղաշարժ տեղի չի ունենում: Փակուղին, որում բանակցային գործընթացը հայտնվել է, ավելի է խորանում` չնայած միջնորդների արտաքուստ ակտիվացմանը: Հայաստանը իրավիճակի վրա ազդել չի կարողանում, սակայն չի էլ նախապատրաստվում հնարավոր հետևանքներին: Հարմարվողական արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանը հավասարեցվել է Ադրբեջանին` շփման գծում սադրանքներ հրահրողի համապատասխանատուն դառնալով: Սա ակնհայտ քարոզչական և դիվանագիտական ձախողում է:
Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում հայտարարեց, թե նախորդ տարվա տնտեսական անկումը Հայաստանում առկա անորոշությունների հետևանքն է, և որ այդ շրջափուլը արդեն ավարտվել է, որովհետև համապատասխան քաղաքական որոշումներն արդեն կայացվել են: Նա ակնհայտորեն նկատի ուներ ԵՄ ասոցացումից հրաժարումն ու Մաքսային միության միանալու` սեպտեմբերի 3-ին կայացված որոշումը, որն ամենաբեկումնային իրադարձությունն էր նախագահականհ ընտրություններից հետո: Բայց իրականում դրանից անորոշությունները ոչ թե վերացել են, այլ ավելի են խորացել: Երբ ՄՄ մտնելու ճանապարհային քարտեզի մշակման շուրջ ընթացող բանակցությունների ամենաթեժ պահին էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե Հայաստանը դեռ չի հստակեցրել ՄՄ մտնելու բոլոր ռիսկերը, երբ որևէ մեկը չի կարողանում վերջնականապես հստակեցնել ու հիմնավորել` ի՞նչ է քաղաքական և տնտեսական առումով շահելու ՄՄ մտնելուց Հայաստանը, և ինչպե՞ս է դա անդրադառնալու ԼՂՀ-ի վրա, արդյո՞ք դրանից հետո Ռուսաստանի չի շարունակելու զինել Ադրբեջանին, արդյո՞ք դրանից հետո չի սկսվելու Հայաստանի տոտալ ռուսականացման գործընթաց, հնարավոր չէ խոսել ո'չ որոշակիության և ո'չ էլ, առավել ևս, ապահովության մասին:
Հենց այսպես էլ տեղապտույտի մեջ, ներքին սոցիալական ու հասարակական ցնցումների ենթարկվելով, կառուցվում է Հայաստանի ապահով ապագան:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ