կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-20 18:50
Իրավական

Փարաքարի բնակիչը երաժշտական դպրոցից դհոլ, քանոն, լարային գործիքներ էր գողացել

Փարաքարի բնակիչը երաժշտական դպրոցից դհոլ, քանոն, լարային գործիքներ էր գողացել

Մարտի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնում էր, որ իր ղեկավարած արվեստի դպրոցից երաժշտական գործիքներ են գողացել։ 

Պարզվեց, որ գողացել էին չորս դհոլ, երկու քանոն, երկու խոսափող, մեկական բարձրախոս, սանթուր ու լարային գործիք։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է մեկ միլիոն դրամից ավելի վնաս։ Օպերատիվ աշխատանքի արդյունքում քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց Փարաքարում ապրող մի երիտասարդ, որը մարտի 16-ին պետք է երաժշտական գործիք վաճառեր։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն այդ երիտասարդին հայտնաբերեցին Էրեբունու փողոցում ու, երաժշտական գործիքով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։

Տեղեկությունները հավաստի էին․ երաժշտական գործիքը գողացվել էր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցից։ Կասկածյալն էլ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ապրող 25-ամյա Ռազմիկ Խաչատրյանն էր։ Նա ոստիկաններին պատմել է, որ աշխատանքից տուն վերադառնալիս նկատել է, որ արվեստի դպրոցի պատուհանը բաց է, նայել է ներս ու որոշել գողություն անել։

Գողոնը տաքսիով հասցրել է Փարաքար՝ իրենց տուն։ Տան խուզարկությամբ՝ հայտնաբերվեցին արվեստի դպրոցից գողացված մյուս երաժշտական գործիքները։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կենտրոնի ոստիկանները հանցագործությունը բացահայտելուց հետո Ռազմիկ Խաչատրյանին ներկայացրին գործի քննությունն իրականացնող Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ Խաչատրյանը ստորագրությամբ բաց թողնվեց։ 

Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։

Ոստիկանության մամուլի ծառայություն