կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-07 17:06
Առանց Կատեգորիա

Հովիկ Աբրահամյանն ինչո՞ւ փոշմանեց

Հովիկ Աբրահամյանն ինչո՞ւ փոշմանեց

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն այն մասին, որ առաջիկայում հնարավորություն է ստեղծվելու գազամատակարարման ոլորտում կուտակված 300 մլն դոլարի պարտքի եւ գազի գնագոյացման հարցերն ուսումնասիրել Ազգային ժողովում, շատերին է անակնկալի բերել: Նոր սկսված գարնանային նստաշրջանի սկզբում ԱԺ մեծամասնությունը, առանց բացատրություն տալու, տապալեց այդ հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը: Հովիկ Աբրահամյանն այդ ժամանակ ասաց, թե այդ հարցը նախ իր հետ պետք է համաձայնեցվեր, և որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնողները ճիշտ չեն ընտրել ձևաչափը: Թե ինչո՞ւ ընդամենը ժամերի ընթացքում հանկարծ վերանայեց իր դիրքրոշումը, նա այդպես էլ չմեկնաբանեց:

 

Սակայն պատճառն ավելի քան պարզ է: Նախ` ԱԺ նախագահը կոնկրետ չի հայտարարել գազամատակարարման և այդ ոլորտում առաջացած անհասկանալի պարտքի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Նա ընդամենը նշել է, որ դրա համար ինչ-որ ձևաչափ կստեղծվի: Իսկ ձևաչափերը լինում են տարբեր, օրինակ` հարցապնդում կառավարությանը կամ ԱԺ լսումներ անցկացնելը: Այդպիսի ձևաչափ է, իհարկե, նաև ժամանակավոր հանձնաժողովը, և չի բացառվում, որ Աբրահամյանի` միայն իրեն հայտնի հայերեն շարադասությամբ արված հայտարարությունը վերաբերում է հենց դրա ձևավորմանը: Հատկանշական է, սակայն, որ ո'չ նման նախաձեռնության ժամկետների և ո'չ էլ բուն նպատակի մասին նա ոչ մի կոնկրետ բան չասաց, ինչը նշանակում է, որ, չնայած, ընդհանուր առմամբ, դեմ չէ հանձնաժողով ստեղծելուն, սակայն դա ձևավորվելու է այն ժամանակ և այն օրակարգով ու խնդիրներով, որոնք ՀՀԿ-ն հարմար կգտնի:

 

Եթե ԱԺ նախագահն իսկապես ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը նկատի ունի, ապա ակնհայտ է` դրանով պարզապես խլում են նախաձեռնողականությունը ոչ իշխանական ուժերից, ինչն ունի երկու հիմնական դրդապատճառ: Նախ` չի կարելի դրա ներքո չնկատել Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան ներքին դիրքային պայքարը, որն, ի դեպ, սկսվել է շատ ավելի վաղ: Պատահական չէ, որ գլխավոր դատախազի ամենամյա հաղորդումը լսելու և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելուն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ քաղաքական մեծամասնությունն առաջ է հրում` ի հեճուկս հենց կառավարության հուժկու դիմադրության: Այս դեպքում էլ, հասնելով գազային հանձնաժողով ստեղծելուն, ԱԺ նախագահը կառավարությանն աքցանների մեջ առնելու հզոր լծակ է ստանում, որովհետև ռուսական կողմի հետ գազամատակարարման, կուտակված պարտքի մարման պայմանների, ինչպես նաև հայ-ռուսական գազային պայմանագրերի կետերի շուրջ բանակցությունները վարել է կառավարությունը: Փաստորեն, ԱԺ նախագահը ժամանակավոր հանձնաժողովի միջոցով իր ձեռքում է կենտրոնացնում կառավարության դեմքը փրկելու կամ խորտակելու թելերը: Սա չի նշանակում, թե նա իրավունք է ստանում դրանք քաշքշել սրտի ուզած չափով ու ուժգնությամբ: Այստեղ հիմնական չափ տվողը լինելու է նախագահ Սերժ Սարգսյանը: Եթե սա ԱԺ-ն ինստիտուցիոնալ առումով արժևորելու նպատակ հետապնդեր, Աբրահամյանի վերցրած կուրսը կարելի էր միայն ողջունել: Բայց դրա տակ զուտ անձնավորված քաղաքական ամբիցիաներ են:

 

Երկրորդ` ԱԺ մեծամասնությունն այսպիսով զուտ նախաձեռնողականությունը ընդդիմությունից խլելու տրիվիալ հարց չի լուծելու: Այս մանևրի հիմնական իմաստն այն է, որ ոչ թե ընդդիմությունը հանձնաժողովի հիմնական թիրախները նշի, այլ մեծամասնությունը «հետաքննությունն» իրեն հարմար հունով տանի: Այս պարագայում ոչ իշխանական ուժերը պարզապես լինելու են հետապնդողի, արձանագրողի, լավագույն դեպքում` հակադրվողի դերում` առանց որևէ էական արդյունք արձանագրելու: Սույն տեխնոլոգիան առաջին անգամը չի կիրառվում: Այն գործել է նաև 2008թ. մարտի 1-ի գործով հանձնաժողովի պարագայում, որը չկարողացավ կամ չցանկացավ լուծել սպանությունների իրական պատախանատուներին ի հայտ բերելու ամենաառանցքային խնդիրը: Նույն տրամաբանությամբ` մեծամասնության ձևումով ստեղծվելիք այս մի հանձնաժողովը, ըստ էության, ուղղված է լինելու գազային գործարքներն ու պայմանագրերն անուղղակիորեն լեգիտիմացնելուն` հարցը օրակարգից հանելու համար:

 

Հետևաբար` ոչ իշխանական ուժերը պետք է որոշեն` մասնակցելո՞ւ են այս ֆարսին, թե՞ ոչ: Դա կախված է նրանից, թե ո՞րն է այս ուժերի առավելագույն ակնկալիքը` գազային կծիկն ամբողջությամբ քանդե՞լը, թե՞ թաքցվող ինֆորմացիայի գոնե մի մասին տիրապետելն ու, այդ չափով հրապարակելով, քաղաքական դիվիդենդներ շահելը:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ