Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Բարձրագույն կրթության մասին» և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Օրենքները քննարկվում են երկրորդ ընթերցմամբ: Նախարարը նշեց, որ դեռ էլի քննարկումներ կլինեն խորհրդարանական ուժերի հետ: Նա ներկայացրեց պատգամավորների առաջարկները, որոնք հանձնաժողովը դրեց քվեարկության:
Առաջին առաջարկը, որ ներկայացվել է կառավարությանը, ԲՈՒՀ-երի հոգաբարձուների խորհրդի կազմի հաստատմանն է վերաբերում: Հիշեցնենք, որ նախագծով սահմանված է, որ խորհրդի կազմը հաստատում է վարչապետը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը առաջարկել է, որպեսզի այդ խորհրդի կազմը հաստատի լիազոր մարմինը, իսկ լիազոր մարմնի կազմը հաստատի նախարարը:
«Մենք երեք տարբերակ ենք առաջարկել` վարչապետը հաստատի, կառավարությունը հաստատի կամ նախարարը: Կառավարության հաստատելը նպատակահարմար չէ, քանի որ բոլոր գերատեսչությունները պետք է ծանոթանան խորհրդի կազմի հետ: Տիկին Կյուրեղյանի առաջարկը մեզ համար ընդունելի է»,- ասաց նախարարը:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը համաձայն չէր այս առաջարկին: «Եթե օրենքն ամենաբարձր օղակին է թողել այս հարցը, առաջարկում եմ` այդպես էլ մնա, և խորհրդի կազմի հաստատելը չիջնի մեկ օղակ ներքև: Բացի այդ` ԿԳՆ-ն այսպես, թե այնպես մասնակից է լինելու դրան»,- ասաց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ողջունեց Արմենուհի Կյուրեղյանի առաջարկը և ասաց, որ իրենց համար ընդունելի է: «Վարչապետի հաստատման դեպքում կա քաղաքական համատեքստ: Գիտենք, որ զանազան օրենքներով ապագա վարչապետի դերն ավելի բարձրացվում է ամեն ոլորտում, ինչը տեղին, թե անտեղի զանազան ենթադրությունների առիթ է տալիս: Սա հերթական դրսևորումն է, առիթ է ինձ համար` կասկածներ ունենալու: Եթե շատ սկզբունքային չէ այս հարցը գործադիրի համար և եթե տեխնիկական է, առաջարկում եմ պաշտպանել տիկին Կյուրեղյանի առաջարկը: Եթե քաղաքական մեծամասնությունը չի անսում գործադիրի, «Ելք»-ի, ՀՅԴ-ի, «Ծառուկյան» խմբակցության կարծիքին և պնդում է, թույլ տվեք կանխավարկած շանտաժ անենք»,- ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն էլ կատակեց. «Հասկանալի է, որ «Ելք»-ը չի սիրում վարչապետի ինստիտուտը: Թողեք` նախարարը հաստատի խորհրդի անդամներին»,- ասաց նա:
Ավագյանն էլ պնդեց, որ չի կելի, որ բոլոր տեղերում վարչապետը խորհուրդները հաստատի, իսկ ԲՈւՀ-ական համակարգում դա անի նախարարը: «Սա անհասկանալի է և կապրիզ է հիշեցնում»,- ասաց նա:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց, որ օրենքով նպատակահարմար չէ, որ վարչապետը չհաստատի:
Առաջարկը դրվեց քվեարկության և մերժվեց ձայների` 4 դեմ, 5 կողմ հարաբերակցությամբ: Կողմ էր միայն ՀՀԿ-ն:
Ի դեպ, նախապես միայն Կարեն Ավագյանն էր դեմ Կյուրեղյանի առաջարկին: Երբ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ սկզբում մյուսները կողմն էին, Կարինե Աճեմյանն ասաց, որ փոխնախարարը պարզաբանել է, որ դա հակասում է օրենքին: