Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի նախատեսած «արարողությունից» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէ: Այս մասին ԱԺ նախագահը հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ նշեց, որ պարզապես լսել է այդ մասին եւ դա համարում է անտրամաբանական քայլ:
Լրագրողների դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, Հովիկ Աբրահամյանը հակադարձեց՝ դա իրենց գործն է: Նա տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը Րաֆֆի Հովհաննիսյանին չեն հրավիրել, քանի որ «վերջինս գտնում է, որ ինքն է ընտրվել նախագահ»:
ԱԺ նախագահը հրաժարվեց ասել, թե վաղվա նիստին ԱԺ խմբակցություններից ովքեր կմասնակցեն, իսկ ովքեր՝ ոչ: Նշեց, որ կանխատեսումներ չի անում, բայց համարում է, որ պատգամավորները պետք է ներկա լինեն հատուկ նիստին: «Եթե չեն մասնակցի, ուրեմն իրենց պատճառները կունենան»,- ասաց Աբրահամյանը:
Նա անլուրջ որակեց Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակ հրավիրելը: «ՀՀ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը: Ես այլոց դատարկ խոսակցություններին չեմ ուզում պատասխանել: Իմ կարծիքով` դուք էլ: Արդեն ժամանակը սպառվել է այդ հարցերը տալու կամ լուրջ պատասխաններ ակնկալելը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Նա նաեւ նշեց, որ հանդիպելու առաջարկություն Րաֆֆի Հովհաննիսյանին եղել է, եւ հիմա նրանք պետք է որոշում կայացնեն: «Ես չեմ բացառում եւ գտնում եմ, որ երկխոսությունը միշտ պետք է լինի շարունակական, եւ որքան քաղաքական ուժերը երկխոսեն, այնքան կշահի պետությունը, ժողովուրդը: Ես կարծում եմ, որ երբեք չի ավարտվում, չի սպառվում երկխոսությունը: Միշտ կարելի է շարունակել, միշտ կարելի է վերականգնել, եւ ճիշտ կլինի, որ այդ երկխոսությունը շարունակվի: Ես գտնում եմ, որ համերաշխությունը բխում է մեր պետության, ժողովրդի շահերից»,- նշեց Աբրահամյանը: