Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանի երդմանն արարողությունից եւ կառավարության հրաժարականից հետո այսօր ՀՀԿ ԳՄ առաջին նիստն էր: Նիստի ավարտից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կադրային հարցեր չեն քննարկվել: Ներկայացնում ենք Հովիկ Աբրահամյանի եւ Yerkir.am-ի թղթակցի զրույցը:
- Պարո'ն Աբրահամյան, ՀՀԿ-ականների, մասնավորապես` Արմեն Աշոտյանի կողմից արդեն հայտարարվել է, որ իշխանության դեմքը փոխվելու է: Նոր կառավարության կազմում լուրջ փոփոխությունների սպասե՞նք, թե՞, այդուհանդերձ, էական փոփոխություններ չեն լինի:
-Ես չէի ցանկանա շտապել, բայց փոփոխություններ կլինեն, իսկ էականը շատ հարաբերական է: Հիմա` երկու նախարար, որ փոխվի` էակա՞ն է, թե՞ ոչ:
- Հավանաբար, ոչ:
- Ոչ, դե ուրեմն չշտապենք, սպասենք:
-Սա ինաուգուրացիայից հետո առաջին նիստն էր: Հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսին էր նախագահի տրամադրությունը, մասնավորապես` ինչպե՞ս է վերաբերվում նույն օրը տեղի ունեցած` Րաֆֆի Հովհաննիսյանի երդմանը եւ այն իրադարձություններին, որ տեղի ունեցան Բաղրամյան պողոտայում:
-Ճիշտն ասած` չեմ էլ հարցրել, որովհետեւ չեմ կարեւորում այդ հարցերը: Խոսակցություն չի եղել:
- Լավ, իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ օրվա իրադարձությունները, մասնավորապես` Արմեն Մարտիրոսյանի հետ կատարվածը:
- Ճիշտն ասած` չեմ նայել տեսագրությունը, բայց յուրաքանչյուր նման երեւույթ քննադատում եմ: Իրոք, դա հարիր չէ մեր ժողովրդին, եւ ես գտնում եմ, որ ամեն ինչ պետք է խաղաղ քննարկումների, բանակցությունների արդյունքում ավարտենք: Գիտեք, դուք էլ եք խոսելով նպաստում… Ի՞նչ է նշանակում` Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալություն, ինչո՞ւ եք նման բան ասում, նման բան գոյություն ունի՞ ընդհանրապես, ի՞նչ երդմնակալության մասին է խոսքը… Ես գտնում եմ, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, Սահմանադրության շրջանակներում, եւ լուրջ պետք է վերաբերվել յուրաքանաչյուր քաղաքական գործընթացի: Օրինակ` նման արարողություն, ձեր ձեւակերպմամբ երդմնակալություն, որ կազմակերպվեց, որքանո՞վ էր դա կոռեկտ, որքանո՞վ էր լավ եւ որքանո՞վ էր ճիշտ, պարկեշտ, ազնիվ, արդար…Հարի՞ր էր մեր ժողովրդին մեր պետությանը Րաֆֆի Հովհաննիսյանի «երդմնակալությունը», հարի՞ր էր ընդդիմությանը, մի քաղաքական թիմի, որը ստացել էր 500 հազարից ավելի ձայներ: Ավելի լուրջ կարելի էր օգտագործել այդ ռեսուրսը, ավելի մեծ հաջողություն կարելի էր ստանալ, բայց ճիշտ չօգտագործեց այդ ռեսուրսը:
- Գալուստ Սահակյանն ասում է` Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանություններին հիասթափեցրել է:
- Այո, ճիշտն ասած, ես էլ եմ հիասթափվել: Ես ակնկալում էի, որ ՀՀ նախագահի առաջարկը Րաֆֆի Հովհաննիսյանին` դառնալ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, կընդունվի եւ, ըստ այդմ, լուրջ ռեֆորմներ կիրականացվեին մեր երկրի, ժողովրդի համար: Դա ես շատ կարեւոր քայլ կգնահատեի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, բայց չարվեց:
-Պարո'ն Աբրահամյան, իսկ ինչի՞ շնորհիվ այդ օրը զերծ մնացինք լուրջ բախումներից, տեսակետ կա, որ դա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհքն էր:
-Այո, ոստիկանապետի, ոստիկանության շնորհիվ: Իրենք բոլորը չունեն ցանկություն, որ խաղաղ ժողովրդի հետ բախում լինի, դա ոչ մեկի շահերից չի բխում` ո'չ ոստիկանության, ո'չ` ոստիկանապետի, ո'չ ժողովրդի, ո'չ Րաֆֆի Հովհաննիսյանի: Արմեն Մարտիրոսյանի դեպքն էլ չպետք է լիներ, ես ցավում եմ:
- Իսկ Դուք գիտեի՞ք, որ ոստիկանապետն այդքան լավ աղոթել գիտի:
- Ես չեմ տեսել:
- Լավ, իսկ այս ամենի հանգուցալուծումն ինչպիսի՞ն կլինի:
- Ամեն ինչ հանգուցալուծվել է:
-Արդեն մի քանի օր է` մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Նախ` ինչպե՞ս եք այն գնահատում եւ հիմա՞ էլ եք կարծում, որ հաղթելու եք:
- Գործող քաղաքապետը նոր զեկուցեց Գործադիրին, որ քարոզարշավը շատ լավ է անցնում, ժողովրդի հետ հանդիպումները շատ անմիջական են: Բակային հանդիպումների ձեւաչափն ենք ընտրել, որ բնակիչները կարողանան շփվել իրենց ընտրյալի, թեկնածուի հետ: Եվ, կարծես, մայրաքաղաքի բնակչության դժգոհության մեծ մասը կապված է անձնական խնդիրների հետ, անձնական հարցեր են բարձրացնում, որը նորմալ է: Մենք փորձելու ենք այս կառավարության ձեւավորումից հետո այն լուրջ ռեֆորմները, որ պատկերացնում ենք, սկսել իրագործել շատ արագ եւ արդյունավետ:
- Այսօր արդեն մամուլում հրապարակում կար այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, նոր կառավարությունը կձեւավորվի Երեւանի ավագանու ընտրություններից հետո, կառավարության ձեւավորումն արհեստականորեն կձգձգվի մինչեւ ընտրություններ:
- Դա արհեստական չի, Սահմանադրությունն ասում է, որ 10 օրվա ընթացքում պետք է նշանակվի վարչապետ, 20 օրվա ընթացքում, վարչապետի ներկայացմամբ, կառավարության անդամները: Դա կարող է լինել մինչեւ մայիսի 8-9-ը: Սահմանադրության շրջանակներում է, իսկ թե ե՞րբ նախագահը որոշում կկայացնի, առաջիկայում կտեսնենք:
- Այսինք`ն մամուլի առաջ քաշած այդ տարբերակը չե՞ք բացառում:
- Ոչ, չեմ բացառում:
- Եվ վերջին հարցս` Ձեր կարծիքով` վարչապետը կփոխվի՞, թե՞ ոչ:
- Ես գիտեմ, բայց ես հիմա արտահայտվելու իրավունք չունեմ:
Զրուցեց Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԸ