կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-30 17:34
Տնտեսական

ԱՎԾ նախագահը չգիտի, թե վարչապետը որտեղից է վերցրել տնտեսական անկման մասին թվերը

ԱՎԾ նախագահը չգիտի, թե վարչապետը որտեղից է վերցրել տնտեսական անկման մասին թվերը

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանն այսօր կառավարությունում չկարողացավ բացատրել, թե ինչու չեն համապատասխանում վարչապետի եւ իր ղեկավարած ծառայության հրապարակած թվերը, եւ նշեց, թե երբ ինչ-որ թվեր չեն համապատասխանում ԱՎԾ հրապարակած տվյալներին, պետք է հարցնել դրանք հրապարակողին:

 

Թեեւ սկզբում Ստեփան Մնացականյանը նշեց, որ վարչապետի մամուլի քարտուղարը ճշգրտում արեց եւ ասաց, որ խոսքը 2009 թվականի առաջին կիսամյակի տվյալների մասին է, սակայն լրագրողների դիտարկմանը, թե նույնիսկ այդ դեպքում վարչապետի հրապարակած թվերը չեն համապատասխանում ԱՎԾ հրապարակած ցուցանիշներին, քանի որ ԱՎԾ-ն հրապարակել է 16.3 տոկոս անկում, իսկ վարչապետը նշում էր 18.5 տոկոսի մասին, ԱՎԾ պետը նշեց, թե ինքը տիրապետում է տարեկան ցուցանիշին, որը եղել է 14.1 տոկոս:

 

Լրագրողների հարցին' համարո՞ւմ եք, որ ձեր թվերն, ամեն դեպքում, ճիշտ են, Ստեփան Մնացականյանը պատասխանեց. «Բնականաբար, որովհետեւ վիճակագրական ծառայությունները իրավունք չունեն ազգային մեթոդաբանությամբ աշխատելու: ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջներն են, եւ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները պարտավոր են ՄԱԿ-ի կողմից սահմանված եւ նրա կողմից պատվիրակված,  միջազգային կազմակերպությունների կողմից մշակված միջազգային մեթոդաբանությամբ աշխատել»:

 

Այնուամենայնիվ, Ստեփան Մնացականյանը ասաց, որ ինքը` անձամբ, տեղյակ չէ, թե որտեղից է վարչապետը վերցրել տնտեսական անկման 18.5 տոկոս ցուցանիշի վերաբերյալ` իր հրապարակած թվերը: