կարևոր
1717 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-24 11:25
Քաղաքական

Կառավարությունը մատնանշում է աննախադեպ տնտեսական ցուցանիշներ, բայց այդ թվերը Հայաստանինը չեն

Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին՝ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական մի շարք պատժամիջոցներ կիրառվեցին, որոնք դրական ազդեցություն ունեցան Հայաստանի վրա։ Այս մասին Alpha Newsroom-ի տաղավարում ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ զուգահեռներ անցկացնելով 2014թ․ Ղրիմի դեպքերի հետ։

«Հետաքրքիր է, երբ 2014թ․ սկսեց Ղրիմի գործընթացը, այդ ժամանակ նույնպես Ռուսաստանի նկատմամբ կիրառվեցին տնտեսական պատժամիջոցներ։ Ռուսաստանի տնտեսությունը գրանցեց անկում, զուգահեռ անկում ապրեց նաև Հայաստանի տնտեսությունը՝ արտահանումը կրճատվեց, տնտեսական աճը դանդաղեց, ներդրումները նվազեցին։ Մի քանի ամիս առաջ այլ գործընթաց տեղի ունեցավ։ 2022-ի ապրիլից արդեն Հայաստան տեղափոխվեցին մեծ թվով ռուսաստանցիներ և նրանք իրենց հետ բերեցին իրենց գումարները։ Նրանք այստեղ իրենց աշխատատեղերը հիմնեցին։ Անցած տարի մոտ 7000 ռուսական ընկերություն է ստեղծվել Հայաստանում ու այդ ընկերությունները հիմնականում IT ոլորտի են, որոնք ապահովում են մեծ եկամուտներ Հայաստանի տնտեսության համար»,-բացատրել է մասնագետը։

Տնտեսագետի խոսքով՝ 2022 թ․ Հայաստան 5,2 մլդ դոլար է եկել, որից, մոտավորապես, 3,6 մլդ ապահովել են Ռուսաստանի քաղաքացիները։ Ընթացիկ տարվա 5 ամիսների հաշվարկով՝ Հայաստան է եկել 2,5 մլն դոլարի չափով գումար ամբողջ աշխարհից։ Այդ գումարից՝ է մոտ 1,8 մլդը կրկին ապահովել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։

«Լինում է, երբ մարդ աշխատանք չունի, դրսից բարեկամը փող է ուղարկում, և այդ մարդը սկսում է ծախսել՝ լավ է ապրում, լավ է հագնում, ուտում-խմում է։ Բայց այդ փողը, բնականաբար, երբ կրճատվեց, այդ մարդը սնանկանալու է։ Հայաստանի տնտեսությունը այդ մարդն է, որը չունի տնտեսական ներուժ, կարողություններ, գործարաններ, խոշոր ներդրումային ծրագրեր։ Այն գումարները, որոնք գալիս են Հայաստան, դրական արդյունք են տալիս»,-համեմատել է նա։

Սուրեն Պարսյանը նկատում է՝ կառավարության անդամները, երբ Հայաստանի տնտեսության աճի ինչ-որ թվեր են հրապարակում, իրականում, այդ թվերը չեն խոսում Հայաստանի տնտեսության մասին։

«Մենք ունենք աննախադեպ թվով արտահանում դեպի Ռուսաստան։ Արտահանման զգալի մասը ապահովել է վերաարտահանումը։ Մի շարք ապրանքներ եկել են Հայաստան, արտահանվել են Ռուսաստան՝ օրինակ, ավտոմեքենաներ, սարքավորումներ։ Շատ հաճախ մեր կառավարության ներկայացուցիչները մատնանշում են աննախադեպ տնտեսական աճ, տնտեսական ցուցանիշներ, բայց այդ թվերը Հայաստանինը չեն, եվրոպական ապրանքները գալիս են Հայաստան, հետո գնում Ռուսաստան։ Ուստի, ստացված գումարները ստացվում է՝ Հայաստանինը չեն»,-բացատրում է Պարսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում