Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-11-11 12:51
Հասարակություն

ԱՎԾ-ի հրապարակած թվերը մեզ համար հիմք չեն. անձնագրայինի պետը՝ ընտրողների թվի մասին

 ԱՎԾ-ի հրապարակած թվերը մեզ համար հիմք չեն. անձնագրայինի պետը՝ ընտրողների թվի մասին

Ոստիկանության կողմից պաշտոնապես հրապարակված տվյալների համաձայն ՝ նոյեմբերի 4-ի դրությամբ՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է 3 մլն 317 հազար 965 բնակիչ:

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ, իրենց պնդմամբ, մշտական բնակչություն հասկացությունը հաշվառված բնակչության թիվն է, որը հրապարակում է ԱՎԾ-ն: «Ըստ ԱՎԾ-ի ՝ 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ բնակվում է 3 մլն 10 հազար 600 մարդ, իսկ ընտրողների թիվը, ըստ ԱՎԾ-ի, պետք է լինի 2 մլն 19 հազար 738: Այս ցուցանիշը համեմատելով ոստիկանության հրապարակած տվյալների հետ՝ ստացվում է, որ բնակչության թվի տարբերությունը կազմում է 358228»,- ասաց նա:

Նշենք, որ ԿԸՀ-ն ընտրողների թիվը ստանում է ոստիկանությունից:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն էլ շեշտեց, որ բնակչության պետական ռեգիստրը վարող մարմինը ոստիկանությունն է, ԱՎԾ-ն չի կարող համարվել ռեգիստր:

«Տեղի է ունենալու համապետական ընտրություն, և բոլորս՝ որպես շահագրգիռ մարմին, պետք է գործենք օրենսդրությամբ նախատեսված կարգով: Եթե համեմատենք ոստիկանության և ԱՎԾ-ի թվերը՝ բնակչության մոտ հարց է առաջանում՝ պետական երկու լիազորված մարմիններն իրավասություն ունե՞ն երկու տարբեր տվյալներ հրապարակելու»,- ասաց Բիչախչյանը և հետաքրքրվեց ՝ եղե՞լ է դեպք, երբ քաղաքացին անձնագիր ստանալու համար անձնագրային ծառայության փոխարեն հաշվառվի ԱՎԾ-ում:

«Թե ի՞նչ մեթոդներով է ԱՎԾ-ն մշտական և առկա բնակիչների թիվը հաշվում, դա իրենց խնդիրն է, և դա դեռ չի նշանակում, որ ոստիկանության համար պետք է հիմք ընդունվեն ԱՎԾ-ի կողմից կատարված ուսումնասիրությունները: Մարդկանց իրավունքն է համեմատել ԱՎԾ- և ոստիկանության թվերը, բայց ընտրություններում հիմք պետք է ընդունվի ոստիկանության հրապարակածը: Վիճակագրական ծառայությունն այլ մարմին է, այլ աշխատանք է տանում, իսկ ոստիկանությունը՝ այլ»,- ասաց Բիչախչյանը: