կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-26 22:35
Առանց Կատեգորիա

Որտեղից պետք է սկսեր վարչապետը...

Որտեղից պետք է սկսեր վարչապետը...

Արդեն ավանդույթ է դարձել` կառավարության յուրաքանչյուր նիստի ժամանակ վարչապետը պետք է խոսի կոռուպցիայի մասին: Պետական ծառայությունների որակը բարձրացնելու եւ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու` Տիգրան Սարգսյանի ջանքերն, իր իսկ գնահատմամբ, տվել են իրենց պտուղները. կանոնակարգվել է ավտոմեքենաների տեխնիկական զննման գործընթացը, անձնագրերի տրամադրման գործառույթները, ընթացքում է մեքենաների գրանցման եւ վարորդական իրավունքների տրամադրման կարգերի հստակեցումը... Մի խոսքով, վարչապետի բնորոշմամբ, պետական այն գործառույթները, որոնք ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր, աստիճանաբար վերանում են…

Նախանձելի է Տ. Սարգսյանի խանդավառությունը, երբ խոսում է հիշյալ բնագավառներում արձանագրած հաջողությունների մասին, բայց հարկ է պարոն վարչապետին հիշեցնել, որ կոռուպցիան Հայաստանում կրում է համակարգային բնույթ եւ, սկսվելով ներքին օղակներից, բարձրանում է ավելի վեր` ավարտվելով ամենաբարձր քաղաքական գործիչների մակարդակում:

«Գոյություն ունեն պաշտոնեական դիրքի չարաշահումներ, որոնց մասին լրատվամիջոցները թեեւ մշտապես խոսում են, սակայն մեզ հայտնի չէ որեւէ դեպք, երբ այդ մակարդակի պաշտոնատար անձինք պատժվեն»,- մեզ հետ զրույցում նշեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի նախագահ Սոնա Այվազյանը: Ըստ նրա, մարդկանց հիմնական բողոքները բարձր մակարդակի պաշտոնատար անձանցից են, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի որեւէ հիմնավորում այս շրջանակում մենք մինչ օրս չենք տեսել. թերթերի հրապարակումներին կամ Վերահսկիչ պալատի բացահայտումներին անհասկանալի պատճառներով արձագանք չի տրվում:

«Յուրաքանչյուր ոլորտ կարիք ունի հակակոռուպցիոն քաղաքականություն մշակելու, բայց վստահ չենք, որ կառավարության մատնանշածները հենց այդ գերակա ոլորտներն են: Այսօր բավականին առաջնային խնդիր է նույն հանքարդյունաբերությունը, ուր մեծ թվով պաշտոնատար անձինք են ներգրավված, հանրային գույքի ոչ պատշաճ օգտագործումը եւ այլն»,- նշեց փորձագետը:

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ. Հայաստան» կազմակերպության` կոռուպցիայի վերաբերյալ նոյեմբերին անցկացրած հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքներով, մարդկանց պատկերացումներով ամենակոռումպացված ինստիտուտներն են դատախազությունը, դատարանները եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ինչ վերաբերում է ոլորտներին, ապա այստեղ ամենակոռումպացվածների շարքում առողջապահությունն է, կրթությունը եւ ընդհանուր առմամբ ընտրական համակարգը: «Եթե կարելի է կոնկրետ գործողություններ անել կոնկրետ ոլորտներում, շատ կարեւոր ու դրական քայլ է, բայց լավ կլիներ, որ կառավարությունն ուղղակի տեղյակ լիներ, թե ժողովրդի պատկերացմամբ հատկապես որտեղ են ցավալի խնդիրները: Ինձ` որպես քաղաքագետ, մտահոգողը ոչ այնքան կոնկրետ ոլորտներն են, որքան մարդկանց բացասական վերաբերմունքը. մի մասի կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարը շատ մեծ խնդիր է, բայց մեծամասնությունն ասում է, որ ոչինչ չի փոխվի, եւ հնարավոր չէ դրա դեմ պայքարել»,- ասում է կազմակերպության ծրագրերի ղեկավար Եվգենյա Պատուրյանը: Ըստ նրա, մարդկանց հոռետեսությունը կփոխվի, եթե լինեն օրինակներ, «որ, տեսեք, այս ոլորտում բարելավում կա»: Ե. Պատուրյանի խոսքով, եթե հիմա դա մեքենաների տեխզննման կամ ԶԱԳՍ-ի օրինակով է, այլ ոչ թե դատախազության, էլի լավ է, բայց նաեւ լավ կլիներ, եթե կոռուպցիայի դեմ պայքարը տարվեր այն ոլորտներում, որտեղ հատկապես ցայտուն է մարդկանց դժգոհությունը:

Որքանո՞վ են տեղեկացված մարդիկ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերից: Անցորդների շրջանում փոքրիկ հարցախույզ անցկացնելով` ստացանք այն պատկերը, որը սպասելի էր ի սկզբանե: Պատասխանները գրեթե նույնն էին եւ մոտավորապես այսպիսին. «Դրա արմատները շատ խորն են: Հավատա՞ ժողովուրդը, երբ հենց կառավարող մարմիններն են ամբողջովին էդ ճահճի մեջ: Մինչեւ նրանք էդ ճահճից դուրս գան, շատ ժամանակ կանցնի»: «Նրանց ասած ոչ մի բառին չենք հավատում: Ժողովուրդը հիասթափված է, կառավարությունը հայաթափման քաղաքականություն է վարում, ուրիշ ոչ մի բան»: «Եթե իրենք են կոռումպացված, ապա ո՞նց կարող են պայքարել կոռուպցիայի դեմ»:

Թերեւս, վարչապետն էլ է սկսել գիտակցել, որ կառավարության նկատմամբ ժողովուրդը վստահություն չունի: Ինչեւէ, գործադիրի ղեկավարը օրերս խոստացավ խստագույնս պատժել ցանկացած կոռուպցիոն դրսեւորում եւ առաջիկա երկու ամիսների ընթացքում գոնե վերը նշված ոլորտներում իսպառ կանխել բացասական երեւույթները:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ