Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենսաթոշակային բարեփոխման դեմ պայքարում խնդիր է նշմարվում: ՍԴ որոշումն անորոշ տրամադրություններ է առաջացրել հատկապես գործատուների շրջանում: Բազմաթիվ աշխատողներ ահազանգ են հնչեցնում, որ որոշ հիմնարկներ ու գործատուներ սկսել են աշխատավարձերի 5 տոկոս պահումները, անգամ հիմնարկներ կան, որոնք առանց աշխատողների կամքը հարցնելու են պահում աշխատավարձերից` պատճառաբանելով, որ եթե ՍԴ որոշմամբ` մարտից հետո, օրենքը գործի, ապա պահումներ շատ կանեն, դրա համար հիմա են անում այդ պահումները, որ հետո շատ չպահեն:
Այլ կերպ ասած` մինչև ՍԴ վերջնական որոշումը գործատուները սկսել են պահումներ անել ու փոխանցել ֆոնդերին: «Դեմ եմ պարտադիր կուտակային համակարգին» ֆեյսբուքյան խմբում քաղաքացիները նշում են այդ հիմնարկների անունները` մի շարք բանկեր, «Էլեկտրական ցանցեր», «Բիլայն», «Գարանտ Ինշուրանս» և այլ ընկերություններ ու պետական մարմիններ:
«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Հայկ Ավետիսյանը նշում է, որ ՍԴ-ի որոշումը իրականում ժողովրդին ծուղակային վիճակի մեջ գցող քայլ էր, որովհետև լարված հարաբերություններ են առաջացել գործատուների եւ աշխատողների միջեւ: Եվ բոլոր այն գործատուները, որոնք պետական, բանկային եւ այլ համակարգի ներկայացուցիչներ են, աշխատողներին ստիպում, ճնշում են, որ ֆոնդ ընտրեն, ստորագրեն կրճատված աշխատավարձի տակ, թեեւ այդ ամենի իրավունքը չունեն։
Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ապահովության նպատակով գործատուները աշխատավարձերից պահումներն անում են` ասելով, թե` ճիշտ է, տույժեր չեն մուծելու, բայց փոխանցումները պետք է կատարվեն, որովհետև երբ ՍԴ-ն օրենքը սահմանադրական ճանաչի, ապա հիմնարկներն ամեն դեպքում պետք է անեն այդ փոխանցումները:
«Շատերն էլ անգամ ապահովության գործոնով չեն պայմանավորում, այլ ասում են` կապ չունի, ու պահումներ են անում»,- ասաց Հայկ Ավետիսյանը` հավելելով, որ պահումներ անող բազմաթիվ հիմնարկներ և ընկերություններ կապեր ունեն իշխանական մարմինների հետ կամ կաշկանդված են իշխանությունների ճնշման լծակներով:
Ինչ վերաբերում է աշխատողների ընդդիմանալուն, Հայկ Ավետիսյանը նշեց, որ որոշ գործատուներ ուղղակի ասել են. «Եթե ֆոնդեր չընտրեք, կարող ենք ազատվել աշխատանքից»:
Մեր զրուցակիցն ասաց, որ առաջիկայում ամբողջ քաղաքով մեկ կազմակերպվելու է իրազեկման ավտոերթ, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տան գործատուներին, որ իրենք պայքարում են այդ երևույթի դեմ, որ գործատուները չկատարեն ոչ մի փոխանցում ու չճնշեն մարդկանց:
«Որոշ գործատուներ աշխատողների հետ չեն: Նրանք պետք է ամեն ձև թև ու թիկունք լինեին, որովհետև ոչ ոք չի ասել, որ գործատուները պետք է փոխհատուցեն այդ գումարները»,- ասաց նա: