կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-19 13:50
Հասարակություն

Գործատուները տոկոսներ են աշխատում աշխատողների գումարներից. Ֆինանսների նախարար

Գործատուները տոկոսներ են աշխատում աշխատողների գումարներից. Ֆինանսների նախարար

Արդյո՞ք ՀՀ ֆինանսների նախարարության հերթական պարզաբանումը ճնշում չէ ՍԴ որոշման վրա, ինչո՞ւ է ֆինանսների նախարարությունը պարտավորեցնում քաղաքացիներին դեմ գնալ ՍԴ որոշմանը: Այս հարցը լրագրողներն ուղղեցին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին:

 

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունը ՊԵԿ-ի հետ համատեղ հայտարարությամբ էր հանդես եկել, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն: Ֆինանսների նախարարությունը հիշեցրել էր բոլոր գործատուներին, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական հաշվին, և հունվար ամսվա վճարման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը։

 

ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ հայտարարության մեջ հղում է արված համապատասխան օրենքի համապատասխան հոդվածին, որը կասեցված չէ և գործում է: Այդ հոդվածը սահմանում է գործատուների պարտավորությունը` հաշվարկել և վճարել իրենց աշխատակիցների պարտադիր կուտակային վճարները: Նախարարի կարծիքով՝ այսօրվա դրությամբ` բոլոր գործատուների գրեթե 90 տոկոսից ավելին արդեն հաշվարկել է այդ գումարները և կատարել պահումներ:

 

Ըստ օրենսդրության` դրանից հետո նրանք պարտավոր են այդ գումարը փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին: «Հարց է առաջանում` եթե գործատուները պահել են իրենց աշխատակիցների գումարները, բայց չեն վճարելու այդ հաշվին, ապա ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ գործատուն, կոպիտ ասած, տոկոս է աշխատում այդ պահումներից, այն դեպքում, որ եթե այդ պահումները փոխանցված լինեին, այդ գումարների նույն տոկոսը կստանան աշխատակիցները: Այս առումով, գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության՝ աշխատողի ու պետության կողմից»,- ասաց նախարարը:

 

 

Դիտարկմանը, որ, ՍԴ-ն համապատասխան որոշմամբ, կասեցրել է պատասխանատվությունը մինչև մարտի 28-ը, նախարարը պատասխանեց, որ ինքը թեև իրավունք չունի մեկնաբանելու ՍԴ որոշումը, այնուամենայնիվ, իր տարրական գիտելիքները իրավունքի մասին ասում են, որ պատասխանատվությունն էլ լինում է տարբեր տեսակի: Այն պատասխանատվությունը, որը գործատուն կրում է պետության առջև, երբ գանձում է իր աշխատակիցներից գումարները ու պահում իր հաշվին, այդ դեպքում աշխատակիցը միանշանակ իրավունք ունի պահանջելու իր գումարները գործատուից ու ենթարկելու նրան պատասխանատվության: «Պետությունը ևս` որպես աշխատողների իրավունքները պաշտպանող, նույնպես հետևողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն այդ գումարները և փորձեն եկամուտներ ստանալ դրանից»,- ասաց նախարարը: