կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-29 15:16
Առանց Կատեգորիա

Պատերազմ վավերագրողը

Պատերազմ վավերագրողը

Yerkir.am-ը զրուցել է ռեժիսոր, վավերագրող օպերատոր Սամվել Թադևոսյանի հետ:

 

-Երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, Դուք նոր էիք ավարտել կինոյի և թատրոնի ինստիտուտը և աշխատում էիք «Հայֆիլմ» կինոստուդիայում: Փաստորեն, պատերազմի առաջին իսկ օրերից Դուք դարձաք դաշտային օպերատոր. Մինչ օրս Ձեր կադրերը հավաքում, հաղորդաշարեր եք վարում: Կպատմե՞ք, թե ինչպես սկսվեց…

 

-Դե, ի՞նչ կա պատմելու: Շատերի նման ամպագոռգոռ բաներ չեմ ասի: Պարտքի գիտակցություն կար, համակարգ էինք մեզանից ներկայացնում, գաղափար կար, որի հետևից կրնկակոխ գնում էինք: Նախկին համակարգը քանդվել էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը, ու շատերի նման` Արաբոյի Ռուբոյի , Շավոյի, Վարդանների, շատ օպերատորների պես ես էլ մտածեցի, որ էս փառավոր օրերը պիտի հանձնենք ժապավենին: Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ` Մանարյանի կուրսն եմ ավարտել: Ի դեպ, ես և Գորգիսյան Մոսոն նույն կուրսում ենք եղել: Սկզբից, երբ գնացի Արցախ, պարետային ժամ էր հայտարարված Ղարաբաղում: Այն ժամանակ ծածուկ էինք գնում, պատահել է, որ նույնիսկ առանց անձնագրի ենք գնացել: Ֆոտոներ էինք անում, սկզբից` ղարաբաղյան միտինգները, հետո սեփական միջոցներով ձեռք բերեցի տեսախցիկ, և դա մեծ ուրախություն էր: Ինչ տեսնում, նկարում էինք, վավերագրում: Կրկնում եմ՝ մենակ չեմ եղել, բայց, անցնելով պատերազմի ողջ ընթացքը, գրեթե բոլոր ճակատներում եղել եմ, բացի Շահումյանից, որը տեսնելու բախտ չվիճակվեց, հանգամանքները չտարան այնտեղ: Հսկայական արխիվ հավաքվեց` կենցաղ, գունդ, պատերազմական իրավիճակ, հաղթանակներ, պարտություններ, լաց, ուրախություն, մայրեր, սուգ, թաղում և այլն: Հետագայում միտք ծագեց մի շարք ստեղծել, որում կկարողանանք անմահացնել մեր նահատակների սխրանքները, կենսագրությունը և նրանց թողած խորհուրդը, պատգամը փոխանցել մեր օրերը: 6 տարի հետո` 2000-ին, ներկայացրեցի 2 աշխատանք` «Մովսես Գորգիսյան» և «Հրազդանի Աբոն» վավերագրական ֆիլմերը: Այն ժամանակվա ազգային հեռուստատեսության գեղխորհուրդը հավանություն տվեց, և ծրագիրը սկսեցի: 4 տարում ծնվեց 15 ֆիլմ, մենք կարողացանք նվազագույն միջոցներով 15 ֆիլմ ստեղծել, որից հետո, կարծես, չզգացվեց այդ անհրաժեշտությունը: Ես ստիպված դուրս եկա Հ1-ից , 3 տարի ոչինչ չծնվեց: 2007-ից վերսկսեցինք շարքը, 15 ֆիլմ ևս թողարկվեց: Այժմ 30 ֆիլմ կա` «Խոնարհ հերոսներ» խորագրով: Նախկինում շատ հեռուստաալիքներ ֆիլմերի ցուցադրության համար դիմում էին ինձ, որ թույլ տամ աշխատանքները ցույց տան, իսկ հիմա հակառակն է` ինձանից գումար են պահանջում ֆիլմերը հեռարձակելու համար:

 

-Մտածել ե՞ք` որն է պատճառը:

-Կարծում եմ` ինչ-որ բարոյական բաներ խարխլվել են, բայց ուրախությամբ նշեմ, որ Հայաստանում դեռ կա մի հեռուստաընկերություն, որը հեռարձակում է այդ ֆիլմերը, դա «Երկիր Մեդիա»-ն է:

 

-Կարծեմ` լիամետրաժ ֆիլմ էլ եք հեղինակել:

- Այո, , «Հայֆիլմ» կինոստուդիայում իմ 2 սցենարները հավանության արժանացան, և 2006-ին նկարեցի «Չկրակված փամփուշտներ» ֆիլմը, որը պատմում է տաղանդավոր գրող Աղվան Մինասյանի պատանեկան տարիների և անցած մարտական ուղու մասին : Ինձ բախտ է վիճակվել մասնակցել և նկարահանել Ղարաբաղյան պատերազմական գրեթե բոլոր գործողությունները` ընդհուպ մինչև Լաչինի ազատագրումը: Այդ գործողությանը Սիսիանի ջոկատն էր մասնակցում, որի հետ ես` իմ տեսախցիկով և իմ հրամանատար Դուշման Վարդանի հրամանատարության ներքո, երջանկություն ունեցա մտնելու Լաչին: Շատ ուրախ եմ, որ այդ փառավոր օրն իմ վավերանյութերում կա, և արդյունքը եղավ այն, որ այդ նյութերի հիման վրա, դժվարությամբ, բայց կարողացա ֆիլմ պատրաստել: Անցած տարի Երևանում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան: Հետո ֆիլմը ցուցադրեցի Արցախում, Մոսկվայում, Ժնևում, Բեյրութում, Դուբայում: Այդ ֆիլմը, կարծում եմ, ուղղակի ֆիլմ- տարեգրություն է:

 

- Ձեր ամբողջ արխիվը պահպանվե՞լ է:

 

-Հետապնդումները նաև իմ դուռը բախեցին: Փաստորեն, վայրը, որտեղ գտնվում էր այդ շրջանի իմ արխիվը, հարձակման ենթարկվեց: Դա 1994 թվականն էր: Արխիվս գտնվում էր ՀՅԴ ԿԿ-ի շենքում: Սեյֆը, որտեղ պահում էի հում նյութերս , 2-րդ հարկից առաջին հարկ էին շպրտել, և շատ բան փշրվել էր: Բռնագրավվեց էդ արխիվը, տեսախցիկս կոտրվեց, շատ բաներ կորցրեցի: Այդ ժամանակ նույնիսկ դիմեցի նախագահին՝ ասացի` կարելի է չհարգել ինձ և իմ աշխատանքը, բայց դրանք հայ ժողովրդինն են, կարևոր չէ` ով է արել, ինձանից լավերը թաղված են, նույնիսկ եթե չեք վերադարձնում, ուղղակի բարի աչքի տակ պահեք, դա մեր տարեգրությունն է, որովհետև ես ուղղակի կռիվ եմ նկարել` Մահմեդբեյլիի կռիվը, Զանգելանի, Սեյդահմեդլի, որտեղ վիրավորվեց Մուրադը: Դյուրին չէր մարտի դաշտում նկարահանումներ կատարելը: Լեգենդար Պետոն և Դուշման Վարդանը նույնիսկ ինձ պաշտպանելու համար թիկնապահներ էին նշանակել, ասել էին` ինքը զգոն չի, կռվի ժամանակ կողքին եղեք: Ես Ֆիզուլու շրջանում նկարել եմ տանկային գրոհ` մերոնք ոնց էին գրոհում, այսինքն` իմ կարծիքով` հրաշալի նյութ, որի մի մասը հետ չեկավ, ավելին ասեմ` մեծ մասը դիտմամբ կոտրված էր եղել , անփույթ վերաբերմունք էր եղել: Ես երկար վերականգնողական աշխատանքներ արեցի, ինչը թույլ տվեց ժամանակակից տեխնիկան: Ըստ իմ ցուցակի` 30-40 տեսաերիզ հետ չեկավ, որոնց մեջ կային թանկարժեք կադրեր: Դրանք համարում եմ կորած կամ պինդ պահած մի անկյունում, կարող է` մի օր լույս աշխարհ գան: Նույնիսկ Քրիստոսը չկարողացավ աշխարհը փրկել, ես ո՞նց փրկեմ :


-Ի՞նչն է այսօր խանգարում, որ հեռուստաընկերություններն ավելի շատ ուշադրություն դարձնեն այս թեմային : Անցած 20 տարվա ընթացում մատների վրա կարելի է հաշվել նորմալ արտադրանքը, բայց անհաշվելի են աննորմալ երևույթները:


-Մենք գլոբալ արշավի մեջ ենք, մեր վրա մշակութային ագրեսիա է հիմա` բոլոր ճակատներում, այդ թվում` մշակույթի ոլորտում: Հիմա ես նայում եմ այդ անճաշակ, նույնիսկ ամոթալի սերիալները և մանրապատումները, որոնք իբր կոմիկական են համարվում, ես էլ եմ ամաչում: Կարծում եմ` ես էլ եմ մեղավոր, բայց չեմ բացառում, որ կարող է ներքին հրահանգ լինել` ներքին պահանջ են ստեղծել, որ մեզ ցածրաճաշակ գործերով բարոյալքեն, սա է խնդիրը, որովհետև մեզ տեսնում են որպես կերակուր, որպես հող, որը կարելի է նվաճել և բազավորել ուրիշ գործեր անելու համար: Եթե համեմատենք ներկայիս և 20 տարի առաջվա հայ մարդու հոգեկան սանդղակները, մենք բավական հետ ենք նահանջել, պատճառը հենց դա է, որ մեր բարոյական ամրանն է խարխլվել: Գալիս են, մարդկանց խաբում են` մեկին մեքենա են տալիս, մեկին` պաշտոն, մյուսին` քաղցր բլիթներ, և նրանք համաձայնում են «վարակվել» այդ օտարածին «արվեստով» : Այդ խնդիրն է դրված` իջեցնել սանդղակը, որովհետև բարձր ճաշակ ունեցող մարդը հավակնոտ է: Դա հին գործելաոճ է, մեզ քայքայում են, որ ավելի հեշտ լինի հետո տիրել: Ինչո՞ւ փող տան փամփուշտին ու տանկին: Բայց ես վստահ եմ` նրանք, ովքեր սրտով չեն վերաբերվում մեր երկրին, մեր հայրենիքի բախտը նրանց ձեռքերում չէ, բախտը նվիրյալ որդիների ձեռքերում է: Այդ սերունդը կա, պահում է հայրենքի սահմանները: Ես անուղղելի լավատես եմ և գիտեմ, որ մենք լավ օրերի, բարոյական բարձր մակարդակի ենք հասնելու: Մեզանից հեռացնելու ենք օտար մոտեցումները, ապրելաձևը և վերագտնելու ենք մեր դիմագիծը` հային հատուկ մեր ասպետական դիմագիծը:

 

 

Հ.Գ. Մեր ընթերցողներին ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Yerkir.am-ը Սամվել Թադեւոսյանի հետ համատեղ նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս: Մեր կայքում պարբերաբար տեղադրվելու են Սամվել Թադեւոսյանի պատրաստած փոքրիկ ֆիլմերը Արցախյան ազատամարտի հերոսների մասին: