Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, չունի մանդատը ժողովրդի կողմից հակահայկական որևէ փաստաթուղթ ընդունելու և մենք մեր ուժերով պայքարելու ենք դրա դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Կապ չունի, թե ում միջնորդությամբ է այդ կապիտուլյացիայի ծրագիրը դրվում սեղանին։ Դա անընդունելի է մեր կողմից և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի չընդունվի նոր կապիտուլացիա և մեր պայքարը ուղղված է հենց դրան։ Ակնհայտ է, որ Ալիևը սպառնալիքի տակ փորձում է օր առաջ ձեռք բերված առավելությունը ամրագրել կապիտուլյացիայի տեսքով, և օրվա իշխանությունը ոչինչ չի անում դա կանխելու համար։ Այս իշխանությունը մեր երկիրը բերել հասցրել է մի կետի, որից հետո շատ դժվար է լինելու վերականգնվել։ Եթե հեռացած լինեին երկու տարի առաջ, մենք չէինք ունենա այն ամենը, ինչ ունենք այսօր»,- ասաց նա։
Անդրադառնալով ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալու մասին լուրերին ՀՅԴ գործիչը նշեց․ «Ինչ որոշում լինի՝ լինելու է խմբակցության որոշումը։ Եթե գնանք խորհրդարան, գնալու ենք մեր օրակարգով, մեր գործողություններով, անվտանգությանը վերաբերվող օրակարգերով։ Քանի որ առաջնային խնդիրը դա է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկությանը, որ Լաչինի միջանցքով հայկական կողմը զենք է տեղափոխում, և հենց այդ նպատակով կարող է փակվել այն, պատգամավորն ասաց, որ, օգտվելով մեր իշխանության ծնկի եկած իրավիճակից, Ադրբեջանը շարունակում է բռնի ուժով հասնել Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի․
«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության՝ մենք ունենալու ենք ոչ թե մեկ, այլ՝ մի քանի կապիտուլյացիա։ Ակնհայտ է, որ 2 տարի առաջ այս օրերը, այս ժամերին ինքը ստատուս էր գրում, որ Շուշիում մարտերը շարունակվում են, հաղթելու ենք, բայց միևնույն ժամանակ, գրելուն զուգահեռ, Ալիևի հետ քննարկում էր կապիտուլյացիայի պայմանագիրը։ Ո՞նց կարելի է այս մարդուն ընդհանրապես հավատալ, կամ իր ասածներին հղում անել»,- ասաց նա։
ՀՅԴ-ական գործիչը կարծում է, որ Փաշինյանն իր գավառական ժուլիկությամբ Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ և մանրադրամ․ «Գնացել է Բրյուսել ասել է մեկ բան, Մոսկվայում՝ մեկ այլ բան, Վաշինգտոնում՝ լրիվ մի ուրիշ բան, որի արդյունքում երկիրը, բերել հասցրել է մի կետի, որ հիմա յուրաքանչյուրն իր փայն է ուզում, էլ չեմ ասում, թե Թուրքիային ու Ադրբեջանին ինչ է խոստացել։ Չի կարելի այսպես վարել արտաքին քաղաքականություն, դրա արդյունքում պատերազմը դարձրեց անխուսափելի, դրա արդյունքում խաղաղության կեղծ լոզունգի տակ վերջին 2 տարվա ընթացքում մենք շարունակեցինք զոհեր և կորուստներ ունենալ ու հիմա էլ երկիրը կանգնած է նույն խնդրի առաջ։ Մենք այս մարդու գլխավորությամբ ունենալու ենք և՛ նոր կորուստներ, և՛ նոր պատերազմ, սա է իրականությունը»,- նշեց նա։
Պատգամավորն ավելացրեց, որ իրավիճակից ելք ու հնարավորություն կա, ամեն ինչ վերջացած չէ, պարզապես Հայաստանին ազգային իշխանություն է պետք։
Մանրամասները՝ տեսանյութում։