կարևոր
5857 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-10 20:14
Արցախ

Պատերազմ է ՝ ուղղակի առանց ռումբերի. մարդիկ են մահանում, հարյուրավորները առողջական լուրջ խնդիրների առաջ են կանգնել. Արցախի ԱԺ պատգամավոր

Պատերազմ է ՝ ուղղակի առանց ռումբերի. մարդիկ են մահանում, հարյուրավորները առողջական լուրջ խնդիրների առաջ են կանգնել. Արցախի ԱԺ պատգամավոր

Իրավիճակն Արցախում օր օրի, ժամ առ ժամ փոխվում է, բնականաբար, դեպի վատը։ Ներկա դրությամբ եղանակային վատ պայմաններ են, երկու օր է՝ ձյուն է տեղում, բավականին ցուրտ է։ Ու միայն այն, որ այս պայմաններում գազամատակարարումը խափանված է, օրական վեց ժամ հոսանք չի լինում, պետք է որ պատկերացնեք, թե ինչ վիճակում են այստեղ ապրող մարդիկ։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Մարդիկ չեն պատրաստվում համակերպվել այս վիճակին, բայց գիտակցում են, որ սա պայքարի շատ կարևոր փուլ է, և հնարավոր է, որ այս ամենի արդյունքում որոշվի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ու ողջ հայության ճակատագիրը։ Կարծում եմ՝ պարզ է, որ այսքան զրկանքների միջով անցնում ենք՝ հանուն մեր նպատակի, այն հույսով, որ մի օր կկարողանանք միանալ մայր Հայաստանին։ Արցախում յուրաքանչյուրը զգում է պահի լրջությունը, ուստի մարդիկ չեն ընկճվում, չեն բողոքում»,-շեշտում է Հակոբյանը։

Արցախի ԱԺ պատգամավորն ընդգծում է՝ սա պատերազմ է առանց ռումբերի, քանի որ ավելի քան երկու ամիս տևող շրջափակման հետևանքով հարյուրավոր մարդիկ առողջական լուրջ խնդիրների առաջ են կանգնել։

«Ավելի քան երկու ամիս է՝ պլանային վիրահատություններ չեն կատարվում Արցախում։ Ու եթե վիրահատական միջամտություններով դրա կարիքն ունեցող մարդկանց հնարավոր կլիներ նորմալ կյանքի վերադարձնել, ապա արդեն երկու ամիս է՝ դա անհնար է։ Փաստացի, պատերազմ է ընթանում, ռումբեր չեն պայթում, բայց հարյուրավոր մարդիկ ծանր վիճակում են»,-ասում է Մետաքսե Հակոբյանը։

Շեշտելով ավելի քան երկու ամիս հազարավոր երեխաների՝ կրթության իրավունքից զրկված լինելու փաստը՝ տիկին Հակոբյանը գազամակատարարման խափանման հետևանքով կրթական հաստատությունների աղետալի վիճակն է մատնանշում։ Արցախի՝ կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը խափանելուց, առողջության, ազատ տեղաշարժի իրավունքը խախտելուց զատ, Ադրբեջանն ավելի քան երկու ամիս է՝ խախտել է նաև արցախցիների նորմալ սնվելու իրավունքը։

«Արցախի դպրոցներն ու մանկապարտեզները մեծ մասամբ փակ են. սակավաթիվ դպրոցներ են անցել փայտով ջեռուցման, այն էլ՝ դասապրոցեսը կազմակերպվում է հիմնականում բարձր դասարանցիների համար։ Բավականին մտահոգիչ է մանկահասակ երեխաների վիճակը։ Ավելի քան երկու ամիս է, որ նրանք զրկված են վիտամիններով հարուստ սնունդ ստանալու հնարավորությունից։ Խիստ սահմանափակ սննդակարգն իր հետևանքները դեռ նկատել է տալու, ցավոք»,-նշում է Հակոբյանը։

Այդուհանդերձ, մեր զրուցակիցը շեշտում է՝ Արցախում չկա ո՛չ խուճապ, ո՛չ քաոս, ինչը, ըստ նրա, նաև Արցախի իշխանությունների քիչ թե շատ ճիշտ աշխատելաոճով է պայմանավորված.

«Չեմ կարող ասել, թե որքանով են արդյունավետ աշխատում իշխանությունները, բայց այն, որ փորձում են մարդկանց կարիքները քիչ թե շատ բավարարել, ակնհայտ է։ Մարդիկ էլ ընմբռնումով են մոտենում իրավիճակին, քանի որ, ինչպես ասացի, յուրաքանչյուրը գիտակցում է այս պայքարի կարևորությունը ու նաև այն, որ պայքարը ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամիների դեմ է»։

Արտաքին դերակատարներից ու, այսպես կոչված, միջազգային հանրությունից Հակոբյանի խոսքով, արցախահայությունը որևէ ակնկալիք չունի, չնայած Ադրբեջանի գործողությունները դատապարտող բազմաթիվ հայտարարություններ են հնչել։

Հակոբյանը ցավով նկատում է՝ ոչինչ չասող հայտարարությունները գործողությունների վերածելու համար շահագրգիռ կողմը՝ ի դեմս ՀՀ իշխանությունների, բավարար ջանք չի թափում կամ էլ՝ չի ուզում թափել։

Աղբյուր` Փաստինֆո