Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերման Ավագյան` վավերագրող լուսանկարիչ, որի լուսանկարների խորության հետեւում կանգնած է հեղինակի անցած ճանապարհը: Ավագյանը համարում է, որ լուսանկարի իմաստը պատմություն ներկայացնելն է: Ըստ նրա` լուսանկարի միջոցով, կարծես, այսօրվա մեր կյանքը սառնարանում սառեցվում է, որ տարիներ հետո գալիք սերնդին ցույց տանք: Ավագյանը վերջերս հրավիրվել է Ֆրանսիա` մասնակցելու սեպտեմբերին այնտեղ կայանալիք միջազգային ամենամյա ֆոտոփառատոնին: Նա փառատոնին է մասնակցելու իր` «Մահից հետո ծնվածները» շարքով: Ընդ որում` սա փառատոնի պատմության մեջ առաջին դեպքն է, որ վավերագրական լուսանկարների ցուցադրություն է լինելու:
-«Մահից հետո ծնվածները» շարքը կյանքի կոչելու մտահղացումն ինչպե՞ս ծագեց /շարքի լուսանկարները կարող եք դիտել այստեղ/:
-Պատերազմ էր, եւ այն ժամանակ լավ լուսանկարչական ապարատ չունեի, բայց չէի կարող չգնալ: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ դոկումենտալ լուսանկարչությամբ եմ զբաղվելու: Շարքում նկարել եմ այն երեխաներին, որոնք ծնվել են իրենց հոր զոհվելուց հետո: Անցնում են տարիներ, բայց ցավը չի անցնում. ես սպասել եմ մինչեւ այդ երեխաները մեծանան: Երեխաների եւ զոհված հայրերի նմանությունը շատ սարսափելի է. նկարները նայելիս զգում ես, որ իրոք, երեխան հոր շարունակությունն է: Բայց շարքն անելուց հետո հասկացա, որ միայն հայր-երեխա կապով ամեն ինչ չի վերջանում, կա նաեւ երկրորդ կողմը` մայրը: Այդ տարիներին, օրինակ, 18 տարեկան աղջիկը ամուսնանում էր, իսկ երկու ամիս հետո զոհվում է նրա ամուսինը, ով չի էլ իմացել, որ կինը հղի է: Այդ մանկահասակ աղջիկներին համոզում էին նորից ամուսնանալ, բայց նրանք չէին ուզում: Նրանք չեն ամուսնացել, իրենց երեխաներին են մեծացրել: Իմ շարքը, կարծում եմ, լավագույն արձանն է զոհվածների հիշատակին: Գիտեք` զարմացած եմ, որ Ֆրանսիայում որոշել են Ղարաբաղի ցավը ներկայացնել, ինձ համար դա մեծ քայլ է: Եթե համապատասխան ֆինանսավորում գտնեմ, անպայման կմասնակցեմ փառատոնին: Կուզենայի նաեւ, որ մի արվեստաբան-լրագրող ինձ հետ Ֆրանսիա ուղարկեին, որ լուսաբաներ փառատոնը:
-Տարիներ են անցել, ինչ ԼՂՀ-ում խաղաղություն է հաստատվել, սակայն սթրեսի հետեւանքով առաջացած հիվանդությունների միջոցով պատերազմը շարունակում է խլել մարդկանց կյանքերը: Երբեմն ասում են, որ «Ղարաբաղյան համախտանիշի» հետ գործ ունենք: Կարելի է՞ ասել, որ պատերազմը շարունակվում է:
-Մինչեւ Ղարաբաղը չմաքրվի ականներից, այո, պատերազմը շարունակվում է: Ես «Շարունակվող պատերազմը» շարք էլ ունեմ, որը պատմում է այն երեխաների մասին, որոնք հաշմանդամ են դառնում պատերազմի հետեւանքով. պատերազմը խլել է նրանց մանկությունը:
-Տարիներ առաջ մի շարք էիք պատրաստում` սպիտակարյունություն ունեցող երեխաների մասին: Ինչո՞ւ այն կիսատ մնաց եւ չցուցադրվեց:
-Այդ շարքը 2007-ին սկսեցի: Անգամ Ամանորին ընկերներով փող հավաքեցինք, որ նվերներ գնենք այդ երեխաների համար, եւ Արթուր Բախտամյանին խնդրեցի, որ բաժանի դրանք երեխաներին: 5 օր հետո իմացա, որ 3 երեխա է մահացել: Հասկացա, որ չեմ կարող այդ երեխաներին օգնել: Վերջերս Մարկն էլ մահացավ նույն հիվանդությունից: Մեզ մոտ ինչ-որ բան սխալ է, եւ դա պետք է փոխվի, համակարգը պետք է փոխվի: Չգիտեմ` ինչի՞ն եմ սպասում, բայց սպասում եմ եւ դեռ պատրաստ չեմ այդ շարքը համալրելու:
Հ. Գ. Ի դեպ, հեղինակի հետ շփվելիս` հետաքրքիր մի բացահայտում արեցի` Ավագյանի լուսանկարները, որոնցում հիմնականում, մեղմ ասած, տխուր պատմություններ են ներկայացված, տրամադրության անկման փոխարեն հույսի ծիլեր են արթնացնում, ինչպեսեւ հեղինակը: Նրա հետ զրուցելուց հետո /կրկին ոչ այնքան ուրախ ու թեթեւ թեմաների շուրջ/ ցանկանում ես փոխել ինչ-որ բան, անգամ այն, ինչ ի վիճակի չես փոխել:
Մանրամասները` տեսանյութում:
Զրուցեց` Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Լուսանկարները` Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Ներկայացնում ենք Գերման Ավագյանի լուսանկարներից: