Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեմ եմ պարտադիր կուտակային համակարգին ու մասնակցել եմ հանրահավաքին, կանգնելով պայքարողների կողքին, որովհետև չեմ ուզում, որ նրանք մեր երկրից գնան: Yerki.am-ի հետ զրույցում ասաց «Ինդիվիդում քաստինգ փրոդաքշնի» հիմնադիր Աշոտ Սարգսյանը: Նա նշեց, որ իրեն անհանգստացնում է առավելապես արտագաղթը:
Այսօր Երևանի փողոցներում ավելի շատ զբոսաշրջիկների ես հանդիպում, որովհետև երկրից գնում է թե ոստիկանը, թե բժիշկը: Շատ շուտով, ըստ Աշոտ Սարգսյանի, Հայաստանը մնալու է առանց լավ մասնագետների: Ըստ նրա, բոլոր մասնագիտություններն են կարևոր, և բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ պետք է մնան Հայաստանում:
«Մարդիկ անտարբեր են դարձել: Կոչ չեմ անում, որ մարդիկ հեղափոխություն անեն, բայց եթե ընդունվել է օրենք, որը վնասում է քաղաքացուն, ուրեմն քաղաքացիները ուղղակի պետք է դուրս գան փողոց ու հայտնեն իրենց բողոքը: Պետք է բողոքես, որ կառավարությունն էլ հասկանա, որ ինքը սխալ ճանապարհով է գնում»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում տեղի է ունենում ամենավատ երևույթը. մարդիկ բողոքում են` արտագաղթելով: Այդ ընթացքում, կառավարությունը օրենքներ է ընդունում, իրագործում, ոչ ոք չի բողոքում, և կառավարությունն էլ մտածում է, որ ամեն ինչ ճիշտ հունով է գնում:
« Համացանցն է նաեւ մեղավոր, բոլորը նստած ստատուս են գրում: Ֆեյսբուքում ստատուս գրելով չես ստիպի, որ կառավարությունը օրենքը հանի»,- ասաց Աշոտ Սարգսյանը: Նա նաև հավելեց, որ միշտ մասնակցել է քաղաքացիների այն սոցիալական պայքարին, որոնցում հնարավորինս քիչ են արտահայտված եղել քաղաքական կուսակցությունները կամ քաղաքականությունը:
«Հինգ տոկոս պարտադիր վճարումները ճիշտ չեն: Մենք այն երկրում չենք ապրում, որտեղ կարելի է նման շքեղություն մեզ թույլ տալ: Մարդիկ մեծ հոգսեր ունեն` տուն, ընտանիք պահել, երեխայի ուսման վարձ վճարել»,- ասաց Աշոտ Սարգսյանը` հավելելով, որ հենց երեկ համացանցի միջոցով գումար են հավաքել, որ օգնեն մեկ ու կես տարեկան երեխային հողին հանձնած ծնողներին` կատարել անհրաժեշտ ծախսերը:
«Եթե երկրում չլիներ աղքատություն, աշխատավարձերը ցածր չլինեին, ապա հնարավոր էր մտածել պարտադիր կուտակային համակարգի մասին: Բայց մարդկանց համբերության բաժակը լցվել է, նրանք համբերելու տեղ չունեն»,- ասաց Աշոտ Սարգսյանը: