կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-20 12:34
Քաղաքական

Լավ նախադեպ ու լավ սկիզբ

Լավ նախադեպ ու լավ սկիզբ

Այս սոցիալական հարցի շուրջ 4 քաղաքական ուժերը համախմբվել են. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը` խոսելով նոր կենսաթոշակային համակարգի դեմ չորս քաղաքական ուժերի միասնաբար հանդես գալու մասին:

 

«Կարծում եմ, որ դա լավ նախադեպ է ու լավ սկիզբ է մեր քաղաքական մշակույթում` միասնական պայքարելու, միասնաբար որոշ հարցեր բարձրացնելու, և այդ դեպքում խնդիրները լուծելու հավանականությունը ավելի մեծ է»,- հավելեց նա: 

 

Ըստ պատգամավորի` թեև խորհրդարանում գործող քաղաքական ուժերն իրենց քվեարկությամբ ու ելույթներով արդեն արտահայտել են իրենց վերաբերմունքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ, բայց նաև կարևոր էր հունվարի 18-ի հանրահավաքը` մարդիկ եկել ու համախմբված արտահայտում էին իրենց պահանջատիրությունը:

 

«Շատ կարևորում եմ այդ հանրահավաքը: Եթե ԲՀԿ-ն չկարևորեր այն, ապա իր անդամներով ներկա չէր լինի հանրահավաքին: Մարդկանց այդ հսկա բազմությունը վկայում էր, որ այդ խնդրի լուծումը շատ կարևոր է հասարակության համար: Կոնկրետ ԲՀԿ-ն միշտ լավ գաղափարների և հասարակության կողքին է եղել: Պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարը միանշանակ շարունակական բնույթ է կրելու, մենք հետևողական ենք լինելու` այս հարցի հետ կապված»,- ասաց պատգամավորը: