Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանյան իրավապահ մարմինները և հատկապես` Ազգային Անվտանգության ծառայությունը, որը վերջին շրջանում ամբողջությամբ անցել է ընդհատակ, համառորեն որևէ բացատրություն չեն տալիս, թե ինչպես հայկական ընտանիքի սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը հայտնվեց ռուս սահմանապահների ձեռքում, հետո փոխանցվեց 102-րդ ռազմաբազային: Մինչդեռ` իրականում հենց այս հարցի պատասխանից է կախված՝ որքանո՞վ է իրավական առումով հիմնավոր ոչ միայն Պերմյակովի՝ ռազմաբազայում գտնվելու, այլ նաև նրան հայաստանյան արդարադատությանը չհանձնելու` ռուսական կողմի դիրքորոշումը:
Ռուսական կողմի հիմնավորումն այն է, որ ՌԴ Սահմանադրությունն արգելում է իր տարածքում գտնվող իր քաղաքացուն հանձնել այլ պետության: Այսինքն` Պերմյակովը հանձնումը հայկական կողմին համարվում է ՌԴ Սահմանադրության խախտում: Մինչդեռ` Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման հետ կապված գործերում իրավասության և փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ` 1997թ. կնքված հայ-ռուսական պայմանագրով նախատեսված է, որ եթե ռազմաբազայի ներկայացուցչի կողմից հանցագործություն է կատարվում Հայաստանի տարածքում, և այն ուղղված չէ Ռուսաստանի, ռազմաբազայի կամ դրա մեկ այլ ներկայացուցչի դեմ, ապա գործի քննությունն անցկացնում է հայկական կողմը` Հայաստանի օրենսդրությամբ:
Եթե ոճրագործությունն իսկապես Պերմյակովն է իրականացրել, ապա ստացվում է, որ, մի կողմից, նա, ըստ հայ-ռուսական միջպետական այդ պայմանագրի, պետք է փոխանցվեր հայաստանյան իրավապահներին՝ անկախ նրանից` ում կողմից է ձերբակալվել և որտեղ է ձերբակալվել, իսկ մյուս կողմից` չի կարող փոխանցվել, քանի, անկախ կատարած հանցագործության ծանրությունից, գտնվում է 102-րդ ռազմակայանի, այսինքն՝ ՌԴ-ի տարածքում և ՌԴ Սահմանադրության պաշտպանության ներքո:
Ռուսական կողմը փորձում է տպավորություն ստեղծել, թե ռազմաբազայի մասին հայ-ռուսական վերոնշյալ պայմանագիրը հակասում է ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետին: Եվ քանի որ Սահմանադրությունը միջազգային պայմանագրերի նկատմամբ ունի գերակա իրավաբանական ուժ, ապա այլ բան չի մնում, քան Պերմյակովի հարցում առաջնորդվել դրանով: Այսինքն` ստացվում է, որ ՌԴ կառավարությունը ոչ միայն հաջողեցրել է Հայաստանի հետ հակասահմանադրական պայմանագիր ստորագրել, իսկ Պետդուման էլ՝ այդ պայմանագիրը վավերացնել, այլև անցած 17 տարիների ընթացքում Ռուսաստանում ոչ ոք չի նկատել, որ այն հակասում է երկրի Հիմնական օրենքին:
Իրականում, սակայն, ամեն ինչ կախված է իրավական ակտերի և դրանց փոխառնչությունների մեկնաբանումից և մեկնաբանողից: Հակասության մասին տպավորությունն ստեղծվում է բացառապես այն պատճառով, որ Ռուսաստանը միտումնավոր անտեսում է սահմանապահ ուժերի կողմից Պերմյակովի ձերբակալման և ռազմաբազային հանձնելու օրինականության հանգամանքը: Իսկ Հայաստանի կառավարությունը, փոխանակ կառչելու իր համար այս գործում միակ առաջնորդող դեր ուեցող պայմանագրից, ակտիվորեն լծվել է ռուսական կողմի այդ մեկնաբանությունը տիրաժավորելու անշնորհակալ գործին և դա անում է ռուսներից շատ ավելի մեծ էնտուզիազմով:
Բայց եթե անգամ հավատանք, որ իսկապես հայ-ռուսական վերոնշյալ պայմանագիրը հակասում է ՌԴ Սահմանադրությանը, ապա դա ինքնաբերաբար հանգեցնում է կա'մ ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու, կա'մ, որ ավելի հավանական է, այդ պայմանագրի պարտադիր վերանայման անհրաժեշտության: Ի վերջո, չի կարելի հայտարարել, թե պայմանագիրը հակասահմանադրական է, և շարունակել այն թողնել ուժի մեջ: Այս թնջուկը վաղ, թե ուշ հստակ կանգնելու է կողմերի առջև, և խնդիրը դառնալու է այն, թե նրանցից որ մեկն է փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը վերցնելու իր վրա: Եթե դա անելու է ռուսական կողմը, ապա, հայաստանյան իշխանության ներկայիս կրավորական վարքագծից ելնելով, պայմանագիրը փոփոխելու է այնպես, ինչպես շահավետ է իրենց:
Սակայն Գյումրու այս ողբերգությունը ուղղակի պարտադրում է ՀՀ կառավարությանը՝ ոչ միայն բանը չհասցնել դրան, այլև Ռուսաստանի առջև օր առաջ դնել այդ պայմանագիրը վերանայելու պահանջը: Եվ դա ունի ինչպես քաղաքական, այնպես էլ զուտ իրավական հիմք: Քաղաքականն այն է, որ դա կլինի Ռուասատանի կողմից Պերմյակովին չհանձնելու որոշմանը հարաբերությունների վերանայման նախաձեռնությամբ պատասխանելու, դրանով հստակ քաղաքական վերաբերմունք ցուցաբերելու դրսևորում: Հայաստանը դրանով ցույց կտա, որ հնարավոր չի համարում այլևս նման իրավիճակների հանգեցնող նախկին կամ գործող պայմաններով այդ ռազմակայանի հետագա գործունեությունը: Խնդրի իրավական կողմը կամ հիմքը շատ ավելի կոնկրետ է` վերջապես պետք է հասկանալ, թե որտեղ են ավարտվում 102-րդ ռազմակայանի և ռուս սահմանապահների իրավասության շրջանակները Հայաստանի տարածքում: Սա նոր խնդիր չէ: Այն իր ողջ ծանրությամբ դրսևորվեց, երբ 2013թ. սեպտեմբերին ռուս սահմանապահները Սյունիքում` երկրի ներսում, ավտոճանապարհի վրա կանգնեցրին «Ժառանգություն» կուսակցության ավտոմեքենան և սկսեցին զննություն կատարել՝ չներկայացնելով նման արտոնություն ունենալու որևէ հիմք: Եվ ինչպես այն ժամանակ ԱԱԾ-ն և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որևէ կապակցված բացատրություն չտվեցին, հիմա էլ չեն տալիս այն հարցին, թե եթե իսկապես Բայանդուր և Երազգավորս գյուղերի հատվածում Պերմյակովին ձերբակալել են ռուս սահմանապահները, ապա ի՞նչ հիմքով են դա արել` ըստ նրանց, սահմանից 2 կմ դեպի Հայաստանի տարածք հեռավորության վրա, և ի՞նչ հիմքով են նրան հայաստանյան իրավապահներին փոխանցելու փոխարեն հանձնել 102-րդ ռազմակայանին:
Եթե պատճառը ոչ թե ռուսներին վերաբերող հարցերում հայկական կողմի անփոփոխ կամակատարությունն է, այլ այս դաշտում իրավահարաբերությունների չկարգավորվածությունը, սողանցքների առկայությունը, ապա Հայաստանի իշխանություննները, առաջին հերթին պետական անվտանգության նկատառումներից ելնելով, անհապաղ պետք է քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ: Որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, նման բարձիթողի վիճակի և ռուս սահմանապահների ինքնագործունեության պատճառով կարող է դառնալ նախադեպ: Չի կարելի երաշխավորված լինել, որ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող ցանկացած ռեցիդիվիստ, սերիական մարդասպան կամ պարզապես դիվերսիա իրականացնելու նպատակ ունեցող հերթական ստահակ չի որոշելու գալ Հայաստան, խելքին փչած հանցագործությունն անել և, ռուս սահմանապահներին հանձնվելով, փրկվել հայաստանյան արդարադատությունից ու ավտոմատ հայտնվել ՌԴ Սահմանադրության պաշտպանության տակ:
Գևորգ Աղաբաբյան