կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-12 21:31
Իրավական

Ամուսնու կողմից դանակահարված Սիրանույշի գործը կարող է դառնալ իրավական նախադեպ. փաստաբան

Ամուսնու կողմից դանակահարված Սիրանույշի գործը կարող է դառնալ իրավական նախադեպ. փաստաբան

Ամուսնու կողմից դանակահարված 54-ամյա Սիրանույշ Աղաբեկյանի գործը կարող է ունենալ ռազմավարական նշանակություն և դառնալ իրավական նախադեպ ընտանեկան բռնության այլ զոհերի գործերի համար: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց ընտանեկան բռնության զոհ Սիրանույշ Աղաբեկյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը:

 

Նա նշեց, որ 2014թ. հունվարի 1-ին Սիրանույշի ամուսինը՝ Լևոն Աղաբեկյանը, իրենց համատեղ բնակարանը դիտավորյալ հրկիզել է, երբ ընդամենը 20 օր առաջ էր դատարանի դահլիճից ազատ արձակվել Սիրանույշին դանակահարելու համար:

 

Սիրանույշը որդու խնդրանքով դատարանում ներել է ամուսնուն, ինչն էլ հիմք է դարձել քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Տան հրկիզումից հետո Սիրանույշը դանակահարության գործով դիմել է Վերաքննիչ դատարան, բայց գործը կրկին կարճվել է:

 

Տիգրան Մուրադյանի խոսքով՝ նախադեպը կարող է առաջանալ, եթե Վճռաբեկ դատարանը գնահատի, որ Աղաբեկյանի գործը պետք է քննվի ոչ թե անհատական, այլ հանրային մեղադրանքի շուրջ, քանի որ առկա են հանրության համար վտանգավորության տարրեր, և մեղադրյալը պետք է դատապարտվի անգամ այն դեպքում, եթե բողոքը հետ է վերցվում:

 

«Երբ կինը դիմում է ոստիկանությանը, նրանք միանգամից փորձում են հաշտեցնել, ինչը հաճախ բացասական հետևանք է ունենում,- ասաց ասուլիսի մյուս բանախոսը՝ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ծրագրի համակարգող Լիդա Մինասյանը:- Սիրանույշ Աղաբեկյանի դեպքն այդպիսի մի օրինակ է, երբ բռնության հերթական միջադեպից հետո ոստիկանները համոզել են Սիրանույշին hետ վերցնել ամուսնու դեմ գրված դիմումը, որից որոշ ժամանակ անց ամուսինը դանակահարել է նրան»:

 

Բանախոսների հավաստմամբ՝ հրդեհման փաստը ոստիկանության համար հիմք չի եղել Սիրանույշ Աղաբեկյանի ամուսնու նկատմամբ քրեական գործ հարուցելու համար, քանի որ համարել են, որ դա նրա սեփականությունն է, և կարող է վարվել, ինչպես ցանկանա:

 

«Ոստիկանները հաշվի չեն առնում, որ Սիրանույշ Աղաբեկյանը հրդեհված տան համասեփականատեր է, ինչպես նաև նրան պատկանող գույք է ոչնչացվել: Առկա է տան սեփականության վկայականը, որը փաստում է համասեփականատերերի մասին»,- ասաց Տիգրան Մուրադյանը: Նրա կարծիքով՝ ոստիկաններն այս պարագայում օրենքին համապատասխան գործողություններ չեն իրականացրել:

 

Ասուլիսի մյուս բանախոսի՝ Սիրանույշ Աղաբեկյանի կարծիքով՝ ամուսնու գործողությունների դրդապատճառը նրա հակումն է ալկոհոլի հանդեպ, սակայն դանակահարությունից հետո ամուսինը մեղսունակ է ճանաչվել: «Ես նրա հետ էլ չեմ կարող ապրել, չեմ ների»,- ասաց Սիրանույշ Աղաբեկյանը:

 

Մայիսի 21-ին տեղի է ունենալու Աղաբեկյանի և նրա ամուսնու ապահարզանի դատական նիստը, սակայն տան հրդեհումից հետո ընտանիքը մշտական բնակության վայր չունի: «Ապրելու տեղ չունենք, տան դուռը ջարդել ու վառել է տունը: Երեխես էլ վախում է, ոնց մենակ տանը թողեմ, գնամ գործի»,- ասաց կինը:

«Ամուսինը ազատության մեջ է, շարունակում է ալկոհոլ օգտագործել, և ամեն պահի կա վտանգ, որ կարող է վտանգել Սիրանույշին ու նրա երեխաներին»,- հավելեց Լիդա Մինասյանը: Նրա գնահատմամբ՝ ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի ընդունումն անհրաժեշտ է:

 

Տիգրան Մուրադյանը Սիրանույշ Աղաբեկյանի դանակահարության գործով վճռաբեկ բողոք է ներկայացնելու, իսկ նրա տան հրկիզման դեպքով գործ չհարուցելու փաստով ոստիկանության անգործությունը հնարավոր է նաև վիճարկվի դատարանում: