կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-19 11:49
Քաղաքական

Հայաստան-Սփյուռք համաժողովը լավ սկիզբ է. Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստան-Սփյուռք համաժողովը լավ սկիզբ է. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստան-Սփյուռք համաժողովը լավ սկիզբ է, և լավ է, որ սփյուռքահայերը, արցախցիները հավաքվում են մեկ տեղ, քննարկումներ անցկացնում, ազդակներ ու մեսիջներ ուղարկում մեկը մյուսին:

Yerkir.am-ի հետ զրույցում նա հույս հայտնեց,  որ Հայաստանը, իրոք, կդառնա արդար, լեգիտիմ, իրավունքի Հայաստան: Այդ ժամանակ, նրա խոսքով, մենք կունենանք իրական հենք և հիմք Հայաստան-Սփյուռք համակարգային գործընկերության և ոչ միայն ելույթների ու քարոզների համար:

«Այնպես որ` լավ սկիզբ է: 26 տարի անկախ ենք, միգուցե կենացների, մեսիջների պահն անցել է: Պետք է պահենք Հայաստանը, դա պետք է լինի բոլորի ընդհանուր թեման: Պետք է արտագաղթի երկիրը դարձնենք ներգաղթի հայրենիք: Միայն այս դեպքում մենք վերջապես կունենանք իրավական, արդար և արժանապատիվ երկիր, որն այսօր չունենք: Մեր երիտասարդությունը դա է պահանջում, և ՀՀ-ն այլևս չպետք է սպասի ներդրումների, չնայած դա էլ է կարևոր, բայց Հայաստանը պետք է պայքարի յուրաքանչյուր հայ երիտասարդի համար, որ չլքի երկիրը, կամ պետք է պայքարի, որ  վերադառնա հայրենի երկիր»,- ասաց նա:

Հովհաննիսյանից հետաքրքվեցինք, թե ի՞նչ քաղաքական իրադարձություններ պետք է տեղի ունենան, որ վերադառնա ակտիվ քաղաքականաություն: Նա արձագանքեց. «Ես արդեն 28 տարի Հայաստանում եմ, և իմ մասնակցության հաճախականությունը կարող է եղանակի հետ փոխվել, բայց Արմենուհին (կինը /խմբ./) և ես մշտապես այստեղ ենք, քաղաքացիական հասարակության հպարտ մասնիկն ենք»:

Հովհաննիսյանի խոսքով` չնայած ներքին սխալներին, հակասական, խառը հետագծին, մեր երկիրը պարտավոր է ունենալ փայլուն ապագա:  «Արմենուհին և ես մեր համեստ ներդրումը, մասնակցությունը բերում ենք մեր երկրի գործերին, ուստի համարեք` երբեք չենք հեռացել դաշտից, ոչ էլ` ակտիվ քաղաքացիական-հասարակական կյանքից»,- ասաց նա, ապա կատակեց. «Նրանք ովքեր կարծում են` Հայաստան ետուդարձ տոմսով ենք, սխալվում են, միակողմանի տոմս ենք վերցրել դեպի Հայաստան»:

Հարցին` Կարեն Կարապետյանը վարչապետի` ավելի նախընտրելի՞  թեկնածու կլինի իր համար, նա պատասխանեց. «Ամբողջ համակարգը պետք է փոխվի: Հարգանք` բոլորին և ավելի մեծ հարգանք` Հայաստանի Հանրապետությանը»: