կարևոր
9697 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-24 15:46
Իրավական Քաղաքական

Շատ վատ նախադեպ է․ հենց վկաների հարցաքննությունը պետք է լինի հրապարակային․ Ռուբեն Մելիքյան

Շատ վատ նախադեպ էր։ Մտածում եմ՝ սա նախապե՞ս ծրագրված էր, թե առանձին իրավաբանների մոտեցումն է՝ այս հարցի շուրջ։ Եթե առանձին իրավաբանների մոտեցումն է, ապա պետք է վերանայվի, սա խայտառակություն է։ Արդեն ութ ամսից ավելի է, ինչ դատական նիստերն ընթանում են, մարդիկ հետևում են, բայց հիմնական դատալսումները նոր են սկսվում և հենց վկաների հարցաքննությունը պետք է լիներ հրապարակային։ Մարդիկ վկաներին լսելով կարող են իրենց դատողությունը անել՝ ի վերջո, Արմեն Աշոտյանը, լինելով ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության փոխնախագահ, մեկ տարուց ավել է, ինչ անազատության մեջ է՝ ճի՞շտ է դատախազությունը, թե՝ ոչ։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական այսօրվա նիստին սկսվեց վկաների հարցաքննության փուլը, սակայն դատախազի միջնորդությամբ՝ նիստը  ուղիղ չհեռարձակվեց։ 

Փաստաբանի ընդգծմամբ՝ Արմեն Աշոտյանի գործով դատավարությունն ամենահնչեղներից մեկն է, հասարակությունը և միջազգային հանրությունը հետաքրքրված է դրանով։

Մելիքյանը դատարանի այս որոշումից հետո գրառում կատարեց ֆեյսբուքում՝ նշելով, որ հերթը հասավ հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը «Դատախազի միջնորդությամբ՝ Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու և սեփական «վճիռը» կայացնելու հնարավորությունից։ Դատախազության այս միջնորդությունը ինքնին բավարար է՝ հաստատված ճանաչելու մեր բուն պնդումն այն մասին, որ սա դասական քաղաքական հետապնդում է։

ՀԳ. Մենք խստորեն առարկեցինք, բայց ակնհայտ էր, որ որոշումը կայացվել էր նախապես» ,-գրել էր Աշոտյանի պաշտպանը։