կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-17 15:52
Առանց Կատեգորիա

Արմեն Մովսիսյանի ''կռուտիտները'' վերջ չունեն

Արմեն Մովսիսյանի ''կռուտիտները'' վերջ չունեն

Անդրդվելի է Արմեն Մովսիսյանը: Նա այսօր դարձյալ անդրադարձավ իրանական գազին ու դարձյալ պատմեց նախկին հեքիաթները: Մասնավորապես` այսօր ԱԺ-ում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, պատասխանելով լրագրողների հարցին' ե՞րբ են վերջին անգամ գազի գնի շուրջ բանակցել Իրանի հետ, նշեց, թե վերջին անգամ իրանցիների հետ բանակցել են 2012թ. մայիս-հունիս ամիսներին,  բանակցություններ վարել են Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրենի հետ, որը նաեւ նավթի եւ գազի հարցերով փոխնախարար է, եւ իրանցիները 440 դոլար են առաջարկել գազի գինը:

 

Նույնատիպ հայտարարություն Արմեն Մովսիսյանը արել էր նաեւ այս ամսվա սկզբին` դեկտեմբերի 4-ին, եւ մասնավորապես նշել. «Իրանի դեսպանը մի բան էլ ասաց, որ գազը վաճառում են միջազգային գներով, որը շատ ավելի թանկ է, քան այն գինը, որ մենք ունենք Ռուսաստանից ներկրելիս: Այս առումով իրանական գազի գները մեզ համար ուղղակի ձեռնտու չեն: Ահա` ինչու Իրանից գազ չենք ներկրում»:

 

Նախարարի այս հայտարարությունից 2 օր հետո համապատասխան ասուլիսով հանդես եկավ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեյիսին եւ նշեց, որ Իրանից Հայաստան գազի մատակարարաման եւ գազի գնի վերաբերյալ անհրաժեշտ է բանակցել Իրանի Գազի ազգային ընկերության հետ, բայց մեկ ամիս առաջ' Թեհրան այցի ժամանակ, Իրանի նախկին նախարարը Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հայտնել է, որ իրենք հավատարիմ են այն պայմանավորվածությանը, որ ձեռք է բերվել Հայաստանի հետ: Այսինքն, ըստ դեսպանի, այն ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը որեւէ փոփոխության չի ենթարկվել: Իսկ այդ պայմանավորվածությունը ենթադրում էր, որ Իրանից Հայաստան եկող գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար Հայաստանը պետք է վերադարձնի 3 ԿՎտ էլեկտրաէներգիայով, այսինքն' այդ հաշվարկներով ստացվում է, որ 1000 խորանարդ մետր գազն Իրանը Հայաստանին վաճառում է մոտ 180 դոլարով:

 

Մուհամմադ Ռեյիսին հայ լրագրողներին հավաստիացրեց, որ Իրանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ Իրանից Հայաստանին մատակարարվող կամ մատակարարվելիք գազի գնի վերաբերյալ բանակցություններ երբեք չեն ընթացել:

 

«Ինչ մնում է գազի գնին, ապա, նորից եմ ասում, նախ պետք է հստակեցնել, թե ռուսական գազի գինն ինչքան է, հետո' իրանական գազի գինը, եւ հետո որոշել, թե որն է թանկ, որը' էժան: Բայց այստեղ մի բան էլ կա' գուցե մի ինչ-որ երկրի  1000 խմ գազը վաճառվի 400 դոլարով, մեկ այլ երկրի' 100 դոլարով: Դա կախված է երկու երկրների միջեւ ձեռք բերված համաձայնությունից: Ես ուղղակի դեռեւս չեմ տեսել որեւէ պայմանագիր, որտեղ նշված լինի' 1000 խմ գազը' 189 դոլար: Այսինքն' պետք է  նստել, քննարկել»,- ասաց  Մուհամմադ Ռեյիսին' դիվանագիտորեն ակնարկելով, որ եթե Իրանի հետ Հայաստանը բանակցի, գուցե Հայաստանին մատակարարվող գազի գինը չլինի միջազգային գներին համապատասխան, այլ Իրանը սկսի  Հայաստանին գազ մատակարարել, օրինակ, 1000 խմ գազի դիմաց նույն 180 դոլար գնով, բայց արդեն ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ փողով... Որովհետեւ, ըստ Իրանի դեսպանի, էլեկտրաէներգիան Իրանին պետք չէ, եւ մեր հարեւան երկրին շատ ավելի ձեռնտու է, որ Հայաստանը կանխիկ փողով Իրանից գազ գնի:

 

Այս ամենից հետո, սակայն, մեր էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը շարունակում է պնդել, թե Իրանը Հայաստանին գազը կվաճառեր 440 դոլարով' 1000 խորանարդ մետրը: Այստեղ մի կարեւոր նրբություն կա. երբ  մեր նախարարը հայտարարում է, թե Հայաստանը չի ուզում գնել իրանական գազը, մենք հավատում ենք նրան, որովհետեւ այդ դեպքում գնել-չգնելու որոշումը կայացնում է հայկական կողմը: Իսկ երբ Իրանի դեսպանն ասում է, թե գազի գնի շուրջ Հայաստանի հետ չի բանակցել, եւ Իրանը Հայաստանին միջազգային գներով չէ, որ կարող է գազ մատակարարել, այդ դեպքում արդեն հավատում ենք իրանական կողմին, քանի որ վաճառողն ու գին ասողը նրանք են...

 

Բացի այդ` ինչքանո՞վ են հավաստի Արմեն Մովսիսյանի խոսքերը` թեկուզ ռուսական գազի գնի ու այդ գազի դիմաց Հայաստանի կուտակած պարտքի մասին խոսքերը հաշվի առնելով:

 

Հենց այսօր էլ ԱԺ լսումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց նախարար Արմեն Մովսիսյանին, թե  2011-2013թթ. ընթացքում ռուսական կողմը երկու անգամ թանկացրել է գազը` մինչև 270 դոլար` 1000 խորանարդ մետրի դիմաց, այդ ընթացքում կուտակվել է պարտք, բայց դրա մասին ոչ ոք ոչինչ չի իմացել: Այն դեպքում, երբ պարտք կուտակելու համար էլ կառավարությունը պետք է ստանա ԱԺ-ի հավանությունը` այնպես, ինչպես բյուջեն է ներկայացվում ԱԺ-ի հավանությանը:

 

Իսկ նախարար Արմեն Մովսիսյանն այս դիտարկմանը  «փորձեց բացատրություն տալ»` ասելով, թե երբ որոշում կայացվեց, որ 180 դոլարով պետք է իրացվի գազը, այդ ընթացքում դեռ բանակցություններ էին ընթանում, ահա, թե ինչու ԱԺ-ին ներկայացնելու խնդիր չի առաջացել:

 

«Այո, գազը առաջարկել են ավելի թանկ գնով, իսկ կառավարությունը որոշել էր չփոխել գազի գինը, հակառակ դեպքում' մենք այսօր կունենայինք ոչ թե 180, այլ' 210 կամ 240 դոլար: Մենք ասացինք, որ' հարգելի գազ վաճառողներ, այդ գինը մեզ համար ընդունելի չէ»,- ասաց նախարարը' հավելելով, որ իրենք ուղղակի չէին կարող այդ թվերը ներկայացնել հանրությանը, որովհետև հենց նման բան լիներ, գազը միանգամից կթանկանար:

 

Ստացվում է` Արմեն Մովսիսյանը ռուսների հետ «տակից» բանակցել, գազի դիմաց պարտքեր է կուտակել, պարբերաբար խաբել թե' պատգամավորներին, թե' հանրությանը ու էլի բազմաթիվ այլ «մութ» գործեր է արել` ի սեր ու ի շահ հանրության...