կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-07 11:33
Առանց Կատեգորիա

Արմեն Մովսիսյանի քթի հետ ամեն ինչ նորմալ է

Արմեն Մովսիսյանի քթի հետ ամեն ինչ նորմալ է

Հանրահայտ  «Պինոքիո» մուլտֆիլմում է` երբ փայտե մարդուկ Պինոքիոն սուտ է խոսում, քիթը մի քիչ երկարում է...

 

Հայկական «Պինոքիո»-ում սուտ խոսողների քթերը չեն երկարում, որովհետեւ եթե երկարեին, ապա կառավարության նիստերը, տեխնիկական պատճառներով, չէին կայանա, մասնավորապես` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի քթի երկարության պատճառով...

 

Երբ ԶԼՄ-ները նշեցին, թե 2011 թվականից գազի գինը թանկացել է, բայց նա չի հայտնել այդ մասին, քանի որ առջեւում համապետական ու այլ ընտրություններ էին, եւ այդ պարագայում մարդկանց մոտ դժգոհություններ կառաջանային` անկանխատեսելի հետեւանքներով, նա ասաց, թե այդպիսի բան չկա: Մեկ էլ վեր կացավ ու հայտարարեց` քանի որ Հայաստանին Ռուսաստանից մատակարարվող գազի գինը թանկացած է եղել դեռեւս 2 տարի առաջ, բայց Հայաստանը վճարել է նախկին գնով, դրա համար կուտակվել է 300 միլիոն դոլարի պարտք: Իսկ Հայաստանը պետք է ռուսական «Գազպրոմին» հանձնի «Հայռուսգազարդ»-ում ունեցած իր 20 տոկոս բաժնեմասը, պարտքը մարելու համար, ու այդ ժամանակ էլ պարզվեց, որ պարտքը 155 միլիոն դոլար է, քանի որ այդքան պարտքի դիմաց է ՀՀ կառավարությունը «Գազպրոմին» զիջում իր բաժնեմասը...

 

Մեկ էլ` ԱԺ-ում Արմեն Մովսիսյանը, պատասխանելով Զարուհի Փոստանջյանի հարցին` ինչո՞ւ Հայաստանը չի դիտարկում Իրանից գազ ներմուծելու հնարավորությունը, նշել էր, թե Իրանը Հայաստանին գազը կվաճառի միջազգային գներով, եւ ՀՀ սահմանին այն կարժենա 400 դոլար, իսկ շարքային սպառողների համար` ավելի թանկ: Ու հանկարծ երեկ ասուլիսով հանդես եկավ Իրանի դեսպանն ու տեղեկացրեց, որ Իրանը Հայաստանի հանդեպ հատուկ վերաբերմունք ունի, որով պայմանավորված էլ Հայաստան մատակարարվող գազի դիմաց Հայաստանից ստանում է ընդամենը 3 ԿՎտ էլեկտրաէներգիա'` յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց, ու, ընդհանուր առմամբ ստացվում է, որ Իրանը Հայաստանին 1000 խմ գազը վաճառում է 180 դոլարով, որ այդ գնի մեջ Իրանը փոփոխություն չի պատրաստվում մտցնել, որ ամեն ինչ կախված է բանակցություններից: Նաեւ հստակեցրեց, որ Իրանի ու Հայաստանի կառավարությունների միջեւ գազի գնի վերաբերյալ որեւէ բանակցություն չի ընթացել: Պարզ է, չէ՞, իրանական գազի գնի վերաբերյալ Մովսիսյանի հայտնած թվերը` 1000 խմ-ի դիմաց 400 դոլար, ոչ միայն երբեք ոչ ոք չի ասել մեր նախարարին, այլեւ որեւէ այլ գնի մասին էլ խոսակցություն չի եղել...

 

Սա հերթական «շփոթը»: Եվ եթե ամեն մի ստի դեպքում էներգետիկայի նախարարի քիթը մի քանի սանտիմետրով երկարեր, հիմա նա կունենար շատ երկար քիթ: Բայց մեր նախարարի քթի հետ ամեն ինչ նորմալ է: Եվ ոչ միայն քթի, այլեւ` պաշտոնավարման... Չնայած նման «ֆռիկների» համար նրա անմիջական ղեկավարները նրան արդեն պետք է վաղուց ցտեսություն ասած լինեին` իհարկե, նախապես շնորհակալություն հայտնելով «Հայաստանին բերած նպաստի ու կատարած անուրանալի աշխաանքի» համար: Բայց նա դեռ շարունակում է «հաջողությամբ» պաշտոնավարել:

 

Եթե Պինոքիոն իմանար հայկական ֆենոմենի մասին, երեւի Հիմարների երկրի փոխարեն կնախընտրեր Հայաստանը:

 

Բ. Գասպարյան