Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանում արտադրվել է 3 մլրդ 721 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի է 516 մլն կՎտ ժամով:
Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` էլեկտրաէներգիայի արտադրությունը, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է ավելի քան 16 տոկոսով: Նրա տվյալներով` 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում ներքին սպառման համար օգտագործվել է 7,45 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա, քան եղել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
«Բնակչության մասով սպառվել է շուրջ 11 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա, փոքր եւ միջին բիզնեսի մասով` 18 տոկոս, չնայած նրան, որ խմելու եւ ոռոգման ջրերի վրա էլեկտրաէներգիայի ծախսը նվազել է շուրջ 26 տոկոսով»,- ասաց Ա. Մովսիսյանը:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի արտահանման ծավալներին` նախարարը նշեց, որ այստեղ նույնպես գրանցվել է աճ: Այսպես` 2011 թվականի առաջին կիսամյակում արտահանման ծավալները կազմել են 783 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 303 մլն կՎտ ժամով ավելի է, աճը կազմել է 63 տոկոս:
Նախարարության ամենակարեւոր ոլորտներից մեկի` հանքարդյունաբերության առումով նախարարը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում այս ոլորտում նույնպես արձանագրվել է աճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արդյունահանվել է 4,9 տոկոսով ավելի հանքաքար: Այսպես` այս տարվա վեց ամիսներին մեր երկրում պղնձի խտանյութի արտադրությունը կազմել է 95 տոկոս, մոլիբդենի արտադրությունը` 105 տոկոս, բազմամետաղային հանքաքարերի արտադրությունը` 130,9 տոկոս, ցինկինը` 125 տոկոս, իսկ ոսկու արտադրությունը ապրանքային արտադրանքի տեսքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է շուրջ 128 տոկոսով: