կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-16 18:24
Առանց Կատեգորիա

Կառավարությունը չի ցրվի մինչև մարտ. նախագահի նոր հանձնարարականը

Կառավարությունը չի ցրվի մինչև մարտ. նախագահի նոր հանձնարարականը

Տիգրան Սարգսյանի կառավարությունը մոտակա` առնվազն 3 ամսվա հեռանկարում հրաժարական չի տա, թեեւ չի կատարել տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու` հանրապետության նախագահի տված հանձնարարականը: Նախորդ շաբաթվա վերջին ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո այդ կուսակցության մամլո խոսնակ, համատեղության կարգով նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ ՀՀԿ-ի օրակարգում կառավարության փոփոխության հարց չկա:

 

Սակայն գործադիրը հրաժարական չի տալիս բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ նման պահանջ ՀՀԿ-ն չունի: Այս կուսակցությունից ընդհանապես ոչինչ կախված չէ: Հրաժարական կտա կառավարությունը, թե` ոչ, կախված է ընդամենը մեկ մարդուց` հանրապետության նախագահից, ով կարող է բարձր տրամադրություն ունենալու պարագայում իր այդ որոշման մասին ընդամենը տեղյակ պահել կուսակիցներին` դրանով նրանց մեծ պատվի արժանացնելով: Այնպես որ` Տիգրան Սարգսյանը և նրա կաբինետը կշարունակեն առայժմ աշխատել միմիայն այն պատճառով, որ այս պահին այդպես է կամենում Սերժ Սարգսյանը:

 

Իսկ նախագահը գործադիր իշխանության առջև դրել է ընդամենը մեկ խնդիր` գտնել հիմնավոր ու համոզիչ պատճառաբանություն, թե ինչո՞ւ չի կատարվել պարտադիր 7 տոկոսանոց աճ ապահովելու մասին իր հանձնարարականը, այսինքն` ինչո՞ւ ինքը չի կարող կատարել կառավարությանը պատժելու խոստումը: Ավելին` նախագահը անձամբ է հուշել Տիգրան Սարգսյանին` ինչպես դա անել: Օրեր առաջ նա իր հերթական խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, որտեղ պարզ ու հասկանալի շարադրեց հետևյալը. «Փետրվար-մարտ ամիսներին, երբ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն վերջնականապես կամփոփի 2013 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքները, կառավարությունը հանդես կգա խորքային ու մանրակրկիտ վերլուծությամբ: Կներկայացվեն տարվա ընթացքում արձանագրված միտումները, կերևան, թե որքանո՞վ են կատարվել 2013 թվականի համար դրված նպատակները, կատարվե՞լ են, թե՞ ոչ, եթե չեն կատարվել, ապա որո՞նք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրել են շեղումների, որքանո՞վ են արտաքին գործոններն ազդել արդյունքի վրա, և ապագա զարգացումների համար ի՞նչ հիմքեր են դրվել և այլն»: Նախագահը պարզաբանել է, որ այդ վերլուծությունները պետք են, որպեսզի բոլորի համար հասկանալի լինեն «որոշումներն ու մոտեցումները»: Թե ի՞նչ որոշումների կամ մոտեցումների մասին է խոսքը, նա չի պարզաբանել: Սակայն առանց դրա էլ պարզ է, որ խոսքը վերաբերում է կառավարությունը ցրելու կամ չցրելու` իր հնարավոր որոշմանը:

 

Այսպիսով` պարզ է դառնում, որ կառավարությունը նախագահից մինչև 2014թ. մարտը գործունեությունը շարունակելու «քարտ բլանշ» է ստանում: Իսկ այդ ժամանակահատվածը Տիգրան Սարգսյանն օգտագործելու է իր տապալումը նախագահին հնարավորինս օբյեկտիվ գործոններով բացատրելու հիմնավորումներ ապահովելու նպատակով: Այնպես որ` 2014թ. բյուջեն բարեհաջող կերպով ԱԺ-ում հաստատել տալուց հետո կառավարության հիմնական խնդիրը դառնում է նախագահի սահմանած ժամկետում նրա պահանջած հիմնավորումներն ապահովելը, ինչը նշանակում է, որ այդ ամբողջ ընթացքում հանրությունն ականատես է լինելու հերթական քարոզչական մանիպուլյացիոն թատրոնին` «ինչու հնարավոր չէր անել ավելին» մոտիվներով: Գոնե այս պահին արտաքուստ թվում է, թե նախագահը հակված է ավելի շատ հավատալու, քան չհավատալու կառավարության ներկայացնելիք հիպոթետիկ այդ բացատրություններին, և որևէ հիմք չկա մտածելու, թե փետրվար-մարտ ամիսներին նա կցրի կառավարությունը:

 

Նախ` Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից հետո, անդրադառնալով կառավարության փոփոխությանը, նշել էր, թե նախագահը ոչ թե հանձնարարական է տվել գործադիրին, այլ ընդամենը «քաղաքական պատվեր», ինչով անուղղակիորեն ցածրացրել է ներկայացված պահանջի նշանակությունն ու մակարդակը: Սա, իհարկե, տրամաբանական և լուրջ հիմնավորում չէ, որովհետև բովանդակային առումով ոչ մի նշանակություն չունի` պահանջը եղել է հանձնարարակա՞ն, թե՞ «քաղաքական պատվեր»: Խնդիրը ուրիշ հարթությունում է: Սերժ Սարգսյանը չի սիրում կադրային լուրջ փոփոխություններ, կառավարման համակարգի թարմացում: Նրա կադրային քաղաքականությունը ռոտացիոն բնույթ ունի, այսինքն` հիմնված է կադրերի շարունակական տեղապտույտի վրա: Սա, իհարկե, ավելի վերահսկելի ու վստահելի է դարձնում համակարգը նախագահի համար, սակայն, մյուս կողմից, այն վերածում է փակ կարուսելի` հանգեցնելով ճահճացման, ինչի գարշահոտն արդեն վաղուց զգացվում է գործող կառավարությունից: Բոլոր դեպքերում Սերժ Սարգսյանը չի ցանկանում դուրս գալ իրեն ծանոթ կադրերի, դեմքերի շրջանակից, նաեւ վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության ծիրից:

 

Մյուս կողմից` առաջիկայում Հայաստանին չափազանց դժվարին օրեր են սպասվում Մաքսային միությանն անդամակցելու իմաստով: Տիգրան Սարգսյանի կառավարությունը, որը սկզբում սկզբունքորեն դեմ էր այդ միությանը Հայաստանի անդամակցությանը, գերմարդկային ճիգերի գնով կարողացավ սահմանված ժամկետից շուտ ռուսական կողմի հետ մշակել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու «ճանապարհային քարտեզը», ինչով ևս մի քանի դիվիդենդներ շահեց Կրեմլի վստահությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ բարձրացնելու առումով: Եվ, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը, այդ ջանասիրության համար ոգեւորելով վարչապետին, հենց նրա կաբինետին էլ կվստահի այդ ճանապարհային քարտեզով սահմանված պրոցեսների իրականացումը դեպի ՄՄ: Դժվար է պատկերացնել, որ նախագահն ընթացքի պահին կորոշի փոխել ձիերը, ինչը միշտ հղի է անկանխատեսելի հետևանքներով: Իսկ անկանխատեսելիությունը հենց այն է, ինչից ամեն գնով փորձում է իրեն ազատել Սերժ Սարգսյանը: Այնպես որ` էկոնոմիկայի նախարարությունից կառավարությանը տրված` հիմնավորումներ գտնելու մասին նոր հանձնարարականը կարելի է ընկալել որպես կառավարության և իր դեմքը փրկելու, դեռ մարտին ներկայացված 7տոկոսանոց աճի ապահովման առավել քան չափելի պահանջը «ջրելու» նոր «քաղաքական պատվեր»:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ