կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-16 11:43
Տնտեսական

Գրավի արժեքը երբեմն գերազանցում է պարտավորության չափը. վարչապետի նոր հանձնարարականը

Գրավի արժեքը երբեմն գերազանցում է պարտավորության չափը. վարչապետի նոր հանձնարարականը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հերթական նիստից առաջ  բանկային գրավի առգրավման հետ կապված հանձնարարական տվեց: Նրա խոսքով` գործող օրենսդրական կարգավորումները բանկերին և վարկային կազմակերպություններին գրավի իրացման կազմակերպման գործընթացում ընձեռում են հայեցողության լայն շրջանակ: Սակայն, քանի որ առկա չէ բռնագանձման ծանուցումը գրավավատանը հանձնելուց հետո այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ, նշվածը խիստ մտահոգիչ է այն տեսանկյունից, որ գրավի առարկայի արժեքը երբեմն գերազանցում է դրամով ապահովված պարտավորության չափը:

«Բանկերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն և որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչև այն պահը, երբ պարտավորության խախտման հետևանքով հաշվեգրվող տուգանքների շնորհիվ վարկառուի պարտքի չափը կհավասարվի կամ նույնիսկ կգերազանցի համապատասխան գրավի առարկայի արժեքը։ Այս իրավիճակը բացառելու նպատակով հանձնարարում եմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրա խախտման դեպքում համապատասխան տուգանքների դադարեցման մեխանիզմների վերաբերյալ»,- հանձնարարեց վարչապետը: