կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-25 15:45
Տնտեսական

Կարճ ժամանակահատվածում տեսանելի դարձնել որակական փոփոխությունները. ՊԵԿ նախագահի հանձնարարականը

Կարճ ժամանակահատվածում տեսանելի դարձնել որակական փոփոխությունները. ՊԵԿ նախագահի հանձնարարականը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ անդրադառնալով մաքսային ծառայության առաջիկա անելիքներին: Վարդան Հարությունյանի խոսքով՝ հանրապետության նախագահի և կառավարության ղեկավարի հստակ հանձնարարականներն են՝ իրականացնել մաքսային ծառայության համակարգային և որակական փոփոխություններ.  «Մաքսավորի ներկայությունը սահմանային անցակետերում պետք է հասցվի  նվազագույնի. մաքսային աշխատակիցը կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ խնդիր է առաջանում: Այսօր ամենամեծ դժգոհությունն արդարության և հավասարության պակասից է»:

Մաքսայինն այն օղակն է, որ առաջինն է շփվում երկիր մտնող յուրաքանչյուր քաղաքացու հետ: Հետևաբար, ըստ Վարդան Հարությունյանի, ավելի քան կարևորվում է մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն:

«Պետք է մատուցվի բացառապես որակյալ մաքսային ծառայություն, հակառակ դեպքում կունենանք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք առկա են ասօր»,-շեշտել է կոմիտեի ղեկավարը և հորդորել՝ բիզնեսի համար ազատականացնել ընթացակարգերը, չստեղծել արհեստական խոչընդոտներ ներկրումների գործընթացում, միաժամանակ չթուլացնել հսկողությունն ու խստացնել մաքսանենգության դեմ պայքարը: ՊԵԿ նախագահն այս փուլում կարևորել է հետբացթողումային արդյունավետ հսկողության  անհրաժեշտությունը. «Անելիքներ շատ կան, հատկապես այն բացթողումների ուղղությամբ, որոնք լուծում չեն ստացել մաքսատանը. հետբացթողումային հսկողության վարչության խնդիրն է՝ իրականացնել ստուգումներ և համապատասխան հետևություններ անել»:

Արագ փոփոխությունների գրավականը Վարդան Հարությունյանի դիտարկմամբ «մեկ պատուհան» ծառայության լիարժեք ներդրումն է, ինչի արդյունքում՝ նվազագույնի կհասցվի մաքսավորի շփումը բիզնեսի, սահմանը հատող քաղաքացու և զբոսաշրջիկի հետ: Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ.

«Քայլ առ քայլ իրականացնելու ենք նախանշված առաջնահերթությունները: Կարճ ժամանակահատվածում հանրությանը պետք է տեսանելի դարձնել արդյունքները: Մեկ շաբաթվա ընթացքում ակնկալում եմ նոր աշխատաոճ, նոր մոտեցումներ»,-ընդգծել է  կոմիտեի նախագահը:

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին