կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 15:34
Տնտեսական

Ինչ ասել է` հայկական պլանշետ

Ինչ ասել է`  հայկական պլանշետ

Հայկական պլանշետների հավաքման պրոցեսը, դիզայնը, ծրագրերով ապահովումը, համապատասխան գործիքակազմով համալրումը կատարվելու են Հայաստանում, իսկ Հոնկոնգում արտադրվելու են համակարգիչների մայր տպասալիկները, որոշ ալեհավաքներ, Թայվանում` իրանի մասեր եւ այլն: Yerkir.am-ին հայկական առաջին պլանշետների արտադրության մասին պատմեց Technology and Science Dynamics Inc. ընկերության նախագահ Վահան Շաքարյանը:

 

Փաստորեն, հայկական պլանշետների հավաքումը կատարվելու է Հայաստանում, բոլոր այն բաղադրատարրերը, որոնք արտադրվում են Հայաստանում, ձեռք են բերվելու տեղից, իսկ մնացած անհրաժեշտ բաղադրատարրերը, որոնց արտադրությունը Հայաստանում չի կազմակերպվում, արտասահմանյան ընկերություններից, ընդ որում` այն, որոնք մատակարարում են աշխարհի ամենահայտնի բրենդներին:

 

Իսկ այն թյուրիմացությունը, թե բուն արտադրության գործընթացի մի մասը կազմակերպվելու է Հոնկոնգում, մի մասը` ԱՄՆ-ում, եւ միայն պլանշետների hardwere-ն ու softwere-ն են Հայաստանում արտադրվելու, ըստ Շաքարյանի, սխալ է մեկնաբանվել:

 

«Որովհետև ես շատ լավ հիշում եմ' այդ հարցն ինձ առաջին անգամ տվել է ՀՀ վարչապետը, եւ ես բացատրեցի այնպես, ինչպես հիմա, բայց որոշ մարդիկ կա'մ սխալ են հասկացել, կա'մ բաց են թողել այդ մասը: Բացի մայր պլատայից, բացի դրայվերներից ու չիպերից, այլ բան դրսում չի հավաքվում: Այսօր ուղղակի Հայաստանն ի վիճակի չէ այդ ամենն այստեղ անելու: Մենք հույս ունենք, որ մի երկու տարի հետո հնարավոր կլինի այդ ամենը եւս այստեղ անել»,- ասաց Վահան Շաքարյանը` հայտնելով նաեւ, որ ներկայումս իրենք համագործակցում են հայկական համապատասխան տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի սկսեն աշխատանքները մայր տպասալիկների (материнская плата) ձևավորման, դիզայնի ուղղությամբ, որպեսզի դրանց արտադրությունը եւս Հայաստանում կազմակերպվի: Բայց ներկայումս դեռ ստիպված են բավարարվել արտասահմանյան ընկերությունների առաջարկած մասերով:

 

Հայաստանում պլանշետները կարտադրվեն Technology and Science Dynamics Inc.-ը պատկանող Armtab technologies ընկերության կողմից: Հայկական արտադրության «Արմթաբ»-երը կլինեն   ԱՄՆ-ում արտադրված ու ամերիկյան մայրցամաքում հայտնի Minno պլանշետների «զավակները»:

 

Շաքարյանը նեղսրտում է, որ հայկական պլանշետների ու սմարթֆոնի ներկայացումը դիտարկվեց քաղաքական ենթատեքստով, նա հավաստիացնում է, որ իրենց ընկերությունը նոր է որոշել պլանշետների արտադրություն սկսել Հայաստանում. ընդամենը 2 ամիս է, ինչ ընկերության ղեկավարը Հայաստանում է: Նա նշեց, որ իրենց ոչ ոք չի հրավիրել Հայաստան կամ պարտադրել ինչ-որ բան ներկայացնել' շոուի համար, իսկ գործերի ընթացքից գոհ է:

 

«Լսեցինք, որ Հայաստանում ազատ տնտեսական գոտիներ կան: Մենք եկել ենք ու դիմել ենք ազատ տնտեսական  գոտուն»,- ներկայացրեց Վահան Շաքարյանը:

 

Ընկերությունն արդեն դիմել է կառավարությանը' ազատ տնտեսական գոտու ձեռնարկություն համարվելու համար եւ ներկայումս սպասում է կառավարության համապատասխան որոշմանը: