Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Միննո» և «ԱրմԹաբ» պլանշետների մասսայական արտադրությունը Հայաստանում կարող է սկսվել արդեն այս տարվա մայիսի վերջին, եթե ծրագրերին խանգարող հանգամանքներ չլինեն. լրագրողներին այսօր տեղեկացրեց «ԱրմԹաբ» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը:
Նա հայտնեց, որ արտադրությունը կազմակերպելու համար միայն արտադրատարածքն է տրամադրված ընկերությանը ազատ տնտեսական գոտում, որը դեռ պետք է վերակառուցվի ու հարմարեցվի պլանշետների արտադրության համար: Դրանից հետո պետք է համապատասխան գործիքներ ու հաստոցներ ներկրվեն: Եվ եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես ընկերությունում են ծրագրել, ապա մայիսի վերջին Հայաստանում կսկսվի «ԱրմԹաբ» եւ «Միննո» պլանշետների մասսայական արտադրությունը:
Սկզբնական փուլում նախատեսվում է տարեկան մոտ 100 հազար «Միննո» պլանշետներ հավաքել Հայաստանում: Իսկ «ԱրմԹաբի» մասին Վահան Շաքարյանը տեղեկացրեց, որ, միայն համացանցի, հեռախոսազանգերով գրանցված տվյալները ամփոփելով, այսօրվա դրությամբ արդեն կա 1000-1050 հատ պատվեր. արտասահմանում մեր բազմաթիվ հայրենակիցներ «ԱրմԹաբ»-ի պատվերներ են տվել:
«ԱրմԹաբ»-ի արտահանման ակնկալվող ծավալների մասին էլ Վահան Շաքարյանը նշեց, որ դեռ պոտենցիալ գործընկերների հետ բանակցություններ են ընթանում, ու դրանցից հետո նոր միայն պարզ կլինի, թե տարեկան ինչքան «ԱրմԹաբ» պետք է արտադրվի ու արտահանվի:
Վահան Շաքարյանը դիմեց նաև քաղաքացիներին` խնդրելով այս պահին իրենց աշխատանքի համար չդիմել, քանի որ աշխատատեղերի բացում դեռ այս փուլում նախատեսված չէ: Դրա մասին ընկերությունը լրացուցիչ հայտարարություն կտարածի: