Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող մի շարք քաղաքացիներ նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ նամակը ստորագրել էին տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, այդ թվում` «Անելիք» բանկի 68, ԵՊՀ-ի 91 աշխատակիցներ: Սակայն հետո, օրինակ, «Անելիք» բանկը հանդես եկավ լրացուցիչ պարզաբանմամբ, նշելով, թե իր աշխատակիցները սխալ են ընկալել ստորագրահավաքի բուն էությունը:
Yerkir.am -ը դիմեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին` փորձելով պարզել, թե ինչպես է նա վերաբերվում այդ նամակին, այն ստորագրած` ԵՊՀ աշխատակիցների պահանջին:
«Նամակը ստորագրելուց հետո նրանց ինչ-որ բան սպառնո՞ւմ է, ինչպես «Անելիք բանկի» դեպքում» հարցից ԵՊՀ ռեկտորը միանգամից բորբոքվեց: Նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պետք է իրենց կարծիքն արտահայտած մարդկանց ինչ-որ բանով սպառնալ: «Ամոթ է եւ վիրավորական, որ Դուք այդպիսի պրիմիտիվ հարց եք տալիս. Երեւանի պետական համալսարանի ռեկտորին այդպիսի հարց եք տալիս: Ես վերակացո՞ւ եմ... Ո՞ր շրջանում ենք ապրում, ո՞ր երկրում ենք... Այդ հարցը, որ Դուք ձեւակերպում եք, օրինակ, Ձեզ հաշիվ տալի՞ս եք, թե ինչ հարց եք տալիս` դա վիրավորանք է, չէ՞»,- բորբոքված ասաց Արամ Սիմոնյանը:
Փորձեցինք պարզաբանել, որ դառը փորձը ցույց է տալիս, որ այդ նամակը ստորագրած որոշ մարդիկ իրենց աշխատանքի վայրում հանդիպել են ղեկավարների կոշտ հակազդեցությանը, նրանցից ոմանց ստիպել են հրաժարվել իրենց տեսակետից եւ այլն, բայց Արամ Սիմոնյանն այնքան էր բորբոքվել, որ ուղղակի չէր ուզում լսել...
«Ձեր դիմացինը, ում հետ խոսում եք, այդքան պրիմիտի՞վ մարդ է, թե՞ Դուք եք այդքան պրիմիտիվ պատկերացնում Սիմոնյանին: Ինչպե՞ս կարելի է այդպիսի հարց տալ ԵՊՀ ռեկտորին. Ես ուղղակի մնում եմ զարմացած. իր անձնական գործն է, իր անձնական տեսակետն է, այդ տեսակետն արտահայտել ու նամակով դիմել է երկրի նախագահին, Դուք ինձ հիմա այդ ի՞նչ պրովոկացիոն հարց եք տալիս»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
Մենք դարձյալ փորձեցինք պարզաբանել, թե ինչով է պայմանավորված մեր հարցը, նշեցինք, որ դա պրովոկացիոն հարց չէ, ուղղակի, դառը փորձից ելնելով, հարցնում ենք, սակայն Արամ Սիմոնյանը չէր ցանկանում լսել մեզ:
«Ուրիշ զբաղմունք չունե՞ք, քան զանգել ու ԵՊՀ ռեկտորին այդպիսի հարց տալ: Փոխանակ կրթությունից հարց տաք, մարդկանց վիճակից հարց տաք, աշխատավարձներից տաք եւ այլն, չգիտեմ... Ձեր տված հարցի մակարդակը նայե'ք, ես այլ բան չունեմ ասելու, շնորհակալ եմ, որ լսեցիք»,- ասաց ԵՊՀ ռեկտորն ու անջատեց հեռախոսը: