Տեղեկացրել էինք, որ այսօր ԵՊՀ-ում հոգաբարձուների
խորհրդի նիստ էր: Օրակարգում էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցը. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար` Մարտիրոս Իսրայելյանը:
Ներկայացնելով տարեկան հաշվետվությունը` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ, ձեռքբերումներին զուգահեռ, եղել են նաև բացթողումներ: Նրա խոսքով` շարունակում է նվազել գիտական գործունեությամբ զբաղվող գիտաշխատողների մեջ 35-55 տարեկանների թիվը:
«Բացի այդ`ԵՊՀ-ին տրամադրվող բազային, թեմատիկ ֆինանսների սղության հետևանքով գիտահետազոտական լաբորատորիաների վերազինման տեմպը շարունակում է ցածր մնալ: Կիրառական նշանակություն ունեցող գիտահետազոտական արդյունքները հիմնականում չեն վերածվում ներդրման պատրաստ տեխնոլոգիաների: Գիտահետազոտական ծրագրերի, գիտության ֆինանսավորման էլ ավելի պակասեցումը, մասնավորապես` աշխատավարձերի ցածր մակարդակը, վտանգի տակ է դնում համալսարանը հեռանկարային, երիտասարդ մասնագետներով համալրելը»,- ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով` շարունակում է ցածր մնալ գիտական ծրագրերում ասպիրանտների ընդգրկվածությունը, իսկ առաջատար գիտաշխատողների տարիքը բարձր է մնում:
ԵՊՀ ռեկտորը նշեց, որ իրենց հասած տեղեկություններով` կառավարությունը վերջերս հաստատել է կամ հաստատելու է բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու առաջարկը: Նման առաջարկն օրենքի ուժ ստանալու դեպքում, ըստ Սիմոնյանի, ԵՊՆ-ն ամսական կկորցնի 50 մլն դրամ: «Բազային ֆինանսավորման 401 աշխատակիցների առնվազն կեսը կդառնա գործազուրկ, քանի որ դժվար է պատկերացնել, որ ԵՊՀ-ն նախկինի նման տեմպերով կկարողանա հաղթել մյուս մրցակիցներին բազային ֆինանսավորման ոլորտում: Սա շատ ծանր հետևանք կարող է ունենալ գիտության զարգացման վրա»,- ասաց Սիմոնյանը` հավելելով, որ խնդրում է հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին` անել ամեն ինչ, որպեսզի ֆինանսների նախարարության այդ առաջարկը կյանքի չկոչվի: