կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-04 12:00
Քաղաքական

Երևանը Կիև չէ, եւ հայ մարդուն հեշտ չէ ցույցի հանել. ռուսական պարբերականի անդրադարձը

Երևանը Կիև չէ, եւ հայ մարդուն հեշտ չէ ցույցի հանել. ռուսական պարբերականի անդրադարձը

Սեպտեմբերին պարզվեց, որ Հայաստանը պատրաստվում է միանալ ՄՄ-ին: Այդ ժամանակից ի վեր հայկական խոհանոցների գլխավոր թեման դա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն էր Հայաստան. գրում է Slon.ru-ն «Ինչպես Հայաստանն ընտրություն կատարեց ԵՄ-ի և ՄՄ-ի միջև» հոդվածում:

 

Հոդվածում նշվում է, որ Հայաստանի նախագահը մեկ տարում արդեն 2 անգամ գնացել էր Պուտինի մոտ, հիմա էլ Պուտինի հերթն էր, ով վերջին անգամ այդ երկրում եղել էր 2005-ին:

 

«Այդ առիթով վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ռեկորդային արագությամբ ճանապարհներ ասֆալտապատվեցին, նորոգվեցին: Գյումրին սպասում էր Պուտինին»,- ասվում է հոդվածում:

 

Այնուհետեւ հոդվածագիրը թվարկում է Պուտինի այցի արդյուքները. Հայաստանը ռուսական զենք է գնելու ներռուսաստանյան գներով, ռուսական գազի նոր գին է սահմանվել դաշնակից Հայաստանի համար, ՄՄ-ի «ճանապարհային քարտեզը» կստորագրվի Մոսկվայում դեկտեմբերի 24-ին:

 

Հոդվածագիրը նշում է նաև բողոքի ցույցերի մասին`ուղղված Պուտին այցի և Հայաստանի` ՄՄ-ին միանալու դեմ: «Սակայն Երևանը Կիև չէ, և հայ մարդուն հեշտ չէ ցույցի հանել, բացի այդ, ճիշտն ասած, Հայաստանը միշտ էլ ձգտել է ՄՄ, ոչ թե ԵՄ»,- գրում է նա:

 

Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի փորձը ցույց տվեց, որ ԵՄ-ն իր դաշնակիցների համար չի վճարում, իսկ Ռուսաստանն առատաձեռն է այդ հարցում: «ԵՄ-ն երբեք ներդրումներ չի անի, եթե տնտեսական շահույթ չլինի: Կամ էլ ԵՄ-ն կարող է առանց վիզայի ռեժիմ ապահովել: Բայց քանի՞ հայ կարող է առանց վիզայի Փարիզ կամ Մյունխեն գնալ: Եթե, իհարկե, ոչ մշտական: Որպես առևտրային գործընկեր էլ ԵՄ-ն չափազանց թանկ է Հայաստանի քաղաքացու համար: Նույնիսկ առանց մաքսի եվրոպական արտադրանքը հայերի մեծ մասի հնարավորություններից վեր է: Հայաստանը գուցեև ունի Եվրոպայի կարիքը, սակայն Եվրոպան Հայաստանինը` ոչ այնքան»,- գրված է հոդվածում:

 

Միևնույն ժամանակ, ըստ հոդվածագրի, Ռուսաստանը քիչ բան չի արել Հայաստանին իր հետ կապելու համար: «Հայաստանի գրեթե բոլոր ռազմավարական օբյեկտները Ռուսաստանի ձեռքում են` կապը, էլեկտրաէներգիան, գազը, ատոմակայանը, որ կառուցելու են, երկաթուղային հաղորդակցությունը: Հայաստանում է գտնվում տարածաշրջանում միակ ռուսական ռազմակայանը, ռուս սահմանապահները հսկում են հայ-թուրքական սահմանը»,- գրված է հոդվածում:

 

Հոդվածի վերջում խոսվում է ռուսների և հայերի փոխհարաբերությունների մասին: «Հայաստանում Ռուսաստանին և ռուսներին չեն սիրում իրենց պահվածքի համար, այլ ոչ թե այն բանի, որ ռուս են: Իսկ ռուսական իրականությունն այլ է. մարդուն կարող են ծեծել ու նույնիսկ սպանել այլազգի լինելու համար: Հայերի հիշողության մեջ դեռ թարմ է ծաղկավոր խալաթը, որով հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը ներկայացավ դատարան: Հայերը հետևում են այդ ամենին և եզրակացություններ անում»,-ասվում է հոդվածում:

 

«ՄՄ-ից Հայաստանը շահում է նաև Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Մեկ լավ նորություն էլ` ԵՄ-ն Հայաստանին արդեն ներել է ՄՄ-ի համար: Հետաքրքիր է` Արևմուտքում ոչ ոք չի գրում այն մասին, որ ավտորիտար Պուտինը ցանկանում է կուլ տալ ազատասեր եվրոպատենչ Հայաստանին: Իսկ Ուկրաինան բոլորին մտահոգում է: Գուցե այն պատճառով, որ Ուկրաինան մեծ է, կամ Հայաստանն է ոչ բավարար եվրոպատենչ», - եզրափակում է հոդվածագիրը։