Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մեկնարկել են առաջիկայում նախատեսվող պատարագի հետ կապված նախապատրաստական աշխատանքները։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Դուվար» պարբերականի թղթակից Քադիր Ջեսուրը։
Թուրքական աղբյուրը նախ հիշեցնում է, որ Վանի Գեւաշ (հայկական պատմ․ Ոստան) գավառում կառուցված Սուրբ Խաչը մեծ նշանակություն ունի հայերի համար։ Թուրքական հրապարակման հեղինակը նշում է, որ եկեղեցին կառուցվել է Վասպուրականի թագավոր Գագիկ Առաջինի կողմից, 915-921 թթ․։ Եկեղեցին վերականգնվել է 2005 թ․, իսկ 2 տարի անց՝ վերաբացվել որպես թանգարան։ Վերանորոգումից հետո առաջին պատարագն այստեղ մատուցվել է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին։
Թուրքական իշխանությունները թույլ են տալիս այստեղ պատարագ մատուցել տարեկան միայն մեկ անգամ։ Սակայն 2015 թ․ սկսած 3 տարի անընդմեջ եկեղեցում կրոնական արարողություն չի արվել՝ «անվտանգության» պատրվակի տակ։ Հետագայում պատարագի արարողությունն իրականացվել է որոշակի սահմանափակումներով՝ համավարակի հետ պայմանավորված։ Այս տարի նախատեսվող պատարագին ակնկալվում է թե արտերկրից և թե երկրի քաղաքացիների կողմից մեծ մասնակցություն։
Ինչպես նշում է հրապարակման հեղինակ Քադիր Ջեսուրը, հայերը ոչ բավարար են համարում տարեկան մեկ անգամ կատարվող պատարագը և կարծում են, որ այն պետք է ավելի հաճախ արվի։ Այսպես, օրինակ, Վանում մշտական բնակություն հաստատած Գայանե Գևորգյանը պարբերականի թղթակցի հետ զրույցում շեշտել է, որ հայերը ցանկանում են, որ պատարագն այստեղ մատուցվի ամեն կիրակի, և որ եկեղեցին մշտական սպասավոր ունենա։ Սակայն տիկին Գայանեի խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները նման բան թույլ չեն տալիս։
Թուրքական պարբերականի թղթակիցը զրուցել է նաև Վանի մի ասորական եկեղեցու քահանա Վահիթ Յըլդըզի հետ, ով նշել է, թե ավելի օգտակար կլիներ, եթե եկեղեցու ղեկավարումը հանձնվեր հայերին։ Ասորի հոգևորականը ևս ընդգծել է, որ տարեկան մեկանգամյա պատարագը չի կարելի բավարար համարել և հավելել․
«Ասորական վանքերը մշտապես բաց են։ Սակայն Աղթամարի եկեղեցին ներկա պահին գործում է թանգարանի կարգավիճակում։ Մուտքավճարն էլ շատ բարձր է։ Դրա համար մարդիկ այլևս նախկինի նման չեն կարողանում այն հաճախ այցելել։ Շատ տեղին որոշում կլիներ, եթե եկեղեցին հանձնվեր հայկական համայնքին։ Այդ դեպքում այնտեղ ամեն օր արարողություններ կկազմակերպվեին։ Հայկական համայնքն իր ծրագիրը կունենար եկեղեցում արարողություններ անելու առումով։ Այդ դեպքում հասարակություններն էլ իրար ավելի լավ կճանաչեին և կմերձենային միմյանց հետ։
Մեր տարածաշրջանում ու երկրում բազմաթիվ ժողովուրդներ կան, որոնք զանազան կրոններ են դավանում։ Եթե մեր պետությունը այդ դավանանքների հանդեպ հավասար մոտեցում ցուցաբերի և դյուրացնի այդ կրոնների դավանումը, ապա համոզված եմ, որ ժողովուրդները ևս տարբեր կրոններին կմոտենան այդ ընկալմամբ, այսինքն՝ սիրով ու հարգանքով։ Այդ պատճառով, եթե Աղթամարում պատարագ մատուցվի ոչ թե տարեկան մեկ անգամ, այլ այս եկեղեցին ազատ լինի արարողություններ կազմակերպելու հարցում, ապա շատ ավելի օգտակար կլինի»։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net