| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 4810 դիտում,
        
            4810 դիտում,  2 տարի առաջ - 2023-03-01 12:57
            2 տարի առաջ - 2023-03-01 12:57  
         
                
            Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը: Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակն է մատնանշում Christian Post պարբերականը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Christian Post-ն անդրադառնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով:
Պարբերականը ներկայացնում է CBN News-ի հարցազրույցը արցախցի Գայանե Բեգլարյանի հետ, որի 4-ամյա դուստրն ունի լյարդի քաղցկեղ: Արցախում հերթական բուժման հնարավորություն չունենալու պատճառով ընտանիքը Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Երևան: Սակայն տարբեր հիվանդություններ ունեցող բազմաթիվ արցախահայեր դեռ շարունակում են զրկված մնալ անհրաժեշտ բուժօգնությունից:
Հոդվածի հեղինակը ներկայացնում է միջազգային հանրության արձագանքը շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Պարբերականը հիշեցնում է, որ փետրվարի 20-ին Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը CBN News-ի եթերում հայտնել էր, որ Արցախում իրավիճակը չափազանց լուրջ է, կա ցեղասպանության վտանգ:
«Սա կարող է լինել ցեղասպանության հերթական փուլ, քրիստոնյաների ոչնչացում, քրիստոնյա ժառանգության ոչնչացում», - ասել էր Քերոլայն Քոքսը:
Պարբերականը հիշեցնում է, որ հունվարին «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները և բարոնուհի Քոքսը նամակ էին հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հորդորելով գործողություններ ձեռնարկել՝ կանխելու հայերի դեմ ևս մեկ ցեղասպանությունը:
Այնուհետև Christian Post-ն անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությանը, 2016 թ.-ի ապրիլյան պատերազմին, 2020 թ.-ի 44-օրյա պատերազմին, որի ավարտին կնքված հրադադարը, սակայն, չի հանգեցրել լարվածության թուլացման: