Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ Արևելյան գործընկերության վիլնյուսյան` երկար սպասված գագաթաժողովը մոտեցավ ավարտին: Որևէ անակնկալ տեղի չունեցավ: Վրաստանը և Մոլդովան ԵՄ-ի հետ նախաստորագրեցին Ասոցացման, Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, Ադրբեջանի հետ ստորագրվեց վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը, Հայաստանը և ԵՄ-ն համատեղ հայտարարություն տարածեցին, իսկ Ուկրաինան հրաժարվեց ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Եվրոպան չստացավ այն, ինչ նախատեսել էր դեռ 5 տարի առաջ ԱլԳ ծրագիրը շրջանառության մեջ դնելու ժամանակ, սակայն Վրաստանի և Մոլդովայի սկզբունքային կեցվածքը հնարավորություն տվեցին այս փուլում գոնե փրկել ծրագիրն ամբողջական ձախողումից:
Այս գագաթաժողովով, սակայն, ոչինչ չավարտվեց: Ընդհակառակը` կարելի է ասել, որ սկսվում է մի նոր, շատ ավելի հետաքրքիր ու ինտրիգային փուլ, որտեղ արդեն հիմնական գործող անձինք կլինեն ոչ այնքան ծրագրի շահառու պետությունները, որքան ԵՄ-ն և Ռուսաստանը: Նոր փուլը նշանավորվելու է այս երկու աշխարհաքաղաքական բևեռների դիվանագիտական առճակատմամբ, և Արևելյան Եվրոպայի` հետխորհրդային տարածքների համար մրցակցությունը մտնելու է վճռական, եզրափակիչ շրջափուլ: Ուկրաինայի` վերջին պահին Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու հանգամանքը Բրյուսելին հասկանալի դարձրեց, որ Վրաստանի և Մոլդովայի կողմից այդ փաստաթղթի նախաստորագրումը դեռ ոչինչ չի նշանակում, և ցանկացած պահի Մոսկվայի ազդեցությամբ նրանք ևս կարող են հրաժարվել ստորագրումից: Եվ Բրյուսելի հիմնական խնդիրը լինելու է մի կողմից դրա կանխարգելումը, մյուս կողմից` բոլոր դեպքերում Ուկրաինային ստորագրման մղելը: Թե' մինչև Վիլնյուս մեկնելը և թե' գագաթաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չդադարեց հույս ներշնչել, որ պատրաստ է ցանկացած պահի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, եթե հաջողվի բլոկադայի ենթարկել Մոսկվայի ճնշումները կամ փոխհատուցել այն վնասները, որոնք կարող է իր երկիրը կրել ստորագրելու դեպքում` անխուսափելի դարձող ճնշումներից ու շրջափակումից: Եվ Բրյուսելը, կարծես, հակված է ընդառաջել Յանուկովիչին` նրան Կրեմլի հարձակումներից պաշտպանելու համար:
Գագաթաժողովի ավարտին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, թե իրենք հարգում են Ռուսաստանին, սակայն դա չի նշանակում, որ այլ երկրի հետ բանակցելիս պետք է ընդունեն նրա միջնորդությունը: Իսկ ահա ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպույը շատ ավելի կոշտ է արտահայտվել: Նա նշել է, թե ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը, որը, փաստորեն, մնում է ուժի մեջ: «Մենք Ուկրաինայի, այդ թվում՝ ԵՄ-ի պոտենցիալ երկրների հետ երկար ճանապարհ ենք սկսում: Այդ ճանապարհին մենք հաշվի կառնենք երրորդ կողմերի ճնշումները, այդ թվում` Ռուսաստանի»,- ասել է նա: Պատահական չէ, թերևս, որ այս պահից արդեն խոսվում է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը 2014թ. սկզբներին ստորագրելու հնարավորության մասին: Այս դիրքորոշումն, իհարկե, բխում է Յանուկովիչի շահերից, ով ավելի վաղ, հայտարարելով, թե Կիևի պլաններում չի մտնում Մաքսային միությանն անդամակցելը, հստակ ուղերձ էր հղել, որ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու այլընտրանքը բոլորովին էլ Մաքսային միության մեջ ընդգրկվելը չէ: Յանուկովիչն, իհարկե, այդ մոտեցումն արտահայտել է` թուլացնելու համար Ուկրաինայի հասարակության հակակառավարական տրամադրությունները, սակայն դա Ուկրաինայի համար պայքարելու հնարավորություն է տալիս ԵՄ-ին: Բրյուսելի կողմից Ուկրաինայից երես չթեքելը նշանակում է, որ ԵՄ-ն կարող է բավարարել ֆինանսական այն ահռելի պահանջները, որոնք ներկայացնում է Կիևը համաձայնագիրը ստորագրելու դիմաց: Բայց դա կախված է նրանից, թե արդյո՞ք Ռուսաստանը կբավարարվի այն ճնշումներով, որոնք կիրառում է Կիևի նկատմամբ ներկայումս:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարելի է ասել որ եվրաինտեգրման թեման նրա համար վերջնականապես փակվել է: Դա հստակ արտահայտվեց ԵՄ-ի և Երևանի կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ: Այս փաստաթղթում բառացիորեն նշված է հետևյալը. «Եվրոպական Միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման համաձայնագրի, այդ թվում` Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ»: Ուշադրություն դարձնենք, որ խոսքը նաև ասոցացման բաղադրիչի մասին է, այսինքն` այդ համաձայնագրի քաղաքական մասի, որը ստորագրելու պատրաստակամությունը Երևանը հայտնել էր հենց սկզբից և այդ հարցում ԵՄ-ի փոխըմբռնումն էր ակնկալում: Բացի դրանից` կողմերը նաև ընդգծել են իրենց համագործակցության «հիմքին անդրադառնալու կարևորությունը»: Իսկ այդ հիմքը, ըստ էության, հենց ԱլԳ-ի ծրագրում Հայաստանի ընդգրկումն էր: Փաստացի ստացվում է, որ ԱլԳ ծրագրում Հայաստանն այլևս անելիքներ չունի, ու ԵՄ-ի հետ նրա հարաբերությունները տեղափոխվում են երկկողմ շփումների մակարդակ:
Մյուս էական հանգամանքն այն է, որ ԵՄ-ն բավարարվեց` Հայաստանի հետ ընդամենը հռչակագրային, որևէ գործնական նշանակություն չունեցող հայտարարություն ընդունելով: Մինչդեռ խոսքը կարծես գնում էր հռչակագրի կամ հուշագրի ստորագրման մասին: Հայտարարությունը դրանցից տարբերվում է նրանով, որ կոնկրետ պարտավորություններ ու իրավունքներ չի ամրագրում և չի հստակեցնում կողմերի պատասխանատվության աստիճանն ու շրջանակները: Այլ կերպ ասած` ԵՄ-ի մոտեցումն այն է, թե ամեն ինչ կախված է Հայաստանից` կցանկանա՞ այն իրականացնել բարեփոխումները, որոնց մասին Սերժ Սարգսյանը խոսեց վիլնյուսյան գագաթաժողովում ունեցած ելույթի ժամանակ, Եվրոպան կօգնի, չի՞ ցանկանա` Աստված իր հետ: Բոլոր դեպքերում Եվրոպան արդեն վերջնականապես Հայաստանը բովանդակային առումով համարում է կորսված` դրանից բխող բոլոր հետևանքներով, չնայած ֆորմալ առումով կշարունակի նրա հետ հարաբերությունները: Գուցե վերաբերմունքն այդպիսին չլիներ, եթե Հայաստանի հասարակության մոտ տեսներ եվրոպական ինտեգրման նկատմամբ այն նույն շահագրգռությունը, որը դրսևորում է Ուկրաինայի ժողովուրդի ճնշող մեծամասնությունը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ