կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-20 13:10
Տնտեսական

Պետբյուջեի եկամուտների թալանը` 1,8 միլիարդ դոլար

Պետբյուջեի եկամուտների թալանը` 1,8 միլիարդ դոլար

Հայաստանում կոռուպցիան համակարգային է և կազմում է մի բուրգ, որի գագաթին կանգնած են բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` խոսելով նոյեմբերի 5-ին կառավարությանն ուղղված` ՀԱԿ խմբակցության հարցապնդման մասին` համակարգված և համատարած կոռուպցիայի վերաբերյալ:

 

Նրա խոսքով` այդ հարցապնդման մեջ ներառվել են կոռուպցիայի այն ակնհայտ փաստերը, որոնց վերաբերյալ կառավարությունը այդպես էլ պատասխան չէր տալիս: Հիմա արդեն, Լևոն Զուրաբյանի խոսքով, կառավարությունը պետք է հստակ պատասխաններ տա այդ հարցապնդմանը` դեկտեմբերի 3-ին ԱԺ լիագումար նիստում:

 

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ պետբյուջեի թալանը տեղի է ունենում մինչ հավաքագրումը, դրա անունը կարելի է դնել բյուջեի եկամուտների թալան, և եթե չլիներ այդ թալանը, Հայաստանը կարող էր դառնալ ծաղկող երկիր: Նրա խոսքով` այդ հարցապնդման մեջ արվել են լրջագույն վերլուծություններ` հիմնվելով Համաշխարհային բանկի,  Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների և ՀԱԿ մասնագետների հաշվարկների վրա, ներկայացված են լրջագույն փաստեր, և ՀԱԿ խմբակցությունը սպասելու է պատասխանի, թե ի՞նչ է արել կառավարությունը այդ կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ, ինչպե՞ս է կառավարությունն իր պատասխանը ներկայացնելու հանրությանը:

 

«Թող գան ու պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար: Իհարկե, ակնկալիք չունենք, որ մեկ ակնթարթում նրանք կդառնան ազնիվ մարդ ու պաշտոնաթող կլինեն, բայց մենք, այո, թեժացնում ենք իրավիճակը, անում ենք մի քայլ, որը կմոբիլիզացնի ժողովրդին այդ ավազակների դեմ»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ պետբյուջեի եկամուտների թալանը կազմել է 1,8 միլիարդ դոլար:

 

Հարցապնդման մեջ ներկայացված է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային պատմությունը. անցել է մոտ կես տարի, բայց վարչապետը չի կարողանում ապացուցել, որ ինքը խառնված չէ այդ պատմությանը: Ըստ հարցապնդման հաշվարկների` Տիգրան Սարգսյանի օգուտը այդ օֆշորից կազմել է 1 միլիոն 667 հազար դոլար: Բյուջեի եկամուտների ու ծախսերի թալանը կազմել է տարեկան 2,5 միլիարդ դոլար: Հարցապնդումը ներառել է նաև «Արմավիայի» հետ կապված կոռուպցիոն սկանդալը, երբ կառավարության կողմից ապօրինի հովանավորչության և հանդուժողականության արդյունքում «Արմավիա» ընկերությունը բյուջե չի մուծել 7 միլիարդ 35 միլիոն դրամ:

 

Մյուս կոռուպցիոն սկանդալը ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի ընկերությանն է վերաբերում, քանի որ նա պետական միջոցների հաշվին մեքենաներ է գնել: Ըստ Զուրաբյանի` «Ֆլեշ» ընկերությունից դիզվառելիքի գնումը նույնպես կոռուպցիոն պարզ սխեմայով է արվել: Նա նշեց նաև ապահովագրական ընկերությունների մասին, երբ կառավարության որոշումով նրանք ստացել են 10 միլիարդ դրամ գումար, բայց մատուցել են ընդամենը 4 միլիարդ դրամի ծառայություններ` շահելով 6 միլիարդ դրամ: Այնինչ` կառավարությունն ի սկզբանե կարող էր հաշվարկել այդ ամենը:

 

Հարցապնդման մեջ բարձրացվում է նաև արագաչափերի, ավտոկայանատեղիների ու տեսագրող սարքերի խնդիրը, քանի որ այդ մասնավոր ընկերությունների հավաքած գումարի 70 տոկոսը գերշահույթ է: «Այդ գերշահույթ ունեցողների մեջ կա նաև Սերժ Սարգսյանի եղբայրը, խոսքը գնում է տարեկան 7,8 միլիարդ գերշահույթի մասին»,- ասաց նա:

 

Վերջապես, հարցապնդման մեջ ներառվել է պետական բարձր պաշտոնյաների հայտարարագրած ունեցվածքի հարցը. կա ակնհայտ անհամապատասխանություն հայտարարագրվածի ու այդ պաշտոնյաների իրական ունեցվածքի միջև: «Այդ մարդկանց թվում են Սերժ Սարգսյանը, Սուրիկ Խաչատրյանը, Աղվան Հովսեփյանը, Գագիկ Խաչատրյանը, Արմեն Գևորգյանը, Տարոն Մարգարյանը: Անհնար է, որ նրանք իրենց աշխատավարձով նման հարստություններ կուտակեին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

Հարցին, թե ի՞նչ պետք է անի կառավարությունը, որ բավարարի ՀԱԿ-ի հարցապնդումը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ինքնահրկիզվի»: