կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-12 13:35
Քաղաքական

Եթե չլինեին 22 միլիարդ ներդրումները, 25 միլիարդ կորուստները, 6,5 միլիարդ աշխատավարձը, այսօր այս վիճակը չէր լինի. Ռ. Նազարյան

Եթե չլինեին 22 միլիարդ ներդրումները, 25 միլիարդ կորուստները, 6,5 միլիարդ աշխատավարձը, այսօր այս վիճակը չէր լինի. Ռ. Նազարյան

Այսօր` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն անդրադարձավ այն մեղադրանքներին, որոնք հնչեցրել է ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինն իր հարցրազրույցներից մեկում: Նա էներգետիկ համակարգում առաջացած վիճակի համար մեղադրել է կառավարությանը, քննադատել նրա վարած քաղաքականությունը: Նշենք, որ ՀԷՑ-ի ղեկավարն անհրաժեշտ չի համարել ներկայանալ լսումներին:

Ռոբերտ Նազարյանը նշեց, որ մանրամասն կանդրադառնա Բիբինի հնչեցրած մեղադրանքներին, մնացածը թող պատգամավորները որոշեն` ով է ճիշտ, ով է սխալ: Մասնավորապես` վատ մենեջմենթի հետ կապակցությամբ նա ասաց, որ 2007-2015թթ. ընթացքում ՀԷՑ-ը կատարել է 102 միլիարդ դրամի ներդրումներ, որոնք կոչված էին լավացնել ծառայությունների որակը, կրճատել վթարային վիճակները: «Այդ ներդրումների ժամանակ մոտ 22 միլիարդ դրամ մեր կողմից չի ընդունվել` որպես ներդրում, երկու պատճառով: Այն, որ ներդրումներ կատարելիս ՀԷՑ-ը գնումներ է կատարել ավելի բարձր գներով, քան տվյալ ժամանակահատվածի շուկայական գներն են եղել: Երկրորդ պատճառն այն է եղել, որ ակնկալվող արդյունքները, որոնք պետք է լինեին ներդրումների ժամանակ, մենք չարձանագրեցինք: Եվ չընդունելով այդ 22 միլիարդ դրամը` որպես ներդրում, դա իրենց շահույթի հաշվին է փակվել, սակագնում դա չի արտացոլվել»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

Անդրադառնալով ՀԷՑ-ի փաստացի կորուստներին` նա նշեց, որ 2007-2015թթ. ընթացքում դրանք կազմել են 25 միլիարդ դրամ:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ներկայացուցիչների աշխատավարձերին, Նազարյանը հայտնեց, որ յոթ տարիների ընթացքում իրենց շահույթի հաշվին 6 միլիարդ 500 միլիոն ավելի աշխատավարձ են վճարել, քան նախատեսված է եղել սակագներով:

«Սրանք լրջագույն թվեր են, եթե դրանք չլինեին` 22 միլիարդ ներդրումներ, 25 միլիարդ կորուստներ, 6,5 միլիարդ աշխատավարձ, այսօր այս վիճակը չէր լինի, հավատացնում եմ ձեզ: Կլիներ այն վիճակը, որի մասին հրապարակային խոսում եմ, կլիներ այն 37 միլիարդ դրամը` պայմանավորված սակավաջրության ու ատոմակայանի երկարաժամկետ կանգնելու արդյունքում»,- ասաց Նազարյանը և հավելեց, որ ՀԾԿՀ-ն պարտադրելու է բոլոր արտադրող կայաններին` տարին մեկ անգամ անկախ աուդիտ անցկացնել: