կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-18 18:14
Քաղաքական

Վարչապետի հարցազրույցի ''լինքն'' ուղարկե՞նք, պարո’ն Գաբրիելյան

Վարչապետի հարցազրույցի ''լինքն'' ուղարկե՞նք, պարո’ն Գաբրիելյան

«Ես որեւէ տեղ չեմ կարդացել, որ Մաքսային միությունից հետո գալիս է արժութային միություն. դա ձեր էքստրապոլյացիան է». այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով հրավիրված հատուկ ասուլիսի ժամանակ  հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը:

 

Լրագրողներն ընդամենը հետաքրքրվել էին, թե կենսաթոշակային ֆոնդերի առումով ի՞նչ քաղաքականություն է վարելու կառավարությունը, եթե Հայաստանը փոխի իր արժույթը` նկատի ունենալով, որ, Մաքսային միությանն անդամակցելով, Հայաստանն անցնում է միասնական մաքսային համակարգի, այնուհետեւ` տնտեսական տարածքի եւ այսպես շարունակ, եւ հավանական է նաեւ, որ կլինի նաեւ միասնական արժութային գոտի:

 

Լրագրողների տրամաբանական հարցին աշխատակազմի ղեկավար-նախարարի հնչեցրած պատասխանն առավել քան տարօրինակ է, հատկապես, որ միասնական արժույթին անցում կատարելը իշխանության ներսում, անգամ` մասնավոր զրույցներում, ըստ էության,  չեն հերքում, դեռ մի բան էլ հաստատում են... Իսկ ահա Վաչե Գաբրիելյանը այլ բան է ասում. կա'մ, իրոք, տեղյակ չէ, կա'մ էլ' մեզ է փորձում հիմարի տեղ դնել:

 

Հատուկ Վաչե Գաբրիելյանի համար ուզում ենք ասել, որ կարող է կարդալ իր անմիջական ղեկավարի` վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատական-կարծիքը այդ հարցի վերաբերյալ (խմբ.- կարող ենք «լինքն» էլ ուղարկել):

 

Դեռեւս անցյալ տարի` նոյեմբերի 26-ին ռուսական «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Մաքսային միության հետ Հայաստանի հարաբերություններին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բառացիորեն ասել է. «Ես կարծում եմ` Մաքսային միությունը շատ մոտ է միասնական արժույթին: Դրա համար անհրաժեշտ է  համաձայնեցված դրամավարկային եւ բյուջետային քաղաքականության եւս մոտ 5 տարի: Դա ձեռնտու է ե'ւ Ռուսաստանին, ե'ւ Ղազախստանին, ե'ւ Բելառուսին: Համոզմունք կա, որ այդ երկրների զարգացման մակարդակները նույնն են, նրանք չեն պատրաստվում ապրել ուրիշների հաշվին: Միասնական արժույթը հարմար է թե' տնտեսվարող սուբյեկտներին, թե' քաղաքացիներին. ի՞նչ իմաստ ունի ազգային արժույթը եւ տրանսֆերտների ժամանակ փող կորցնելը...» (թարգմ. Yerkir.am-ի):

 

Բ. Գասպարյան