կարևոր
14830 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-20 17:55
Արցախ Քաղաքական

Այս իշխանությունների ցանկությունն է, որ չլինեն Արցախն ու արցախցին․ Ալյոշա Գաբրիելյան

Արցախի ներկայացուցչությունում տեղի է ունեցել Արցախյան շարժման 36-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Արցախի ԱԺ-ի թե ներկայիս, թե նախկին պատգամավորները, նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը և ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։

Միջոցառման մասին լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։ Նա տեղեկացրել է, որ ելույթով է հանդես եկել Սամվել Շահրամանյանը, որի հիմնական ուղերձն եղել է այն, որ պետք է վերադարձ ապահովենք դեպի Արցախ:

«Ճանապարհները տարբեր են: Ես կարող եմ միայն իմ տեսակետը նշել. Արցախի վերադարձը կպված է հայոց վերածննդի, հայոց զարթոնքի հետ: Առանց հայության զարթոնքի հնարավոր չի լինելու վերադարձ ապահովել:Այդ զարթոնքը լինելու է այն դեպքում, երբ բոլորս միասին կանգնենք, այս իշխանություններին հեռացնենք, որից հետո ճանապարհ կբացվի դեպի Արցախ»,- ասել է Ալյոշա Գաբրիելյանը՝ նշելով, որ աս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախ բառը չհնչի, ամեն ինչ անում են, որ մոռացության տան ոչ միայն Արցախը, այլեւ պատմական մեր հայրենիքը:

Հարցին, թե միջոցառմանը քննարկվել է արդյոք, թե ինչպես հեռացնել ՀՀ իշխանություններին, Գաբրիելյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ոչ, դա իմ տեսակետն է։ Այստեղ հիմնականում շնորհավորանքներ էին, հիշում էինք մեր անցած ուղին, այն սխալները, որոնք տեղի են ունեցել եւ այն ճանապարհը, որով պետք է Արցախը վերադարձնենք: Խոսվել է նաև արցախցիների համայնքի պահպանման, մեր հոգևոր-մշակութային արժեքների պահպանման մասին: Այնպես չանենք, որ ցրվենք, ինչպես ցանկանում են այսօրվա իշխանությունները, որ չլինի Արցախ ու արցախցի»,- նշել է գործիչը:

Նրա փոխանցմամբ՝ անդրադարձ չի եղել նաև Արցախը լուծարելու մասին համանագրին։ «Ոչ, ոչ մի անձ, ինչքան էլ պետական պաշտոնյա լինի, չի կարող հանրաքվեով ժողովրդի կամաարտահայտությանը դեմ գնա»,- ասել է Գաբրիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութ