Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի' անցյալ տարեվերջի հարցազրույցում հնչեցված տեսակետներին' վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ նաեւ մասնագիտական վերլուծությամբ, որի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի հետ:
Շինարարության ոլորտի մասին
- Պարո'ն Մինասյան, Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան փոխադարձ քննադատությունների շրջանակներում որոշակի ձեւակերպումներ ու դիրքորոշումներ եղան շինարարության ոլորտի վերաբերյալ: Տնտեսագիտական առումով` ոլորտի մասին ի՞նչ կարելի է ասել:
- Նախ այն, որ շինարարությունը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը պետք է լիներ եւ շարունակեր այդպիսին մնալ: Դա փաստ է, իրականություն է, եւ օբյեկտիվորեն հիմնավորված է: Այն, որ շինարարությունն իր տեղը զիջեց, առանց տնտեսության այլ ճյուղերի համաչափ զարգացման, սա էլ փաստում է այն մասին, որ իրականացվել է անարդյունավետ տնտեսական քաղաքականություն` 2008 թվականից առ այսօր:
-Այսինքն' ի՞նչ պետք է արվեր:
-Մասնավորապես' եթե շինարարության ոլորտն օբյեկտիվորեն անկում է ապրում` ներդրումների պակասով պայմանավորված, նշանակում է' տնտեսության այլ ճյուղերում պետք է դա փոխհատուցվեր: Դրան նպատակաուղղված քաղաքականությունը պետք է իրականացներ հենց կառավարությունը' նախ թույլ չտալով, որ շինարարության ոլորտը նման ծավալով անկում ապրեր, եւ երկրորդ' պակասող ներդրումների մասով փոխհատուցում իրականացվեր տնտեսության այլ ոլորտներում, որպեսզի անձինք, ովքեր դուրս էին մնում շինարարության ոլորտից, տեղափոխվեին տնտեսության այլ ճյուղեր: Մյուս կողմից' տնտեսության մեջ ՀՆԱ համաչափ աճ արձանագրեր, ինչը չի արվել, եւ դրա ակնհայտ հետեւանքն է եղել այն, որ թե' կենսամակարդակի անկում ենք ունեցել, թե' տնտեսական անկում ենք ունեցել, եւ այս միտումը, ցավալիորեն, շարունակվում է:
Մյուս կարեւոր խնդիրը' վարչապետի հրապարկման մեջ օգտագործվում են հասկացություններ, որոնք, համենայն դեպս, տնտեսագիտական տեսակետից ճիշտ չեն պարզաբանվում: Խոսքը «շինարարական փուչիկ» արտահայտության մասին է: Այդպիսի արտահայտություն չկա եւ չի կարող լինել: Խոսքը կարող է լինել շինարարության ոլորտում ձեւավորված գնային փուչիկի մասին, ինչը թե' տնտեսագիտական, թե' վերլուծական տեսակետից ընկալելի է, բայց շինարարությունն ինքը փուչիկ չի կարող լինել, որովհետեւ սա իրական սեկտոր է, արդյունքը տեսանելի է:
-Բայց, կարծեմ, խոսքը հիփոթեքային փուչիկի մասին էր:
-Եթե խոսքը հիփոթեքային փուչիկի կամ գնագոյացման համակարգի մասին է, ապա սա այլ հարց է, ու միանգամից որակել փուչիկ, մասնագիտական տեսակետից այնքան էլ ճիշտ արտահայտություն չէ: Եթե խոսքը ապրանքների գների գերարժեւորման մասին է, ապա պետք է ուսումնասիրել պահանջարկը' արդյոք պահանջարկը ստեղծե՞լ է այնպիսի պայմաններ, որոնցից դուրս է ձեւավորվել գների արհեստական համակարգը, թե՞, այնուամենայնիվ, պահանջարկի ու գների աճի միջեւ կա ուղիղ կապ: Այս վերլուծությունը ցույց է տալիս, որ այնպես չէ, որ միանշանակ գնագոյացման համակարգն ամբողջությամբ արհեստական է եղել: Այո', եղել է սպեկուլյատիվ պահանջարկ, բայց դա չէր կարող ազդեցության այնպիսի մեխանիզմ դնել գների շուկայի կտրուկ աճի երեւույթի մեջ, որ փուչիկ փչվեր, եւ որի պայթյունն ահաբեկեր մի ամբողջ ոլորտ:
-Տրամաբանությունը հուշում է, որ եթե նույնիսկ փուչիկ է փչվել ու պայթել, ապա այդ պայմաններում գները պետք է անկում ապրեին, եւ եթե գնանկում չի եղել, ապա փուչիկ չի պայթել:
-Այո', խնդիրը հենց դա է: Որովհետեւ եթե մենք օբյեկտիվ վերլուծում ենք պահանջարկի ձեւավորումը, ապա տեսնում ենք, որ այստեղ կա հսկայական ռեսուրս, որը կարող էր պահանջմունքը վերածել պահանջարկի: Իսկ այդ ռեսուրսներից առնվազն մեկը' Սփյուռքի մասնակցությունը Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման մասով, հատկապես` նոր կառուցվող բնակարանների, հսկայական ռեսուրս է: Այլ բան, որ 2008 թվականից հետո, կապված միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, հոսքը նվազեց: Բայց հոսքի նվազման պատճառը միայն ճգնաժամը չէր: Պատճառը նաեւ վարվող անարդյունավետ տնտեսական քաղաքականությունն էր երկրի ներսում, այդ թվում` նաեւ ներդրումների պաշտպանության, սեփականության իրավունքի պաշտպանության, հարկային քաղաքականության տեսակետներից եւ այլն, որոնք բացասաբար անդրադարձան ոլորտի հետագա զարգացումների վրա: Եվ պատճառաբանել, թե իբր այդ' այսպես կոչված, փուչիկը պետք է պայթի, ու զրոյից սկսած` նորից ակտիվների արժեւորում տեղի ունենա, սա հակատնտեսագիտական մոտեցում է, այդպիսի բան չկա աշխարհի եւ ոչ մի երկրում: Ավելին' ցանկացած մարդ կարող է ուսումնասիրել եւ հասկանալ, որ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմնական պատճառն անշարժ գույքի ամերիկյան շուկայի արժեթղթերի գերարժեւորումն էր, որի վերաբերյալ հարգարժան վարչապետն ու շատ այլ տնտեսագետներ հավաստում են, թե Հայաստանում այդպիսի սպառնալիք չկա: Այս տարիների վերաբերյալ նման հետահայաց մեկնաբանություն տալը խոսում է ուրիշ մասնագիտական դաշտի մասին, եւ ավելին' մասնագիտական որեւէ տրամաբանական կապն այստեղ ուղղակի բացակայում է:
Հիփոթեքային շուկայի մասին
-Վարչապետը նշում էր նաեւ հիփոթեքային շուկայի կայունացմանն ուղղված որոշակի քայլերի մասին...
-Ինչ վերաբերում է հիփոթեքային շուկային, ես ուզում եմ հիշեցնել, որ տնտեսական ճգնաժամից անմիջապես հետո մեր արտաքին պարտքը 3 անգամ ավելացավ, որի արդյունքում մեծ միջոցներ ներգրավվեցին հենց ոլորտը պահելու նպատակով: Եվ խոսել, որ 2007 թվականին 49 միլիարդ դրամ հիփոթեքային վարկերը 2013-ին դարձրել են 141 միլիարդ դրամ, եւ դա համարում են մեծ ձեռքբերում, ես չեմ ընդունում այդ մոտեցումը: Նախ' որովհետեւ, ինչպես նշեցի, այդ մեծածավալ միջոցների մի զգալի հատվածը պարզապես ներգրավված չէ տնտեսության մեջ, երկրորդ' մենք այստեղ ունենք շատ լուրջ մասնագիտական մեթոդաբանական խնդիր, որովհետեւ դեռ հարց է, թե ինչպես է դասակարգվում հիփոթեքային վարկերի այն մեծությունը, որի մասին խոսվում է վարչապետի հրապարակման մեջ: Եվ վերջապես, երրորդ կարեւոր հանգամանքը' կարեւոր է ըմբռնել, որ ներկայումս նաեւ շատ առեւտրային բանկեր բիզնեսը վարկավորում են' որպես գրավի միջոց ընդունելով անշարժ գույքը: Սա առանձին դեպքերում կարող է որպես, այսպես կոչված, հիփոթեքային վարկ դիտարկվել, մինչդեռ դրանք բիզնես վարկեր են' դասական ձեւով:
-Հայաստանում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների ձեւավորման հարցի շուրջ ինչպիսի՞ դիտարկում ունեք:
- Տնտեսագիտական կանոն կա' եթե երկրում տոկոսադրույքը բարձր է, նշանակում է' բնակարանների եւ անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը կա'մ նվազում է, կա'մ պահպանվում է նույն մակարդակի վրա: Եթե մենք վերլուծում ենք ու տեսնում, որ, 2003 թվականից սկսած, միջին բանկային տոկոսադրույքը' ոչ թե հիփոթեքային, այլ միջին բանկային տոկոսադրույքը, էական նվազում չի արձանագրել, հետեւաբար` չենք կարող խոսել այն մասին, թե ավելի հեշտացել են պայմանները անշարժ գույքի շուկայում վարկեր վերցնելու կամ բիզնես գործունեություն ծավալելու տեսակետից: 12 տոկոս ձեւավորված տոկոսադրույքը ընդամենը կարճաժամկետ եւ մի քանի կոնկրետ ծրագրերի արդյունք է, որը խեղաթյուրել է տոկոսադրույքների համակարգը:
Իրականում տոկոսադրույքները շատ ավելի բարձր են, եւ ներգրավված միջոցների ու տեղաբաշխված միջոցների միջեւ ձեւավորված տարբերությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ երկրում անհրաժեշտ է ոչ թե ձեւականորեն հայտարարված հիփոթեքային վարկերի մասին խոսել, այլ, ըստ էության, անդրադառնալ այն խնդիրներին, որոնք ձեւավորում են տոկոսադրույքը: Նախ' միջազգային կազմակերպություններից ներգրավված վարկային միջոցները մեծածավալ են եղել, եւ դրանց տոկոսադրույքները, թեեւ հաճախ փոփոխական են եղել, բայց, միեւնույն է, այդ ժամանակահատվածի վերուծությունը ցույց է տալիս, որ 4 տոկոսից ավելի չեն եղել: Իսկ սա նշանակում է, որ պետք է լուրջ վերլուծել, թե ինչքան կարող էր ավելանալ այդ տոկոսադրույքը: Միջնորդների մեծ բանակ կա, ինչպիսիք բանկերը կամ ոչ բանկային ֆինանսական կազմկերպություններն են, որոնք ազդեցություն են թողնում եւ ձեւավորում արհեստական տոկոսադրույք, որն իրականում չի կարող հանգեցնել տնտեսության, առավել եւս` շինարարության ոլորտի զարգացմանը: Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ անվանական 12 տոկոս տոկոսադրույքն իրականում շատ ավելի բարձր է, որովհետեւ ներառված չեն այն հավելյալ ծախսումները, որ կատարում է ցանկացած անձ, ով ցանկանում է բնակարան ձեռք բերել. դրանք ապահովագրական ծախսումներն են, գնահատմանն ուղղված ծախսերը, միջնորդավճարները եւ այլն: Եվ այս ամբողջ համատեքստում չպետք է մոռանալ, որ եթե չի վարվում բարձր եկամտի քաղաքականություն, հիփոթեքի տոկոսադրույքի նման ցուցանիշը չի կարող ապահովել բնակարանի կարիք ունեցող մարդկանց կողմից անհրաժեշտ պահանջարկի ձեւավորումը, իսկ մյուս կողմից' արտադրական ենթակառուցվածքների շինարարության համար չեն ստեղծում անհրաժեշտ պայմաններ:
- Տեսակետ կա, որ շինարարության ոլորտը չի կարող Հայաստանի տնտեսության համար զարգացում ապահովել, քանի որ արտահանելի ոլորտ չէ:
-Դա նույնպես կեղծ թեզ եմ համարում: Որովհետեւ, եթե ուսումնասիրենք Հայաստանի շինարարության հնարավոր պոտենցիալը, ապա տեսնում ենք, որ նվազագույնը 50 տարի այս ոլորտը կարող է եւ պետք է համարվի Հայաստանի տնտեսության ոչ միակ, բայց կարեւոր ճյուղերից մեկը, ինչը, թե', որպես համակարգաստեղծ ոլորտ, կներգրավի տնտեսության մյուս ճյուղերին, թե' նաեւ կապահովի զբաղվածության էական առաջընթաց, աճ: Ասվածի հիմքը հետեւյալներն են` նախ' Հայաստանի բնակարանային ֆոնդի մեծ մասը կառուցված է նախկին ԽՍՀՄ ժամանակներում, եւ դրանք թարմացման խնդիր ունենք: Այսինքն' օբյեկտիվորեն նոր շինարարություն պետք է իրականացվի: Երկրորդ` այո', Ափյուռքի առկայությունը Հայաստանում անշարժ գույքի ձեռք բերման հավելյալ պահանջարկ է ձեւավորում, ի տարբերություն եվրոպական կամ այլ երկրների: Երրորդ կարեւոր հանգամանքը' արտադրական ենթակառուցվածքները, որոնք ձեւավորված են, կարիք ունեն անընդհատ թարմացման, վերանայման, իսկ Հայաստանում այդպիսիք շատ-շատ են, որոնք խորհրդային տարիներին կառուցվել են եւ վերափոխվում են այլ պրոֆիլի ենթակառուցվածքների: Եվ վերջապես չորրորդը ճանապարհաշինությունն է, որ ուզենք, թե չուզենք, Հայաստանի պայմաններում ճանապարհաշինությունը կարող է եւ պետք է շինարարության նկատմամբ ստեղծի շատ լուրջ պահանջարկ: Այս ամենը հաշվի առնելով' պետք է արձանագրել, որ Հայաստանի տնտեսության մեջ շինարարության ոլորտը կարեւոր ճյուղ պետք է համարել եւ պետք է համարվի այսուհետ եւս: Ու այն որեւէ ձեւով արհեստական նվազեցնել' նպատակ ունենալով, իբր, դիվերսիֆիկացնել տնտեսության ամբողջ կառուցվածքը, կեղծ թեզ է: Որովհետեւ տնտեսության մյուս ոլորտներն էլ պետք է անհրաժեշտ խրախուսման համակարգով զարգանան եւ գան ու մրցակցեն շինարարության ոլորտի հետ, այլ ոչ թե փորձ արվի արհեստականորեն կրճատել շինարարությունը, որպեսզի մյուս ոլորտները տեսակարար կշռով մեծ լինեն: Այդ թեզերը պարզապես չեն կարող տնտեսագիտական որեւէ քննադատության դիմանալ:
Վարչապետի վերլուծության մասնագիտականության մասին
-Ի մի բերելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին վարչապետի արձագանքների արդյունքները` ինչպիսի՞ եզրակացության կարող ենք հանգել:
-Նախ' վարչապետի եզրահանգումների մեջ մի քանի անհասկանալի հաստատումներ կային, որոնք առաջին անգամ եմ ես լսում պաշտոնատար անձի կողմից: Մասնավորապես' տնտեսության անկումը' 18.5 տոկոս. այն, որ Հայաստանի շինարարության ոլորտը եղել է փուչիկ, եւ այդ փուչիկը պայթել է, եւ միջազգային շատ տնտեսագետներ դա համարում են անարդյունավետ մեխանիզմ... Սրանք տնտեսագիտության հետ, ըստ էության, կապ չունեն: Ինչ վերաբերում է պարոն վարչապետի արտահայտած վերջնական դիրքորոշմանը, որ տնտեսությունը դիվերսիֆիկացվել է, ապա դա այդպես չէ, եւ արտագաղթի տեմպերը, պետության նկատմամբ հասարակության անտարբեր վերաբերմունքը ցույց են տալիս, որ վարվող քաղաքականությունը, այնուամենայնիվ, եղել է անարդյունավետ: Ժան Ժակ Ռուսոն է ասել այս միտքը' որպեսզի դատեք, թե որ կառավարությունն է լավը, նայե'ք նրա կառավարման ժամանակահատվածին' եթե բնակչությունը շատացել է, բարեկեցությունը բարձրացել է, ուրեմն դա ամենալավ կառավարությունն է: Իսկ եթե կառավարման ժամանակ նվազել է բնակչության թիվը, մարդիկ հիասթափվել ու հեռացել են, նշանակում է' այդպիսի կառավարությունն ամենավատ կառավարություններից մեկն է: Վարչապետի այդ հարցազրույցի պատասխանը, ըստ էության, տվել է Ժան Ժակ Ռուսոն' դեռեւս 3 դար առաջ:
-Վարչապետն իր անդրադարձը որակել էր որպես մասնագիտական վերլուծություն' թվերով, արդյո՞ք դա մասնագիտական վերլուծություն էր:
-Ես չեմ կիսում այդ տեսակետը, սա կարող է լինել մասնագիտական հպանցիկ վերլուծություն, այն էլ` էական բացթողումներով եւ ոչ համարժեք մեկնաբանություններով: Ես այդպես կբնութագրեմ: Գուցե վարչապետի մոտեցումը հիմնված է եղել այլ ցանկություններ բավարարելու սկզբունքի վրա, օրինակ' ոչ թե մասնագիտական լեզվով խոսել, այլ հանրային-հասարակական, պատկերավոր արտահայտված, մատչելի լեզվով ներկայացնել, բայց, կարծում եմ, դա էլ չի ստացվել:
Հարցազրույցը' Գեւորգ ԱՎՉՅԱՆԻ