կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-12 14:25
Իրավական

Խոշտանգված Գ. Վիրաբյանի գործն ուղարկե՞լ նոր քննության, թե՞ ոչ. կորոշի առաջին ատյանի դատարանը

Խոշտանգված Գ. Վիրաբյանի գործն ուղարկե՞լ նոր քննության, թե՞ ոչ. կորոշի առաջին ատյանի դատարանը

Ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հետապնդված և ոստիկանների կողմից խոշտանգված, ներկայումս Բելգիայում բնակվող Գրիշա Վիրաբյանի գործն այսօր քննվեց Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ:

 

2012 թվականի հոկտեմբերի 2-ին Եվրադատարանի կողմից ընդունված վճռով հաստատվել է Գ. Վիրաբյանի հանդեպ խոշտանգումներ կատարելու, ինչպեսև նրա անմեղության կանխավարկածի և արդար դատաքննության իրավունքների խախտումը և որոշվել` գործն ուղարկել վերաքննության:  ՀՀ-ին պարտավորեցրել են` Գ. Վիրաբյանին 31 հազար եվրոյի փոխահատուցում տալ դատական ծախսերի և խախտված իրավունքների համար:

 

2004 թվականին Գ. Վիրաբյանը` որպես ՀԺԿ անդամ և Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ, մասնակցել է ցույցերի, ինչի պատճառով նրան ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժին են կանչել: Այստեղ Վիրաբյանին խոշտանգել են, փորձել ինչ-որ ցուցմունքներ կորզել, ինչի հետևանքով նրան առողջական լուրջ վնաս է հասցվել, հեռացվել է օրգաններից մեկը:

 

Վիրաբյանը մի շարք հրապարակումներում պնդել է, որ իրեն խոշտանգող ոստիկաններից է եղել  Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ ԿարապետյանըՎիրաբյանը դատախազությունից պահանջել էր քրեական գործ հարուցել իրեն  խոշտանգելու համար, սակայն պահանջը գրավոր մերժվել է: Մերժումը հայաստանյան բոլոր ատյաններում բողոքարկվելուց հետո նա դիմել էր Եվրադատարան:

 

Վիրաբյանի շահերը ներկայացնող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն այսօր ներկայացրեց բողոքի պահանջը, այն է` դեռևս 2005 թվականին դատախազի կողմից Վիրաբյանին խոշտանգելու մասով գործը կարճելու որոշումն անհիմն ճանաչել և ուղարկել պատշաճ նախաքննություն կատարելու:

 

Ա. Զեյնալյանի խոսքով` Եվրադատարանի կողմից դիմումի բավարարումը չի ենթադրում, որ գործի քննությունն ավարտվել է, և Հայաստանի կողմից փոխահատուցման վճարումը չի նշանակում դատական ակտի կատարում: Եթե միայն փոխահատուցում տալով լիներ` ապա երկրները կխախտեին մարդկանց իրավունքները և միայն փոխհատուցում կտային:

 

«Եվրադատարանի որոշմամբ հաստատվել է, որ արդար քննություն չի կատարվել: Եվ Հայաստանը պարտավոր է կատարել այդ քննությունը: Եթե դա չկատարվի, ապա Գ. Վիրաբյանի իրավունքների խախտումը կշարունակվի»,- ասաց Ա. Զեյնալյանը:

 

Դատախազ Հայկ Մովսիսյանը բողոքը բավարարելու դեմ առարկություններ չուներ: Նա նշեց, որ համամիտ է Վիրաբյանի պաշտպանների հետ, որ գործը պետք է ուղարկել նոր քննության` համաձայն Եվրադատարանի որոշման, հատկապես, որ Հայաստանը միացել է Եվրակոնվենցիային, և Եվրադատարանի որոշումների կատարումը Հայաստանի կողմից պարտադիր է:

 

Դատարանը կողմերի դիրքորոշումները լսելուց հետո գործի քննությունը համարեց ավարտված և անցավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտի հրապարակումը կլինի մայիսի 22-ին: