կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-18 13:35
Առանց Կատեգորիա

ՄՄ պոտենցիալ անդամներին գայթակղում են ոչ թե քաղցրավենիքով, այլ քշում մահակով. Ալեքսանդր Բոժկո

ՄՄ պոտենցիալ անդամներին գայթակղում են ոչ թե քաղցրավենիքով, այլ քշում մահակով. Ալեքսանդր Բոժկո

Yerkir.am-ը բացառիկ զրույց է ունեցել ՀՀ-ում Ուկրաինայի առաջին արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ Հայաստանի՝ Մաքսային միությունում ընդգրկվելու, ինչպես նաեւ Ուկրանիայի` ՄՄ-ին անդամակցելու հնարավորության վերաբերյալ:

 

-Պարո'ն Բոժկո, վերջին օրերին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի արտաքին քաղաքականության վեկտորը կտրուկ փոխվում է դեպի Ռուսաստան: Ճիշտ է, պաշտոնական որոշում դեռ չկա, սակայն հավանականությունը, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կհետաձգվի մինչև 2015թ., շատ մեծ է: Որպես հիմնական պատճառ` նշում են այն կորուստները, որոնք Ուկրաինան կունենա Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունից հրաժարվելու դեպքում: Ձեր կարծիքով` դա միա՞կ պատճառն է: Եվ, առհասարակ, Ուկրաինան 2015թ.-ին կստորագրի՞ այդ պայմանագիրը, թե՞ ՄՄ-ին միանալու կտրուկ որոշում կկայացնի:

- Այո, վերջին օրերին շատերը նշում են, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա գործադրած աննախադեպ ճնշումը, որը նպատակ ունի ստիպել երկրին հրաժարվել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից, սկսում է արդյունք տալ: Եվ թեեւ բանակցային գործընթացը դեռ շարունակվում է, բազմաթիվ իշխանամետ ուկրաինացի քաղաքական գործիչներ (խոսքն իշխանամետ գործիչների մասին է) առաջարկում են հետաձգել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Որպես պատճառ` նշվում է, որ ուկրաինացի արդյունահանողների համար ավանդական շուկայից հրաժարվելը և ուկրաինական գործարաների ինտեգրումը եվրոպական տնտեսական տարածությանը անչափելի թիվ կարժենա՝ 160 մլրդ դոլար: Այդ վտանգը, իրոք, կա, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը տնտեսական շրջափակմամբ է սպառնում Ուկրաինային: Սակայն այդ պոտենցիալ վտանգները վաղուց էին հայտնի և չէին խանգարում մեր իշխանություններին` ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու պատրաստակամություն հայտնել: Սակայն, երևում է ՝ Յանուկովիչը ամեն դեպքում որոշել է չվտանգել իր իշխանությունը հանուն եվրոպական բարեփոխումների, այլ շարունակել հավասարակշռություն պահպանել Արևմուտքի և Արևելքի միջև:

 

Ամենայն հավանականությամբ, այդ անորոշությունը կպահպանվի մինչև վիլնյուսյան գագաթաժողովը, որտեղ և' ԵՄ-ն, և' Ուկրաինան կփորձեն պահպանել իրենց դեմքը ինչ-որ փոխզիջումային ձևակերպումների միջոցով: Ես, իհարկե, կցանկանայի, որ այդ փաստաթուղթը ստորագրվեր: Այն շատ կարեւոր է մեր ապագայի համար, բացի այդ` եվրոպացիները չափից շատ ժամանակ են ծախսել ուկրաինական իշխանությունների հետ աշխատանքի վրա, որոնց, ինչպես վատ ուսանողներին, ժամանակը չբավականացրեց քննությունից առաջ:

 

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Եվրոպան, իր հերթին, թերագնահատում է այն բարդությունները, որոնք սպառնում են Ուկրաինային եվրաինտեգրման դիմաց: Ուկրաինային խոստանում են ընդամենը 800 մլն եվրո, այն էլ` մի քանի տարվա ընթացքում: Այդ թիվը, իհարկե, չի կարող փոխհատուցել հնարավոր ֆինանսական կորուստները:

 

Ինչ վերաբերում է Ուկրաինայի` ՄՄ-ին մինանալուն, ապա դա քիչ հավանական է, քանի որ երկրի եվրաինտեգրման կուրսը ամրագրված է Գերագույն ռադայի ընդունած` «Ուկրաինայի արտաքին քաղաքականության հիմքերը» փաստաթղթում, և Ռեգիոնների կուսակցությունը հենց այդ ծրագրով է ընտրություններին մասնակցել:

 

- Պարո'ն Բոժկո,  հետաքրքիր է նաև իմանալ, թե ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու և այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ: Ըստ Ձեզ` ի՞նչ է սպասվում Ղարաբաղին:

- Ես ենթադրում եմ, որ ԼՂ-ի հետ կապված հարցերը, Ռուսաստանի՝ Երևանին եվրաինտեգրման կուրսից ստիպողաբար հետ պահելու շահագրգռվածության ֆոնին, հաշվի են առնվել Հայաստանի նախագահի՝ սեպտեմբերի 3-ին կայացրած որոշման ժամանակ: Հնարավոր է՝ պայմանավորվածության մանրամասները չեն հրապարակվում՝ Ադրբեջանի գերզգայուն արձագանքով պայմանավորված, որի հետ Ռուսաստանը նույնպես աշխատում է սահմանել գործընկերական հարաբերություններ: Ամեն դեպքում` մոտ ժամանակներս Ղարաբաղը եվրասիական ինտեգրման գործընթացներում ներգրավելու հարցը կպարզաբանվի՝ Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու հետ կապված անհրաժեշտ գործընթացների ժամանակ:

 

- Պաշտոնական Երեւանին, կարծես, արդեն ակնարկվել է, որ  ՄՄ-ին անդամագրվելու ցանկությունն այդպես էլ կմնա ցանկություն` հենց Արցախի հարցի հետ կապված: Կարծում եմ հասկացաք, որ խոսքս Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակված հեռուստառեպորտաժի մասին էր:

- Դա ևս վկայում է ՄՄ-ի չափանիշների ոչ ճշգրտության մասին, որտեղ հաճախ զուտ տնտեսական հարցերի քննարկման ժամանակ հաղթում է քաղաքականությունը, և երրորդ պետությունների արտադրանքի՝ մաքսային տարածություն մուտք գործել թույլատրող սանիտարական և այլ նորմեր որպես մահակ են կիրառվում քաղաքականապես ոչ ընդունելի գործընկերների դեմ:


- Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց Թուրքիայի՝ ՄՄ-ին միանալու ցանկության մասին: Ձեր կարծիքով` դա լո՞ւրջ է, թե՞ միայն փորձ է արվում վախեցնել ԵՄ-ին՝ կարծիք ստեղծելով, թե երկրի քաղաքական վեկտորը կարող է փոխվել դեպի ՄՄ, դեպի Ռուսաստան:

-Անկեղծ ասած` ես դեռ չեմ հանդիպել որևէ փաստաթղթի, որը կապացուցեր Թուրքիայի այդ ցանկությունը` չնայած հարևան պետության այս հետաքրքրությունը հասկանալի է: Սակայն պետք չէ մոռանալ, որ այդ դեպքում Թուրքիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը նույնպես կարող են չհամընկնել, նույնիսկ՝ հակասել միմյանց, քանի որ թուրքալեզու պետություների մեջ Թուրքիան իրեն նույնքան առաջնորդ է զգում, որքան Ռուսաստանը՝ հետխորհրդային երկրների: Իսկ քանի որ ՄՄ-ի ստեղծման հիմքում ընկած է Վլադիմիր Պուտինի՝ ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքում ուժեղացնելու, այդ թվում` «ռուսական աշխարհը» Եվրոպային և եվրոպական արժեքներին հակադրելու ցանկությունը, Թուրքիան, որը քաղաքական և տնտեսական առումով կապված է Արևմուտքի հետ, ինձ թվում է, դժվար միանա ՄՄ-ին: Իսկ Նազարբաևի վերոհիշյալ հայտարարությունը նախատեսված է ոչ այնքան ՄՄ-ի համար, որքան ԱՊՀ լսարանի, որպեսզի ներկայացուցչականություն հաղորդվի մի կառույցի, որի պոտենցիալ անդամներին սպիպված են լինում գայթակղել ոչ թե քաղցրավենիքով, այլ, ինչպես տեսնում ենք, մահակով քշելով:

 

-Ձեր կարծիքով` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ո՞վ որոշիչ դեր կխաղա` Ռուսաստա՞նը, թե՞, այնուամենայնիվ, Արևմուտքը կամ ԱՄՆ-ը:

- Դատելով Ռուսաստանի` իր հարավկովկասյան գործընկերների վրա ճնշում գործադրելու քաղաքականությունից, ինչը մենք տեսնում ենք վերջին ժամանակներս, նա հետագայում ևս մտադիր է դիտարկել այդ տարածաշրջանը որպես իր հատուկ շահերի գոտի: Հարավային Կովկասում նման ազդեցություն ունենալով՝ Ռուսաստանը, անկասկած, կարող է որոշիչ դեր խաղաղ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Սակայն կարծում եմ, որ նման հարցերում Ռուսաստանը առաջին հերթին կառաջնորդվի իր ազգային շահերով, որոնք միշտ չէ, և դա բնական է, որ համընկնում են տարածաշրջանի երկրների շահեր հետ:

 

Զրուցեց Անի Սահակյանը