Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու մեխանիզմները, որոնք մշակել է կառավարությունը, կարող են բարելավել ժողովրդագրական իրավիճակը և կրճատել մայրաքաղաքի ու մարզերի զարգացման անհավասարակշռությունը։ Պարսյանը նշում է, որ մարզերում ծնելիության մակարդակը զգալիորեն զիջում է Երևանի համապատասխան ցուցանիշներին, այդտեղից էլ առաջանում է երկրի անհամաչափ զարգացման խնդիրը։
«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին արտագաղթի և գործազրկության պատճառով մարզերում ժողովրդագրական իրավիճակը մշտապես վատանում է։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ ավելանում է ուշ ամուսնությունների թիվը։ Կառավարության ծրագիրը, այլ մեխանիզմների հետ մեկտեղ, իրավիճակը բարելավելու նպատակ ունի»,-ասում է Պարսյանը։
Մասնավորապես այն փաստը, որ մինչև 25 տարեկան ծնողները երեխայի ծննդյան դեպքում ավելի խոշոր օգնություն կստանան, պետք է որ լրացուցիչ խթան դառնա ավելի վաղ ամուսնությունների համար։
Վարկ տալը քիչ է
Միաժամանակ, Պարսյանը հակված չէ մտածել, որ աջակցության քննարկվող միջոցառումները ժողովրդագրական խնդիրների և բնակարանային հարցի լուծման ունիվերսալ միջոցներ են։
Հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ երիտասարդների ցածր վճարունակությունը։ Եվ որքան էլ պետությունը գայթակղիչ հիփոթեքի ցածր տոկոսադրույքներով կամ կանխավճարի սուբսիդավորմամբ, մարդիկ պետք է գոնե կայուն միջին եկամուտ ունենան, որպեսզի կարողանան մինչև վերջ կրել հիփոթեքային բեռը։
«Երկու երեխա ունեցող երիտասարդ ընտանիքը պետք է ամսական 500-600 հազար դրամ եկամուտ ունենա, որպեսզի բանկը նրանց վճարունակ ճանաչի և վարկ տա։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ Հայաստանում այդպիսի ընտանիքները շատ քիչ են, հատկապես՝ մարզերում։ Բացի այդ՝ շատ հաճախ այդ ընտանիքները նաև այլ վարկային պարտավորություններ ունեն, ինչն արդեն նվազեցնում է հիփոթեք ստանալու հավանականությունը»,-ասում է Պարսյանը։
Այս իրավիճակում պետությունը պետք է աշխատավարձերի բարձրացմանն ուղղված քաղաքականություն վարի (հիմա միջին աշխատավարձը մոտ 185 հազար դրամ է, հարկերը հանած՝ 143 հազար դրամ) և ինքն էլ օրինակ ծառայի։
Պետական հաստատությունների աշխատակիցները, հատկապես՝ միջին և ցածր օղակներում, տարիներ շարունակ նույն աշխատավարձն են ստանում։ Պարսյանի խոսքով` հիմա փորձում են իրավիճակը փոքր-ինչ շտկել պարգևավճարների հաշվին, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանից շահում են հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաները։ Հենց այդ պատճառով էլ կառավարությունը պետք է ավելի ընտրողական, հասցեագրված քաղաքականություն իրականացնի։
Աշոտ Սաֆարյան