կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-18 16:55
Քաղաքական

Պոտենցիալ ներդրողները պետք է գործողություններ տեսնեն, այլ ոչ` փաստաթուղթ. Արծվիկ Մինասյան

Պոտենցիալ ներդրողները պետք է գործողություններ տեսնեն, այլ ոչ` փաստաթուղթ. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ բյուջեն ընդամենը արտացոլումն է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի, որը պատգամավորը որակեց «խայտառակ վիճակ»:

Ըստ Արծվիկ Մինասյանի` այս վիճակը նաև մարտահրավերներն է հստակեցնում, և եթե անկեղծ ու անմիջական քննարկման առարկա չդառնան դրանք, հնարավոր չի լինի գտնել ելքեր: 

«Բյուջեի նախագիծը ցույց է տալիս, որ երկրի մակրոտնտեսական վիճակն անկայուն է, և որ գնաճի զսպման արդյունավետ համակարգ երկրում չի գործում, ֆինանսական շուկաները բավարար կայացած չեն, որ ստվերային տնտեսությունը և կոռուպցիան շարունակում են խժռել երկրի տնտեական վիճակը: Եվ այդ ամենը արտահայտվում է գործազրկության, աղքատության, արտագաղթի ցուցանիշների մեջ: Պետք է ելքեր գտնել, մեկ լեզվով քննարկում կազմակերպել, ինչը, ցավոք, չի ստացվում: Կառավարության անդամները գովաբանում են ձեռնարկված գործողություները, բայց երբ գալիս է արդյունքի պահը, տեսնում ենք, որ դրական բաներ չունենք: Խոսվում է ներդրումների հայեցակարգի մասին, բայց չի խոսվում` այդ փաստաթուղթը կյանքի կոչելու համար ինչպիսի խոչընդոտներ կան»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ պոտենցիալ ներդրողները պետք է գործողություններ տեսնեն, այլ ոչ՝ փաստաթուղթ:

«Եթե մենք իրար հետ չստեղծենք բազմակենտրոն, մրցունակ պետության հայեցակարգ, մենք դատապարտված ենք այս ձևով խոսելուն: Երբեք ավանտյուրիստական տնտեսական առաջարկներին ընթացք մի տվեք այն բանի համար, որ ձեզ սիրաշահեն կամ չքննադատեն»,- կառավարությանը դիմելով` ասաց պատգամավորը: