կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 02:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրաքվեի դնել ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու, ոչ թե Սահմանադրությունը փոխելու հարցը․ Հովհաննես Քոչարյանը ելք է առաջարկում փակուղուց

Կարելի է հանրաքվեի դնել միանգամից ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու կամ նրանց պաշտոնավարումը կրճատելու հարցը՝ առանց Սահմանադրության մեջ փոփոխություն անելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրավագետ, նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ այլընտրանքային լուծում առաջարկելով ՍԴ 7 անդամից ազատվելու համար իշխանության նախաձեռնած Սահմանադրական փոփոխություններին։

«Սա իմ անձնական կարծիքն է, ես չեմ ուզում բարձրագույն ճշմարտության հավակնել, բայց հնարավոր է առանց Սահմանադրության տեքստում փոփոխություններ անելու Հայաստանում այս թնջուկը լուծել հանրաքվեով։ ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու կամ  նրանց պաշտոնավարումը կրճատելուն ժողովուրդը համաձա՞յն է, թե՞ համաձայն չէ»,-ասաց նա։

Հակառակ դեպքում, Հովհաննես Քոչարյանի դիտանկյունից, ԱԺ-ում քննարկված օրինագծի հակասահմանադրականությունն ակնհայտ է․ «Եթե Սահմանադրական փոփոխություններ եք նախաձեռնում և փոփոխությունների տեքստի վերաբերյալ ՍԴ-ն եզրակացություն չի տալու, դա ընթացակարգի խախտում է։ Եվ եթե դրա արդյունքում ծնվելու է նոր Սահմանադրական դատարան, ապա ոչ լեգիտիմության պիտակը կկպչի նաև այդ ՍԴ-ին, այսինքն՝ դա տանում է փակուղի»։

ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման հարցով հանրաքվե նախաձեռնել կարող է Ազգային ժողովը․ Մայր օրենքը թույլատրում է այդ հարցով հանրաքվե նախաձեռնել։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե ժողովուրդը կողմ արտահայտվի ՍԴ անդամների լիազորությունների դադարեցմանը, ապա գործող Սահմանադրության տեքստի հետ անհամաձայնություն կառաջանա։ Բայց Հովհաննես Քոչարյանն այստեղ խնդիր չի տեսնում․ ըստ նրա՝ կարող է գերակա համարվել հենց ժողովրդի հանրաքվեի արդյունքով ընդունված իրավանորմը։

«Այո, հանրաքվեի դրվող հարցը հակասելու է Սահմանադրության տեքստին, բայց քանի որ ընդունման ընթացակարգը, ձայների քանակությունը երկու դեպքում էլ նույնն է՝ Սահմանադրության տեքստի ընդունման և այս բանաձևի ընդունման, ապա խնդիրը պետք է հետևյալ հարցի շուրջ արդեն լուծում ստանա՝ որ տեքստին տանք առավելություն՝ նախորդ Սահմանադրություն տեքստին, թե նոր ընդունված տեքստին․ կարող է առավելություն տրվի հենց վերջին տեքստին»,-պարզաբանեց Հովհաննես Քոչարյանը։

ՍԴ կազմից ամեն գնով ազատվելու հարցում նորմալ ոչինչ չկա՝ համարում է Հովհաննես Քոչարյանը, բայց նաև արձանագրում, որ եթե իշխանության թևերի միջև կա վեճ, այդ խնդիրը քաղաքական օրակարգից դուրս չի գալու․ «Իսկ մենք ունենք վեճ՝ տարօրինակ վեճ է, ոչ ստանդարտ վեճ է, ֆունկցիոնալ վեճ չէ, այս մարմինների սահմանադրական լիազորությունների հետ կապված վեճ չէ, բայց քաղաքական վեճ կա․ այդ քաղաքական վեճին ինչքա՞ն պետք է մեր հասարակությունը պատանդ մնա կամ պետական ապարատը պատանդ մնա, այդ վեճը պետք է լուծվի և հանրաքվեն ամենագերադասելի մեխանիզմն է»։

Կարևոր է, որ իշխանության ճյուղերի հակակշռման և փոխզսպման մեխանիզմները պահպանվեն և այս հարցում ամեն ինչ կախված է նրանից, թե ովքեր են լինելու ՍԴ նոր անդամները․ «Եթե այնտեղ եղան քաղաքական հստակ երանգավորում ունեցող անձնավորություններ, իհարկե, մենք ոչ մի խնդիր չենք լուծելու, իսկ եթե ունեցանք անկախ մտածողությամբ իրավաբաններ, քաղաքական իշխանության հետ կապվածություն չունեցող և քաղաքական հստակ կողմնորոշում չունեցող մարդիկ, միգուցե իրավիճակը այլ լինի․ անձինք շատ բան ենք որոշում»։

Նախկին տարբեր պաշտոնյաների բերման ենթարկելու, որոշ ժամանակ պահելու և հանցակազմի բացակայության հիմքով ազատ արձակելու՝ վերջին շրջանում ակտիվացած պրակտիկան, ըստ Հովհաննես Քոչարյանի, խնդրահարույց է քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից․ օրենսդիրը հստակ է նշել, թե որոնք են բերման ենթարկելու կամ խուզարկելու հիմքերը․ օպերատիվ տվյալները, ահազանգը,  ամեն մի անանուն հաղորդում հիմք չեն այս գործողությունների համար։

Բացի այդ, անգամ ասֆալտին փռելու մասին վարչապետի հրապարակային հրահանգը, ըստ Հովհաննես Քոչարյանի, իրավապահները չպետք է ուղիղ իմաստով ընդունեն։

«Քաղաքական գործիչները, այդ թվում վարչապետը, իրենց արտահայտությունների մեջ կարող են շատ զգույշ չլինել, բայց ամեն ինչ կախված է նրանից՝ իրավապահ համակարգը ի՞նչ մեսիջ է ստանում։ Ես վարչապետի փաստաբանը չեմ, բայց հիմա հայտարարություն արեց՝ պիտի բառացի՞ հասկանան․․․ լավ է՝ ուրիշ բան չի ասում, որ ասի՝ ա՞յդ էլ են անելու»,-տարակուսեց նա։

Ցանկացած հրաման պիտի կատարվի ստեղծագործաբար և առանց մարդկության դեմ մեղանչելու՝ վստահ է Հովհաննես Քոչարյանը, օրինակ՝ ասֆալտին փռելու հրամանը կարելի է հասկանալ որպես պրոֆիլակտիկ աշխատանքների ուժեղացում, կամ օպերատիվ սուղ միջոցների կենտրոնացում կոնկերտ անձանց ուղղությամբ, կամ ակտիվացում բացահայտման աշխատանքներում․ «Բայց երբ որ ուղիղ են հասկանում, խնդիր է առաջանում՝ վարչապետի՞ խոսքն էր վտանգավոր, թե՞ հասկացողի գործողությունները»։

Ոստիկանության՝ վարչապետի ենթակայության ներքո գործելու մոդելի պարագայում վարչապետը պետք է նաև Ոստիկանության կառավարման քաղաքական պատասխանատուն լինի․ Հովհաննես Քոչարյանի համար դժվար է պատկերացնել, որ Ազգային ժողովը հարցեր ուղղի վարչապետին ոստիկանական համակարգի կառավարման արդյունավետության մասին, վարչապետի վրա նման գործառույթ դրված էլ չէ։ Այս նկատառումով՝ նա ճիշտ է համարում, որ Ոստիկանությունը գործի նախարարության ենթակայության ներքո,  որտեղ զուգակցվեն տեխնոկրատ՝ ոստիկանապետի գործառույթը և նախարարի՝ քաղաքական պատասխանատուի գործառույթը։

Իր մասնագիտական այս դիրքորոշումն արտահայտելու համար պաշտոնանկ արված փոխոստիկանապետն այժմ փաստաբանական գործունեությամբ է զբաղվում։ Ամենաաղմկահարույցը, որով փաստաբանական ծառայություն է իրականացնում, Ռազմիկ Աբրահամյանի գործն է։

Հովհաննես Քոչարյանը վստահեցնում է, որ Ռազմիկ Աբրահամյանի շուրջ հյուսվող պատմությունն ու նրան առաջադրված մեղադրանքը միմյանց հետ աղերսներ չունեն։ Իր պաշտպանյալի հետ կատարվողը քաղաքական հետապնդում որակել չի շտապում, բայց ասում է՝ ինչ-որ տեղից նրա նկատմամբ քաղաքական արշավ է սկսվել։ Հորդորում է հարգել Ռազմիկ Աբրահամյանի արդար դատաքննության իրավունքն ու անմեղության կանխավարկածը։

Վարչապետը կառավարության նիստին Ռազմիկ Աբրահամյանին էլ չխնայեց։ Թեև Հովհաննես Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանը զգույշ էր ձևակերպումներում, բայց միայն այն հանգամանքը, որ գործը նրան զեկուցվեց որպես դարի բացահայտում, շատերի մոտ համոզմունք ձևավորեց, որ մեղադրանքը հաստատված է։ Իրենք՝ փաստաբանները, կաշկանդվեցին, որ այդ ամենը ազդելու է նաև դատարանների վրա, բայց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից պարզ դարձավ, որ չի ազդել և դատարանները կարողանում են հանրային կարծիքի ճնշումներից զերծ մնալ․ Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էլ կալանքի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․